Նախագահ Բայդենի դիրքորոշումը չի փոխվել Գազայում հրադադարի հաստատման հարցում. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Սպիտակ տունն անհողդողդ է Իսրայելի ու «Համասի» միջև անհապաղ հրադադար հաստատելու կոչերին, թեև Միացյալ Նահանգներում ու միջազգային ասպարեզում աճում է Գազայում զինադադարի կողմնակիցների թիվը։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր պաղեստինյան այդ շրջանում սպանված մարդկանց թիվն անցել է 23 հազարը։

Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները՝ պնդելով, թե դադար կտա միայն «Համասի» չեզոքացումից հետո:

Այս ամենի ֆոնին` ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է. «Շարունակում ենք աջակցել [Գազայում] հումանիտար հրադադարի հաստատմանը, բայց ոչ ամբողջական զինադադարին: [Այս առումով] նախագահը [ԱՄՆ դիրքորոշման] որևէ փոփոխության մասին չի հայտարարել»։

Գազայում հրադադար հաստատելու կոչերին ի պատասխան՝ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ արձագանքել էր. «Օգտագործելով մեզ մոտ առկա հնարավորությունները՝ աշխատել ենք Իսրայելի կառավարության հետ՝ հորդորելով նրանց դուրս բերել [իրենց ուժերի զգալի մասը] Գազայի հատվածից»:

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Բայդենի դիրքորոշումը չի փոխվել Գազայում հրադադարի հաստատման հարցում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ում այս նոյեմբերին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները, կարծես, դառնում են այն հիմնական հարցերից մեկը, որ բաժանում է ամերիկացի ընտրողներին։

Հարվարդի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Մելանի Քեմեթն ասում է. «Բայդենի վարչակազմը և անձամբ Բայդենը դժվար վիճակում են, քանի որ ամերիկյան հասարակության մի զգալի հատված աջակցում է Իսրայելին»։

Անցած տարվա դեկտեմբերին «Gallup»-ի հարցումը ցույց տվեց, որ ամերիկացիների 38%-ը այն մտքին է, թե Իսրայելն անհրաժեշտ չափի օգնություն է ստանում ԱՄՆ-ից, 36%-ը կարծում է, որ այդ աջակցության ծավալները չափազանց շատ են, իսկ 24%-ի պատկերացմամբ՝ քիչ:

Դեմոկրատների ընտրազանգվածի 40%-ի կարծիքով, ԱՄՆ-ը չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, մինչդեռ հանրապետական ընտրողների 26%-ն է այդպես մտածում: