Ծայրահեղ ցուրտը չխանգարեց Սարկա Մուրին մասնակցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Այովա նահանգում կայացած նախընտրական վերջին միջոցառումներից մեկին և անձամբ ներկայանալ՝ աջակցելու Սպիտակ տան նախկին ղեկավարին:
«Հուզված եմ։ Շատ հուզված եմ, որ մասնակցում եմ [այս միջոցառմանը]»,- ասում է նա:
Մուրը ներգաղթյալ է Չեխայից։ Ասում է՝ ուսումնասիրել է ներկուսակցական ընտրությունների գործընթացը՝ որպեսզի աջակցի Թրամփին։
«Հավանում եմ նրա [վարած] քաղաքականությունը: Ամեն ինչ հիանալի էր Թրամփի օրոք։ Ոչ մի պատերազմ: Տնտեսությունը լավ վիճակում էր։ Սահմանները բաց չէին, ինչը ինձ շատ է անհանգստացնում»,- շարունակում է նա։
Your browser doesn’t support HTML5
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Այովա նահանգի ժողովրդին: Շնորհակալություն։ Բոլորիդ սիրում եմ»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփի նախընտրական արշավը, կարծես, իր պտուղներն է տալիս։ Համենայնդեպս՝ Այովայում, ուր սաստիկ ցուրտ եղանակին մարդիկ որոշեցին քվեարկել ու քվեարկեցին հօգուտ նախկին նախագահի։
Քվեարկության մասնակիցներից Յան Գուդն ասում է․ «Նրանք, ովքեր վճռական էին, մասնակցել են ընտրություններին: Ճի՛շտ է, որոշ մեծահասակներ նախընտրել են դուրս չգալ տանից՝ սառույցի պատճառով»:
Նա քվեարկել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի օգտին. «Մենք պայքարում ենք այն ամենի համար, ինչին հավատում ենք: Հավատում եմ ԴեՍանտիսին, նաև գնահատում եմ Թրամփին: Գնահատում եմ այն, ինչ նա արել է»։
Այովայում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրություններում ԴեՍանտիսը առաջ է անցել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիից և գրավել երկրորդ տեղը: Գործարար Վիվեկ Ռամասվամին, ով զբաղեցրել է չորրորդ տեղը, դուրս է եկել մրցավազքից և իր աջակցությունը հայտնել Թրամփին։ Պայքարից դուրս մնացածների թվում է նաև Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը, ով կոշտ էր Թրամփի հասցեին՝ նախընտրական արշավի ժամանակ:
«Մարդիկ չեն սիրում ճշմարտությունը: Բայց վստահ եմ, որ ճիշտ ձևով եմ խոսել, խոսել եմ որպես ջենթլմեն, և ասել եմ այն, ինչին հավատում եմ, և ի վերջո դա է կարևորը»,-ասել է նա։
Այովայում են կայանում նաև դեմոկրատների ներկուսակցական առաջին ընտրությունները, բայց այս տարի նախագահ Ջո Բյադենի հարազատ կուսակիցները դիմեցին փոստով քվեարկության տարբերակին։ Սպիտակ տան ղեկավարը ակնկալվում է, որ կհաղթի:
Դեմոկրատների ուշադրության կենտրոնում են փետրվարին Հարավային Կարոլինայում կայանալիք իրենց ներկուսակցական ընտրություններ, որոնք, փաստորեն, կդառնան նրանց առաջին խոշոր ընտրական իրադարձությունը:
Հանրապետականներն այժմ տեղափոխվում է Նյու Հեմփշիր, ուր ակնկալվում է ավելի լավ եղանակ, հետևաբար՝ մարդկանց ավելի շատ մասնակցություն, քան Այովայում էր: