Հակակոռուպցիոն և կառավարության թափանցիկ գործունեությունը պահանջող ակտիվիստների խոսքով, ԱՄՆ նոր օրենքը, որը դաշնային դատախազներին թույլ է տալիս քրեական մեղադրանքներ ներկայացնել ամերիկյան ընկերությունների հետ կոռուպցիոն գործարքներում ներգրավված օտարերկրյա պաշտոնյաների, կարևոր քայլ է կոռուպցիայի դեմ միջազգային պայքարում
2023 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց «Օտարերկրյա շորթումները կանխարգելող ակտը» («Foreign Extortion Prevention Act», FEPA)՝ որպես ԱՄՆ տարեկան պաշտպանական բյուջեի՝ «Ազգային պաշտպանությունը լիազորող ակտի» («National Defense Authorization Act», NDAA) մաս:
Your browser doesn’t support HTML5
Ըստ փաստաբանների, նոր իրավական նորմը կլրացնի շուրջ կես դար գործող «Օտարերկրյա կոռուպցիոն գործելակերպի մասին» օրենքը («Foreign Corrupt Practices Act», FCPA), որը հանցագործություն է որակում ԱՄՆ-ում բնակվող անձանց կողմից կաշառք տալը կամ կոռուպցիոն այլ ազդեցություն ունենալը օտարերկրյա պաշտոնյաների վրա:
FCPA-ի շրջանակում ԱՄՆ իրավապահները պարբերաբար մեղադրանքներ են ներկայացնում ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներին՝ արտասահմանում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու համար, սակայն ցայսօր եղած հնարավորությունները սահմանափակ են եղել:
Նոր օրենքի համաձայն, ԱՄՆ դատախազները կարող են մեղադրանքներ ներկայացնել ցանկացած օտարերկրյա պաշտոնյայի, ով կաշառք է պահանջել կամ ստացել Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող ընկերությունից կամ անհատից, նույնիսկ եթե գործարքը կայացել է ԱՄՆ-ից դուրս:
Օրենքը նախատեսում է մինչև 250 հազար դոլար տուգանք կամ ստացված կաշառքի եռապատիկ չափը, ինչպես նաև մինչև 15 տարվա ազատազրկում։ Դատախազները կկարողանան պահանջել արտահանձնել այդ անձանց՝ օտարերկրյա պաշտոնյաներին, այն երկրների դեպքում, որոնք ԱՄՆ հետ արտահանձնման պայմանագիր ունեն:
Բացի այդ, ԱՄՆ իրավապահները կարող են սառեցնել նրանց ակտիվները և նրանց ձերբակալելու հրահանգներ տալ, եթե նրանք հայտնվեն ԱՄՆ-ում կամ Միացյալ Նահանգների հետ արտահանձնման մասին պայմանագիր ունեցող երրորդ երկրում:
«Ակնկալում ենք, որ սա կլինի առաջին նմանատիպ օրենքը և այն հսկայական դրական հետևանքները կունենա ողջ աշխարհում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է աշխարհի 120 երկրներում մասնաճյուղեր ունեցող «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչ Սքոթ Գրեյտակը: Կազմակերպության ներկայացմամբ, աշխարհում քիչ չեն այն երկրները, որոնց կառավարությունները ամենևին էլ պատրաստակամ չեմ կոռումպացված պաշտոնյաներին հետապնդելու գործում:
«[Կոռումպացված օտարերկրյա պաշտոնյաների] ճնշող մեծամասնությունը պարզապես խուսափում է պատժից, և մեզ համար ակնհայտ են դրա սարսափելի հետևանքները։ Իսկ [այս օրենքը] հույս է տալիս, որ եթե [այդ կառավարությունները] չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկել սեփական կոռումպացված պաշտոնյաներին, ապա այժմ Միացյալ Նահանգների կառավարությունն իրավասու է գնալ նրանց հետևից, ինչը մեծ փոփոխություն է»,- նշում է Գրեյտակը:
«Ամերիկայի ձայնին» հասցեագրված էլեկտրոնային նամակում Վաշինգտոնում գործող «Citizens for Responsibility and Ethics» կազմակերպության ղեկավար Նոա Բուքբինդերն ընդգծել է, որ կազմակերպությունը տարիներ շարունակ իր աջակցությունն է հայտնել օրենքի ընդունմանը, և կանխատեսում է, որ այն կունենա լուրջ ազդեցություն․ «Լավատես ենք, որ FEPA-ն, որը քրեականացնում է կաշառք պահանջելը, կստիպի կոռումպացված օտարերկրյա պաշտոնյաներին երկու անգամ մտածել՝ նախքան ամերիկյան ընկերություններից կաշառք պահանջելը»:
Փորձագետներն ասում են, որ ապագայում՝ FCPA-ի շրջանակներում իրականացվող քրեական հետապնդումները կարող են զուգակցվել FEPA-ի ներքո առաջ քաշված մեղադրանքներով:
Օրինակ, 2021 թվականին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանք ներկայացրեց մի ամերիկուհու, որն աշխատում էր Օհայոյի որդեգրման միջազգային գործակալությունում։ Մեղադրական եզրակացության համաձայն, կինը կաշառել էր Ուգանդայի մի շարք պաշտոնյաների, դատավորների՝ դյուրացնելու ամերիկացիների կողմից ուգանդացի երեխաների որդեգրումը:
Ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլի», եթե այդ գործը հարուցվեր այսօր, ապա FEPA-ի ներքո կարող էին մեղադրանքներ ներկայացվել նաև կոռուպցիոն գործարքում մասնակից ուգանդացիներին:
Մեկ այլ օրինակ՝ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը 2019-ին հանդես եկավ մեղադրանքով, թե Վիսկոնսինում գտնվող տպագրական ու մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերությունը Չինաստանում և Պերուում ներառված է եղել կոռուպցիոն սխեմաներում: Եթե FEPA-ն գործեր այդ ժամանակ, ապա հանձնաժողովը կարող էր մեղադրանքները փոխանցել ԱՄՆ Արդարադատության նախարարությանը՝ կաշառք ստացող պերուացիների և չինացիների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: