Բլինքենի խոսքերը հնչել են տեղեկության ֆոնին, որ իսրայելական կողմը թիրախավորել է օգնության սպասող պաղեստինցիների։ «Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 20 հոգի, վիրավորվել են 150-ը։ Իսրայելն արձագանքել է, թե հետաքննում է կատարվածը:
Իսրայելական զորքերը շարունակում են իրենց գործողությունները Խան Յունիսում։ Հազարավոր բնակիչներ հեռացել են քաղաքից։ ՄԱԿ-ի տվյալներով, չորեքշաբթի 13 հոգի զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ իսրայելական տանկերը հարվածել են մոտ 43 հազար բնակիչ ունեցող պաղեստինցի փախստականների ճամբարին:
Անգոլայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել ապահովել նման օբյեկտների անվտանգությունը. «Սա վերահաստատել ենք Իսրայելի կառավարության հետ [բանակցությունների ժամանակ]։ Հասկանում եմ, որ նրանք, ինչպես հարկն է, ուսումնասիրում են միջադեպը»:
Իսրայելական կողմը չի բացառում, որ փախստականների ճամբարը խոցել են «Համասի» զինյալները։
Այս ամենի ֆոնին` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է առաջ տանել Գազայի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու գաղափարը, որը, պետք է պաշտպանի իսրայելական համայնքները «Համասի» հետագա հարձակումներից. ««Համասը» եկել է մեզ ոչնչացնելու, մենք նրանց կվերացնենք։ Խորացնելու ենք մեր արմատները մեր երկրում, արմատախիլ կանենք մեր թշնամիներին։ Մենք կլինենք այստեղ, իսկ նրանք՝ ոչ»:
Հայտնի է, որ բուֆերային գոտու առաջարկը աջակցություն չունի Վաշինգտոնում, ուր համոզված են, որ նման ծրագրին իրականացունը կարող է միայն խորացնել հակասությունները։
Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Բլեչերը ասում է. «Վաշինգտոնում մեծանում է հիասթափությումը: Եվ պատճառներից մեկը` ԱՄՆ խնդրանքները մերժող Նեթանյահուի հրապարակային քաղաքականությունն է: Վստահ եմ, Վաշինգտոնում լավ չեն վերաբերվում գաղափարին` անվերապահ աջակցություն ցուցաբերել այն ամենին, ինչ անում է Իսրայելը, որի վարչապետը, փաստորեն, թքում է նրանց երեսին»:
Մյուս կողմից, Իսրայելն էլ մերժում է Գազայում ռազմական գործողությունների ավարտից հետո պաղեստինյան պետություն ստեղծելու ԱՄՆ առաջարկը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է. «Այս ամենն անորոշ ժամանակով կերկարացնի հակամարտությունը, որը դարձել է համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքը»:
Պաղեստինյան կողմի ներկայացմամբ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր` ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է մոտ 26 հազար մարդ։ Հիշեցնենք, «Համասի» հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել էր 1 200 հոգի, պատանդ էր տարվել շուրջ 240-ը։