Ինչպես հայտնի է, Թուրքիան իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին՝ «Համասի» դեմ ընթացող իսրայելական ռազմական գործողությունների ֆոնին, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Համասը» կոչել է ազատագրական շարժում:
Դիտորդների խոսքով, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս ունի ընդհանուր լեզու գտնել Անկարայում՝ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում:
«Ռայիսիի այցը Թուրքիա ցույց է տալիս, թե ինչպես է Իրանը ցանկանում ամրապնդել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի հարցում՝ աջակցություն ստանալով նաև Թուրքիայից»,- ասում է Անկարայում գործող Արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավար Հուսեյն Բաղջին։
Your browser doesn’t support HTML5
Ռայիսիի այցին ընդառաջ՝ այս հունվարի սկզբին, թուրքական անվտանգության ուժերը ձերբակալեցին մի քանիսին՝ մեղադրելով իսրայելական հետախուզության համար Թուրքիայում բնակվող պաղեստինցիներին լրտեսելու մեջ: Նման քայլը ընկալվեց որպես հօգուտ պաղեստինցիների հանդես գալու Անկարայի դիրքորոշման հերթական արտահայտություն։ Իսրայելը դեռ չի արձագանքել ձերբակալություններին։
Դիտորդները, սակայն, ավելի հավանական են համարում, որ Էրդողանը հավասարակշռված մոտեցում կցուցաբերի արաբական երկրների ու Իրանի միջև:
«Այս պարագայում՝ որքան Թուրքիան գործի Իրանի հետ միասին, այնքան կկորցնի համակրանքը արաբական երկրներում: Սա վտանգավոր իրավիճակ է Թուրքիայի համար: [Անկարան] պետք է ինչ-որ կերպ հավասարակշռի այդ»,- ասում է Հուսեյն Բաղջին:
Թեև Իրանի և Թուրքիայի ղեկավարները նույն կեցվածքն են ընդունել Իսրայելին դատապարտելու հարցում, որոշ դիտորդներ, այնուամենայնիվ, սպասում են, որ
Ռայիսիի հետ հանդիպմանը Էրդողանը կընդգծի մերձավորարևելյան հակամարտությունը զսպելու կարևորությունը:
Մյուս կողմից, Անկարան մտահոգություն է հայտնել Իրանի և Պակիստանի միջև տեղի ունեցած հրթիռային փոխհրաձգության վերաբերյալ: Հայտնի է, որ Թեհրանն ու Անկարան հակասություններ ունեն Սիրիայում, Հարավային Կովկասում, և այս խնդիրներին, Էրդողանն ու Ռայիսին, հավանաբար, կանդրադառնան Անկարայում:
Ստամբուլի Մարմարա համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Բիլգեհան Ալագոզը նշում է․ «Թվում է, Իրանը ռազմավարական մտավախություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության առնչությամբ: Բայց Թուրքիան միշտ առաջարկել է Իրանին այդ համագործակցության մաս կազմել, երբեք չի բացառել այդ տարբերակը։ Սակայն Իրանը նման հեռանկար չի տեսնում»։
Թեև նման խնդիրների առկայությանը, ինչպես ասացինք, կա մեկը՝ իրավիճակը Գազայում, որ մերձեցման հիմքեր է ստեղծում Ւրանի ու Թուրքիայի համար։