ԱՄՆ ռազմուժի տարածաշրջանային հրամանատարությունը հինգշաբթի ուշ երեկոյան տեղեկացրեց, թե հարվածներ են հասցվել հութիների ավելի քան 60 օբյեկտների, այդ թվում՝ հրամանատարական և կառավարման հանգույցներին, զինամթերքի պահեստներին, արձակման համակարգերին և արտադրական կարողություններին:
«Հարվածները բավականաչափ ուժգին էին ու արդյունավետ»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը, ով ձեռնպահ է մնացել մանրամասներ հայտնել՝ միայն հավելելով, թե հարվածները թիրախավորել են նաև հութիների ռադիոտեղորոշիչ կայանները, հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք պատասխան կրակ չեն բացել:
Գրոհայինների խոսնակը հայտարարել է, թե հարվածների հետևանքով զոհվել են առնվազն հինգ զինյալներ, ևս վեցը՝ վիրավորվել են։ Նա, սակայն, չի կոնկրետացրել, թե իրենց որ թիրախներն են խոցվել:
Ավստրալիայի, Կանադայի, Նիդեռլանդների և Բահրեյնի օգնությամբ` ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել կործանիչներից, ռազմանավերից և սուզանավերից։
Միայն ամերիկյան ռազմուժը ավելի քան 100 կառավարվող հրթիռներ է արձակել տարբեր թիրախների ուղղությամբ։ Ռազմածովային ուժերը հարվածեր են հասցրել «Tomahawk Land Attack» հրթիռներով:
Պենտագոնի անանուն պաշտոնյան նաև հայտնել է, որ թիրախներն ընտրվել են երկու սկզբուքնով՝ միջազգային առևտրային նավագնացությանը սպառնացողներ և օբյեկտներ, ուր բացակայում են քաղաքացիական անձինք:
Հինգշաբթի ուշ երեկոյան տարածված Սպիտակ տան հայտարարությունում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարվածներն անվանել է «ուղիղ պատասխան [միջազգային նավագնացությանը] հութիների աննախադեպ հարձակումներին», և որ ռազմական ուժը կիրառվել է դիվանագիտաան ջանքերի ձախողումից հետո:
«Այս թիրախային հարվածները հստակ ուղերձ են, որ Միացյալ Նահանգները և մեր գործընկերները չեն հանդուրժի [նման] հարձակումները և թույլ չեն տա թշնամական ուժերին վտանգել [միջազգային] նավագնացության ազատությունը՝ աշխարհի ամենակարևոր առևտրային ուղիներից մեկում։ Չեմ վարանի և անհրաժեշտության դեպքում հավելյալ միջոցներ կձեռնարկեմ՝ պաշտպանելու մեր ժողովրդին և միջազգային առևտրի ազատ հոսքը»,- ընդգծել է Բայդենը:
Իր հերթին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նույնպես դատապարտել է հութիների հարձակումները՝ դրանք կոչելով «ապակայունացնող»: Նա հաստատել է՝ բրիտանական կործանիչները մասնակցել են հութիներին ուղղված հարվածներին:
«Նրանց անխոհեմ գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր են վտանգվում և սրվում է մարդասիրական ճգնաժամը Եմենում։ Սա չի կարող շարունակվել»,- ասված է Սունակի հայտարարությունում:
Միջազգային կոալիցիայի գործողությունները հետևեցին, երբ գրոհայինները սկսեցին թիրախավորել Կարմիր ծովով անցնող առևտրային նավերը` անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համասի» հարձակումից հետո:
Հինգշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ պաշտոնյաները դեռ ուսումնասիրում էին հութիներին հասցված հարվածների արդյունքները, սակայն նախնական գնահատմամբ, ենթադրվում է, որ գրոհայինների կորուստները «զգալի են»:
«Թիրախավորել ենք կոնկրետ ենթակառուցվածքներ` կոնկրետ վայրերում և ճշգրիտ զինամթերքով», - լրագրողներին ասել է ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական` իր անունը չհրապարակելու պայմանով։
«Նշանակալի գործողություն էր։ Ակնկալում ենք, որ այն զգալի կերպով կնվազեցնի հութիների կարողությունը` իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք իրենք իրականացնում էին նախորդ շաբաթներին»,- նշել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա։
ԱՄՆ տվյալներով, անցած տարվա նոյեմբերի կեսերից հութիների վերահսկողության ներքո գտնվող շրջաններից առնվազն 27 հարձակում է իրականացվել ավելի քան 50 երկրներին պատկանող առևտրային նավերի ուղղությամբ:
Նախորդ՝ այս հինգշաբթի տեղի ունեցած հարձակման ժամանակ հութիներն օգտագործեցին բալիստիկ հրթիռ: Հրթիռն ընկել է Ադենի ծոցում՝ առևտրային նավի մոտ՝ անվնաս թողնելով այն:
Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում գործող ամերիկյան ռազմուժի հրամանատարությունը երեքշաբթի հայտարարեց, թե հութիները համակարգված գրոհ են ձեռնարկել՝ օգտագործելով 18 միավոր անօդաչուներ, երկու թևավոր հրթիռներ և մեկ բալիստիկ հրթիռ՝ Եմենից հարվածելով Կարմիր ծովի ուղղությամբ:
ԱՄՆ օդուժը՝ ամերիկյան և բրիտանական ռազմանավերի հետ, խոցել էին այդ անօդաչուներն ու հրթիռները:
Միացյալ Նահանգների ներկայացուցչի խոսքով, հենց այս հարձակումն էր այն վերջին կաթիլը, որ դրդեց նախագահ Բայդենի վարչակազմին հինգշաբթի հարվածներ հասցնել հութիներին:
Հարվածներին զուգահեռ՝ ամերիկյան պաշտոնյաներ հանդես եկան հութիներին և նրանց աջակցող Իրանին հասցեագրված նախազգուշացմամբ։ «Կլինեն հետևանքներ»,- հինգշաբթի՝ ի պատասխան իրավիճակի վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հարցին, հակիրճ արձագանքել էր Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը։
Գեներալ-մայորը հավելել էր․ «Հութիները մեծապես ֆինանսավորվում, վերապատրաստվում և սարքավորումներ են ստանում Իրանի կողմից: Հետևաբար, Իրանը [կարող է] դերակատարություն ստանձնել այս անխոհեմ, վտանգավոր և անօրինական գործողությունները դադարեցնելու առումով»:
Անցած շաբաթ Միացյալ Նահանգները ու դաշնակից 12 երկրներ հայտարարություն տարածեցին՝ զգուշացնելով հութիներին հետևանքների մասին, եթե նրանց հարձակումները չդադարեն:
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ անօրինական հարձակումները և ազատ արձակել ապօրինի կալանավորված նավերն ու անձնակազմերը», - ասված էր հայտարարությունում, որը ստորագրել էին այդ թվում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան, Գերմանիան և Ճապոնիան:
Չորեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակեց իր հայտարարությունը՝ կոչ անելով հութիներին անհապաղ դադարեցնել գրոհները:
Չնայած վերը նշված գործողություններին ու հայտարարություններին, հարցը բաց է մնում՝ արդյո՞ք այդ ամենը կզսպի Թեհրանին:
Ջեֆ Սելդինը, Օստապ Յարիշն ու «Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայությունն աջակցել են այս նյութի պատրաստմանը