Ամիսներ տևած բանակցություններից հետո, ամերիկացի սենատորներն այս շաբաթվա վերջին պետք է քվեարկեն 118 միլիարդ դոլար կազմող երկկուսակցական նախագծի վերաբերյալ, ուր ներառված են ԱՄՆ սահմանների անվտանգության և Ուկրաինայի ու Իսրայելի համար նախատեսված աջակցության կետերը: Անգամ եթե օրինագիծն ընդունվի Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի կողմից, քիչ հավանական է համարվում, որ այն կստանա ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան հավանությունը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են։
Առաջին անգամ՝ նախորդ մեկ տասնամյակի ընթացքում, ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ օրենսդրությունը կարող է փոփոխության ենթարկվել, որի վերաբերյալ այս շաբաթվա վերջին Կոնգրեսում քվեարկություն է նախատեսված: Սենատում բանակցություններ էին․ Ուկրաինային օգնություն տրամադրելու դիմաց՝ հանրապետականները պահանջում էին խստացնել ԱՄՆ ապաստանի համակարգն ու ամրապնդել սահմանային անվտանգությունը:
Your browser doesn’t support HTML5
«Լրացուցիչ [այս] փաթեթը Կոնգրեսի համար իրական հնարավորություն է վերջապես անդրադառնալ Ամերիկայի սահմաններին և առաջընթաց գրանցել ավելի արդյունավետ և ապահովված համակարգի ստեղծման ուղղությամբ: Այն կնվազեցնի ապաստան ստանալու գործընթացում առկա և տարիներ տևող ձգձգումը` միաժամանակ ապահովելով արդար արդյունքներ»,- ասում է Սենատի մեծամասնության ղեկավար, դեմոկրատ Չակ Շումերը:
Օրինագծի համաձայն, կընդլայնվի ներգաղթյալների կալանքի համար նախատեսված բանտախցերի հնարավորությունը՝ 34 հազար մարդուց հասնելով 50 հազարի: Օրինագիծը վերացնում է ապաստան հայցելու ընթացքում Միացյալ Նահանգներում
մնալու թույլտվության պրակտիկան և իրավունք է տալիս ԱՄՆ-ին փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե նախորդ յոթ օրերի ընթացքում ամերիկյան սահմանը օրական հատել են առնվազն 5 հազար միգրանտներ, կամ մեկ օրվա ընթացքում՝ առնվազն 8 500 միգրանտ։ Ըստ օրինագծի, 60 միլիարդ դոլար կհատկացվի Ուկրաինային, 14 միլիարդ դոլար՝ Իսրայելին, ինչպես նաև օգնություն Հնդկական-Խաղաղօվկիանոսյան երկրներին՝ չինական հնարավոր ագրեսիայի դեմ պայքարելու համար: Եթե օրինագիծն ընդունվի, ապա նաև 10 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն կհատկացվի Հորդանան գետի Արևմտյան ափին, Գազային և Ուկրաինային:
«Երկար եմ խոսել ամերիկյան ուժային կարողության մեջ ներդրումներ կատարելու հրատապ անհրաժեշտության մասին, և սկսել ցույց տալ մեր հակառակորդներին, որ աշխարհի առաջատար գերտերությունը մտադիր է նորից գործել նման կերպ: Իմ գործընկերները գիտեն, թե որն է իմ դիրքորոշումը։ Նրանք, ինպես ես, գիտենք, որ Ամերիկայի հակառակորդները՝ Մոսկվայում, Պեկինում և Իրանում միասին են գործում»,- ասում է Սենատի հանրապետականների առաջնորևդ Միչ ՄըքՔոնելը:
Կիրակի ուշ երեկոյան Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, ըստ որի նախագահ Ջո Բայդենն իր աջակցությունն է հայտնել երկկուսակցական համաձայնությանը:
2024 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների հավանական թեկնածուն՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ յուրատեսակ հորդոր հղեց հանրապետական օրենսդիրներին․ «Շատերից եմ զանգ ստանում: Նրանք ինձ հարգում են և ասում են՝ «Ի՞նչ ես կարծում»․․․։ Եթե այդ օրինագիծը ծավալուն չլինի և, իրոք, չկարողանա լուծել խնդիրը, ես այն ընդհանրապես կյանքի չէի կոչի: Ոչ թե քաղաքական, այլ Միացյալ Նահանգների հետ կապված պատճառով»:
ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի խոսքով, անգամ եթե Սենատում օրինագիծը ընդունվի, Կոնգրեսի ստորին պալատ հասնելուն պես այն «մեռած կլինի»։ Ներկայացուցիչների տունը այս շաբաթ ձեռնամուխ կլինի ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին իմփիչմենթի ենթարկելու գործընթացին՝ նրան մեղադրելով սահմանին առաջացած ճգնաժամի համար:
«Այս ճգնաժամի հետևանքները սթափեցնող են, և այս երկրում դժվար թե որևէ համայնք լինի, որը չի զգացել դրա ազդեցությունը: Եվ այսօր՝ Ներկայացուցիչների տունը կանգնում է ու ասում՝ բավական է»,- նշում է հանրապետական կոնգրեսական Թոմ Քոլը:
Եթե օրինագիծը չընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից, օրենսդիրները կարող են բանակցել առանձին նախագծի շուրջ՝ Ուկրաինային և Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար: