Վերջին տարիներին անգամներով կրճատվել է Սիրիային հատկացվող պարենային միջազգային օգնությունը՝ ֆինանսավորման սղության պատճառով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն, 2023 թվականի վերջի դրությամբ դադարեցվել է մոտ 2,5 միլիոն մարդու հատկացվող աջակցությունը:
Տեղահանված Դավլաթ ալ-Շարիֆը, ում ամուսինն աշխատում է խանութում շաբաթը 200 թուրքական լիրայի կամ գրեթե 7 ԱՄՆ դոլարի դիմաց, ասում է, որ իր ընտանիքի ողջ հույսը այդ վերջին՝ փոքրիկ օգնությունն էր. «Անցած տարիներին պարենային [օգնությունը] մեզնից չէին կտրում։ Այս տարի կտրելու են։ Առանց պարենային օգնության, այս ճամբարում ապրելը շատ դժվար կլինի, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ որևէ բան գնել»:
Your browser doesn’t support HTML5
Անցած ամիս՝ դեկտեմբերին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարեց, որ 2024 թվականին Սիրիայում պարենային օգնությունը կդադարեցվի։ Վերջին առաքումները հենց այդ ամսին էին:
Երկրի՝ օգնություն ստացող շրջաններում ներկայում բնակվում է մոտ 4,5 միլիոն մարդ։ Նրանց 65%-ը տեղահանված է, որոնց մեծ մասն ապրում է ճամբարներում: Տեղի պաշտոնյաների խոսքով, նշված շրջաններում արդեն իսկ խնդիր է սնունդ հայթայթելը, և առանց միջազգային աջակցության շուտով աղետի ականտեսը կլինենք:
Սիրիա-թուրքական սահմանային՝ «Բաբ ալ-Հավա» անցակետի ներկայացուցիչ Մազեն Ալուշն ասում է․ «Զգուշացնում ենք մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպություններին՝ մեզ սով է սպառնում, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից»:
Ճամբարներում գտնվող ընտանիքներից շատերը բազմիցս են տեղահանվել։ Շրջանում ռազմական գործողությունները չեն դադարում։ Վերջին ամիսներին զոհվել է մոտ 100 խաղաղ բնակիչ:
Տեղի պաշտոնյաների խոսքով, առաջինը ծանր վիճակում կհայտնվեն կայուն եկամուտ չունեցող ընտանիքները։
1500 ընտանիքից բաղկացած տեղահանվածների ճամբարներից մեկում վարիչ աշխատող Խալեդ Մուհամմադ Ալ-Աքալն նշում է, որ հաշմանդամները, այրիները և որբերը պարզապես չեն կարողանա սնունդ հայթայթել՝ առանց միջազգային օգնության․ «[Մեկ ընտանիքին] հատկացված աջակցությունն անգամ բավարար չէր, քանի որ ամսական չափաբաժինը հատկացվում էր երկու ամիսը մեկ»:
Պաշտոնյաներն ասում են, որ տեղական կազմակերպությունները գումար չունեն՝ պարենային աջակցության համար, և ողջ հույսն այն է, թե վերջին պահին օգնության նոր աղբյուր մեջտեղ կգա։