Գազայում ռազմական գործողությունները լուսաբանող ևս երկու լրագրող է զոհվել, և ՄԱԿ-ն իր անհանգստությունն է հայտնել լրագրողների շրջանում զոհերի բարձր թվի կապակցությամբ։ Անցած տարվա հոկտեմբերի սկզբից Գազայում սպանվել են գրեթե 80 լրագրողներ։
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության Գազայի բյուրոյի ղեկավար Վաել ալ-Դահդուն վերջին հրաժեշտն է տալիս իր որդուն՝ Համզային: Համզա ալ-Դահդուն կիրակի Ռաֆահի մոտ սպանված երկու լրագրողներից մեկն է:
Որդու կորուստը միակը չէ Վաել ալ-Դահդուի ընտանիքում․ նաև զոհվել են կինը, 15-ամյա որդին, 7-ամյա դուստրը և թոռը: Մյուս որդին՝ Յեհիան, ծանր վիրավորվել է։ Ինքը նունպես վիրավորվել էր՝ դեկտեմբերին, նկարահանում կատարելիս:
«Ինչպե՞ս կարող ես ընդունել ավագ որդուդ մահը․․․, հատկապես՝ երբ կորցրել ես կնոջդ, [մյուս] որդուդ, թոռնիկիդ։ Ինչպե՞ս կարող եմ վերապրել այս ամենը»,- «Reuters»-ին ասել է նա։
Դահդուի ավագ որդին «Agence France-Press»-ի թղթակցի հետ կիրակի վերադառնում էր նկարահանումից, երբ իսրայելական հրթիռը հարվածեց նրանց մեքենային:
Իսրայելական զինվորականների ներկայացմամբ, իրենց թիրախում «բացահայտված ահաբեկիչ է եղել», և իրենք «տեղյակ են», որ մեքենայի մեջ գտնվող «երկու այլ կասկածյալներ» նույնպես մահացել են:
Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունների ժամանակ զոհված լրագրողների թիվը շարունակում է աճել։
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» («Тhe Committee to Protect Journalists») տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի հունվարի 8-ը Գազայում սպանվել են 79 լրագրողներ՝ 72 պաղեստինցի, 4 իսրայելցի, 3 լիբանանցի։
Նման թվերը լուրջ անհանգստություն են առաջ բերել ՄԱԿ-ում, որի հանրային կապերի պատասխանատուն՝ Ֆլորենսիա Սոտո Նինյոն կրկնել է կազմակերպության կոչը՝ վտանգից զերծ պահել լրագրողներին. «Լրագրողները վտանգում են իրենց կյանքը, որպեսզի ճշմարտությունը հասցնեն աշխարհին, ինչը բարդանում է նման պայմաններում»։
Թեև Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը անարձագանք է թողել «Ամերիկայի ձայնի» հարցումը, սակայն ավելի վաղ՝ դիվանագիտական ներկայացուցչության խոսնակը հայտարարել էր, որ հրեական պետությունը նպատակներից դուրս է լրագրողների թիրախավորումը:
Բազմաթիվ հրապարակումներ, սակայն, այլ բան են վկայում։
Անցած ամիս իրականացված լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել էր, որ 2023 թվականի հոկտեմբերին իսրայելական տանկի կրակոցից սպանված «Reuters»-ի թղթակից Իսամ Աբդալլահը, նպատակային հարձակման զոհ է դարձել: Հետաքննության համաձայն, իսրայելական կողմը քաջատեղյակ էր նկարահանող խմբի գտնվելու վայրի մասին։
«Reuters»-ի Լիբանանի բյուրոյի ղեկավար Մայա Գեբեյլիի խոսքով, լրատվական գործակալությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ ուշադրություն հրավիրելով այն վտանգավոր պայմաններին, ուր աշխատում են իր գործընկերները. «Տեսնում ենք, որ լրագրողներն ի վիճակի չեն կատարել իրենց աշխատանքը նման հարվածների պատճառով»։
Մինչ ալ-Դահդուն հողին է հանձնում իր զավակներից ևս մեկին՝ Միջազգային քրեական դատարանը տեղեկացրել է, որ լրագրողների սպանությունները ներառվել են Գազայում ռազմական գործողությունների քննության գործում։