Աչքի անցկացնենք ռուսական մեդիայում Միացյալ Նահանգների տնտեսության մասին պտտվող պատմությունները։
«ԱՄՆ տնտեսությանը անկում է սպասում․ երկիրը նոր Մեծ դեպրեսիայի շեմին է»
2023 թվականին` բարձր գնաճի և վարկային տոկոսադրույքների բարձրացման ֆոնին, փորձագետների մի մասը կանխատեսում էր, թե ԱՄՆ-ում տնտեսական անկում կսկսվի։ Ռուսաստանում այս թեման անընդհատ արծարծվում է «Первый канал»-ում, պետական այլ հեռուստաալիքներում, «РИА Новости» և «ТАСС» լրատվական գործակալություններում, այլ պարբերականներում։
Այնուամենայնիվ, գործերն այլ ընթացք ունեցան։
2022 թվականի ամռանը ԱՄՆ-ում գնաճը հաղթահարեց 40 տարվա ռեկորդը՝ գերազանցելով 9%-ը։ Այն զսպելու համար ամերիկյան կենտրոնական բանկը՝ Դաշնային պահուստային համակարգը, բազմիցս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 2023 թվականի հուլիսին այն հասցնելով 22 տարվա առավելագույն մակարդակի՝ 5,5%-ի։
Այդ ժամանակից ի վեր տոկոսադրույքը մնացել է անփոփոխ, իսկ գնաճը նվազել է։ 2023 թվականի արդյունքների համաձայն, տարեկան գնաճը կազմել է 3,4%, ինչը տակավին բարձր է Դաշնային պահուստային համակարգի թիրախային ցուցանիշից (2%), սակայն փորձագետները ակնկալում են, որ, այնուամենայնիվ, համակարգը այս տարի կսկսի նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչ էլ կբերի վարկերի էժանացմանը: Մարդիկ կսկսեն վարկեր վերցնել՝ ներդնելով տնտեսության մեջ ու նպաստելով տնտեսական աճին։
2023 թվականի երրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱՄՆ ՀՆԱ-ն աճել է 5,2%։ Նպաստող գործոններ են եղել բնակչության կողմից սպառման ընդլայնումը և զբաղվածության աճը։
Այդուհանդերձ, ամերիկյան որոշ դիտորդներ տակավին չեն բացառում, որ 2024 թվականը կարող է ուղեկցվել տնտեսական անկմամբ, թեև ավելի հավանական են համարում «փափուկ վայրէջքի» տարբերակը։ Այսինքն, տնտեսական աճի դանդաղում, որի դեպքում գործազրկության ծավալումը զուսպ կլինի, քան տնտեսական անկման պարագայում։
«ԱՄՆ-ն դեֆոլտի եզրին է՝ հսկայական պետպարտքի պատճառով»
2023 թվականի դեկտեմբերին ԱՄՆ պետպարտքը առաջին անգամ հատեց 34 տրիլիոն դոլարը՝ շարունակելով աճել, քանի որ նախորդ տարիներին ամերիկյան կառավարությունը ծախսել է ավելին, քան վաստակում էր։
Որպեսզի ԱՄՆ դաշնային կառավարությունը խուսափի դեֆոլտից և կարողանա շարունակել գումար ներգրավել՝ այդ թվում պարտքը մարելու համար, Կոնգրեսը պետք է բարձրացնի պետպարտքի թույլատրելի առաստաղը, ինչը պարբերաբար անում է։ Երկրորդ աշխարհամարտից ի վեր այդ առաստաղը՝ շեմը բարձրացվել է ավելի քան հարյուր անգամ։
Այնուամենայնիվ, վերջին շրջանում առաստաղի բարձրացումը բուռն քննարկումների պատճառ է հանդիսացել Կոնգրեսում, և կարծիքներ են հնչել, որ եթե կոնգրեսականները հերթական անգամ համաձայնության չհանգեն առաստաղի բարձրացման շուրջ, ԱՄՆ-ն կարող է կանգնել դեֆոլտի եզրին։ Հաշվի առնելով սա՝ ԱՄՆ տնտեսության «մոտալուտ փլուզմանն» են անդրադարձել «Россия-1», «Первый канал», «Звезда» հեռուստաալիքները։
Նշենք, որ 2023 թվականին նախագահ Ջո Բայդենը օրենք ստորագրեց, ըստ որի մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ժամանակավորապես չեղարկվել է ԱՄՆ պետպարտքի թույլատրելի առաստաղը։
Փորձագետները խնդիր չեն տեսնում ԱՄՆ նման չափի պետպարտքի մեջ, քանի դեռ կառավարությունը կատարում է իր պարտավորությունները։ Սակայն բարձր տոկոսադրույքների պայմաններում՝ այդ պարտքի սպասարկումը հետզհետե ավելի թանկ է նստում դաշնային բյուջեի վրա, և որոշ մասնագետներ մտավախություն ունեն, որ այն կարող է ի վերջո բերել բացասական հետևանքների տնտեսության համար։ Մյուսները հակադարձում են՝ 1990-ականներից ի վեր իր պարտքը սպասարկելու համար ԱՄՆ-ն շարունակաբար ծախսել է զգալի միջոցներ, ինչը, սակայն, չի հանգեցրել տնտեսության փլուզմանը։
«Աշխարհը հրաժարվում է դոլարից»
Դոլարի սպասվող «մայրամուտի» մասին խոսում են անցած դարի կեսերից։ Ռուսաստանում նախորդ շրջանում այս թեման շարունակաբար արծարծվում է պետական հեռուստաալիքներով, «Известия», «Московский комсомолец», «Российская газета» և այլ պարբերականներում։
Իրականում, ԱՄՆ դոլարի մասնաբաժինը միջազգային արժութային պահուստներում նվազել է։ 1999 թվականի 70%-ից այն իջել է 58%-ի՝ 2022 թվականին, և սա նախորդ 27 տարվա նվազագույն ցուցանիշն է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ դոլարը շարունակում է հանդիսանալ աշխարհի թիվ մեկ պահուստային արժույթը։ Այս առումով դոլարին ամենից մոտ է եվրոն, որին, սակայն, բաժին է հասնում միջազգային խնայողությունների ընդամենը 20%-ը՝ գրեթե երեք անգամ քիչ։
Չնայած բազմաթիվ երկրներ (հատկապես Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի պետությունները) կրճատում են դոլարի մասնաբաժինն իրենց հաշվարկներում՝ նախապատվություն տալով ազգային արժույթներին, դոլարը շարունակում է գերիշխել միջազգային առևտրում։ Որոշ գնահատականների համաձայն, 2022 թվականին արտարժութային գործարքների մոտ 90%-ը արվել է ԱՄՆ դոլարով։
Որպես դոլարի և եվրոյի այլընտրանք՝ ոմանք տեսնում են չինական յուանը, սակայն դրա մասնաբաժինը համաշխարհային առևտրում պարզապես համադրելի չէ ԱՄՆ դոլարի հետ։
«ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը կորցնում են իրենց գրավչությունը»
ԱՄՆ, ինչպես նաև եվրագոտու երկրների պարտատոմսերի եկամտաբերությունը՝ գնաճի և վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացման ֆոնին հասել է առավելագույն ցուցանիշների։ Սակայն «The New York Times»-ը անցած տարին անվանել է 1920-ականներից ի վեր վատագույնը ԱՄՆ պետական պարտատոմսեր տիրապետողների համար:
2023 թվականի հոկտեմբերին ամերիկյան կառավարության 10-ամյա և 30-ամյա գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը 2007 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 5%-ը։ Խնդիրը հետևյալն է՝ երբ պարտատոմսերի եկամտաբերությունն աճում է, պարտատոմսերն էժանանում են։ 2023 թվականի մայիսին «Первый канал»-ի՝ «Իրենց հաշվարկներում ավելի շատ երկրներ են սկսել հրաժարվել ամերիկյան դոլարից» վերնագրով ռեպորտաժում պնդում էր արվում, թե ԱՄՆ պետական պարտատոմսերը շահութաբեր չեն։
Այնուամենայնիվ, մի շարք ֆինանսական փորձագետներ համոզված են, որ ամերիկյան պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելը դեռ իմաստ ունի, քանի որ դրանք շարունակում են մնալ հուսալի, որովհետև դրանց մարումը երաշխավորված է ԱՄՆ կառավարության կողմից։
«Գնաճի պայմաններում անվճար սննդի կարիք ունեցող ամերիկացիների թիվը մեծանում է»
2020 թվականից ԱՄՆ-ում պարենային ապրանքները թանկացել են միջինը 25%-ով, սակայն 2023 թվականին գնաճը սկսեց նվազել է։ Օրինակ, գոհաբանության օրվա (Thanksgiving) սեղանի համար նախատեսված սննդամթերքի գինը 2022 թվականի 64 դոլարից նվազել է՝ հասնելով 61 դոլարի։
Չնայած այդ հանգամանքին, ԱՄՆ-ում գործող «պարենային բանկեր» (food bank, բարեգործական կազմակերպություններ, ուր կարելի է անվճար սնունդ ստանալ) դիմող քաղաքացիների թիվը 2023 թվականին, իրոք, շարունակել է աճել։
Բայց արդյո՞ք սա նշան է, որ ամերիկյան տնտեսությունում խնդիրներ կան։
Այս մասին խոսելիս՝ ռուսաստանյան լրատվամիջոցները, սովորաբար, չեն ներկայացնում ամբողջական պատկերը։ Օրինակ, 2023 թվականի նոյեմբերին «Россия-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի «Ամերիկացիները գնային շոկ են ապրում» ռեպորտաժը։
Գնաճից բացի, դեր ունի նաև այն, որ ԱՄՆ կառավարությունը 2023 թվականին կրճատել է ժամանակավոր պարենային դոտացիաների ծրագիրը՝ համավարակի ավարտի, ինչպես նաև միգրանտների շարունակվող հոսքի պատճառով։ Օրինակ, Նյու Յորքում սնունդ բաժանող կազմակերպությունների տվյալներով, դիմողների թիվն աճել է 600%-ով՝ հիմնականում միգրանտների հաշվին։