Նախագահ Վլադիմիր Զելենսկու և երկրի զինուժի հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնու միջև ի հայտ եկած հակասությունների մասին տեղեկությունները մտահոգություններ են առաջացնում, թե արդյոք այն չի ազդի Ռուսաստանին դիմագրավելու Կիևի կարողության վրա՝ անգամ դաշնակիցների աջակցության պարագայում։
Քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն այս ամիս հերթական այցն է կատարել Կիև՝ Ուկրաինայի իշխանության վերին օղակներում աճող հակասությունների մասին տեղեկությունների ֆոնին: Նուլանդի խոսքով, այցի նպատակն է վստահեցնել Ուկրաինային, որ Վաշինգտոնը հավատարիմ է Կիևին ցուցաբերվող աջակցության հարցում:
Your browser doesn’t support HTML5
«Որքան էլ դժվար լինեն այս օրերը, կասեմ, որ այս ձմեռ Ուկրաինան ավելի ուժեղ և դիմակայուն է, քան անցած ձմռանն էր, երբ կրկին այստեղ էի: Շարունակում ենք աջակցություն ցուցաբերել անվտանգության ապահովման բոլոր, ներառյալ՝ նոր ներդրումների ու սպառազինության նոր համակարգերի ուղղությամբ»,- ասել է Նուլանդը:
Նուլանդի այցն ընթանում է Ուկրաինայում սրված ներքին հակասությունների ֆոնին․ հայտնի են նախագահ Զելենսկու և զինուժ հրամանատար Վալերի Զալուժնու միջև ի հայտ եկած տարաձայնությունները:
Զելենսկին տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյաներին, որ մտադիր է փոխարինել Զալուժնիին։
Ուկրաինացի վերլուծաբանները չեն թաքցնում իրենց մտահոգությունը՝ երկրում աճել է ապակայունացման վտանգը, և Նուլանդի այցը կարող է վկայել դաշնակիցների շրջանում առկա անհանգստության մասին։
Վիտալի Կուլիկը Քաղաքացիական հասարակության հիմնախնդիրների ուսումնասիրության կենտրոնի տնօրենն է։
«Արդեն կարող ենք ասել, որ Զալուժնիի հեռացումը [երկրի զինուժի] հրամանատարի պաշտոնից անխուսափելի է։ Զալուժնիի հեռացումը խայտառակություն է և նշանակում է, որ [երկրում] քաղաքական ճգնաժամ է»,- ասում է Կուլիկը։
Կուլիկի խոսքով, նման ճգնաժամը նշանակում է, որ Ուկրաինայի քաղաքական և ռազմական ղեկավարությունը բարդությունների կբախվի՝ երկրի միջազգային պարտավորությունները կատարելու գործում:
«Արևմուտքն առաջին հերթին պահանջում է որոշակիություն։ Վե՛րջ տվեք անորոշությանը, վերացրե՛ք ռազմավարական շփոթմունքը, ապահովե՛ք որոշակիություն և ներկայացրե՛ք հստակ ռազմավարություն»,- ընդգծում է Վիտալի Կուլիկը:
Ուկրաինայում հասունացող քաղաքական ճգնաժամը, կարծես, վրա է հասնում վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ երկիրը թևակոխում է պատերազմի երրորդ տարին, ճակատում՝ զորքերի շրջանում ակնհայտ հոգնածություն է, նախկին ոգևորությունը չունեն նաև Կիևի դաշնակիցները, որոնց խոսույթում հայտնվել է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը կրճատելը: