Ի՞նչ սցենարով կարող է ընթանալ ուկրաինական պատերազմը 

Խարկովի մարզի առաջնագծի մոտ գտնվող դիրքում զինծառայողը խրամատում

Ուկրաիայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ մեծամասամբ արևմտյան աջակցությունից է կախված Կրեմլին դիմագրավելու Կիևի կարողությունը։ Այդ օգնության մի մասի շուրջ ներկայում առաջացած անորոշության ֆոնին՝ վերլուծաբանները դատողություններ են անում պատերազմի հետագա ընթացքի վերաբերյալ։ 

Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի հաջողությունը շարունակում է մեծապես կախված լինել Արևմուտքի ցուցաբերած օգնությունից՝ կարծում են վերլուծաբանները:

ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Դեյվիդ Պետրեուսի խոսքով, եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի Կիևին 61 միլիարդ դոլար արժողությամբ լրացուցիչ օգնության փաթեթը, և Ուկրաինան Արևմուտքից ստանա «F-16» կործանիչներ ու հրթիռներ, ինչպես նաև հակառադարային «HARM» հրթիռներ (առաջին անգամ ամերիկյան կողմն այն մատակարարել է 2022 թվականի օգոստոսին), ապա ուկրաինական ինքնաթիռները կարող են ռազմաճակատին ավելի մոտ գործել։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ սցենարով կարող է ընթանալ ուկրաինական պատերազմը

Սակայն նախկին բարձրաստիճան զինվորականն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը հավելում է՝ անգամ այդ ամենը կարող է բավարար չլինել Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսական ուժերի կառուցած ամրությունները ճեղքելու համար:

«Ուկրաինան դեռ պետք է հաղթահարի հսկայածավալ պաշտպանական ամրությունները՝ «Սուրովիկինի գիծը»։ Քանի դեռ Ուկրաինան գերակայություն չունի օդում, սա անելը դժվար կլինի: Բայց վստահ չեմ, որ արևմտյան ինքնաթիռների քանակը կբավարարի այս նպատակին հասնելու համար»,- ասում է Պետրեուսը։

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի հեղինակներից՝ ռազմական պատմաբան Ֆրեդերիկ Կագանն ասում է, որ առանց արևմտյան հակաօդային պաշտպանության միջոցների՝ ռուսական օդուժի հարձակումները Ուկրաինայի քաղաքների վրա, ինչպես անցած շաբաթ Կիևում և Խարկովում, աստիճանաբար ավելի արդյունավետ կդառնան Մոսկվայի համար, իսկ պատերազմը կարող է տարիներ շարունակվել:

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթի խոսքով, անհնար է ասել, թե Ռուսաստանը կարող է հաղթել այս պատերազմում․

«Նույնիսկ վատագույն սցենարի դեպքում [Կրեմլը չի կարողանա] ամբողջությամբ նվաճել Ուկրաինան։ Գիտեք, Երկրորդ աշխարհամարտից հետո Ուկրաինայում տարիներ շարունակ պարտիզանական պատերազմ էր խորհրդային կարգերի դեմ: Հուսանք, բանը դրան չի հասնի»։

Ուկրաինայի համար դրական զարգացում է Ռուսաստանում արդեն իսկ նկատվող հոգնածությունը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, գնահատմամբ, եթե ռուսական կողմի կորուստները շարունակվեն ներկայիս մակարդակով, ապա 2025 թվականին դրանք կանցնեն կես միլիոնը։

Դարձյալ ԱՄՆ մայրաքաղաքում գործունեություն ծավալող Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամում Ռուսաստանի գծով փորձագետ Մայքլ Քոֆմանի կարծիքով, պատերազմում առաջ ընթանալու համար՝ Կրեմլին նոր ուժեր են հարկավոր:

«Ռուսաստանը կարող է ամեն ամիս զորակաչել բավականաչափ թվով մարդկանց՝ կորուստները ծածկելու համար, բայց նրանք չունեն լրացուցիչ՝ հավելյալ ուժեր: Հետևաբար, ստիպված կլինեն կա՛մ կրկնապատկել զորակոչի թվերը, կա՛մ պետք է հերթական մասնակի զորահավաքն իրականացնեն»։

Քոֆմանի խոսքով, միջազգային աջակցության շնորհիվ Կիևն ի վիճակի է հետ մղել ռուսական գրոհները:

«Ուկրաինան կարող է ընդլայնել անօդաչուների և այլ [ռազմական] համակարգերի արտադրությունը, որոնք կարող են նվազեցնել կախվածությունը հրետանուց։ Արևմուտքի ֆինանսական աջակցությամբ՝ Ուկրաինան կարող է որոշակի արտադրություն կենտրոնացնել երկրի ներսում»։

Վկայակոչելով Սպիտակ տան անանուն աղբյուրները՝ ամերիկյան «Politico»-ն անցած տարվա դեկտեմբերին գրեց, թե ԱՄՆ նպատակը ձևափոխվում է՝ բացառապես Ուկրաինային աջակցելուց դեպի Ռուսաստանի հետ խաղաղության ձեռքբերում, սակայն ամերիկյան Մարշալի հիմնադրամի նախագահ Հիթեր Քոնլիի խոսքով, Ուկրաինան կարող է չընդունել Ռուսաստանի հետ խաղաղությունը:

«[Ռուսներն] ուզում են ամեն ինչ վերցնել։ Վլադիմիր Պուտինը խոսում է Օդեսայի մասին՝ որպես ռուսական քաղաքի: Նրանք ցանկանում են Կիևում [Կրեմլից] կախված ռեժիմ հիմնել և Ուկրաինան դարձնել անկախությունից զրկված երկիր»:

Այսքանով հանդերձ՝ փորձագետները զգուշացնում են, թե հակամարտության մեջ ներգրավված երկրներից մեկում ղեկավարի մահը, բնական աղետները, կամ նոր պատերազմը, կարող են շրջել իրավիճակն Ուկրաինայում: