Պաղեստինյան կողմի ներկայացմամբ, Գազայում` ռազմական գործողությունների պատճառով զոհերի թիվն այլևս 20 հազար է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ վետոյից խուսափելու համար` օրեր տևած ինտենսիվ բանակցություններից հետո, ուրբաթ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը կողմ քվերակեց Գազայի հատվածին լրացուցիչ օգնություն տրամադրող բանաձևին:
Իսրայելը դեմ էր բանաձևի սկզբնական դրույթներին, որոնք կոչ էին անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ՄԱԿ-ին հանձնել մարդասիրական օգնության տեղափոխող բեռնատարների ստուգումը:
«Սա մի բանաձև է, որը կնպաստի, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի կարիքավորներին: Այն հաշվի է առնում Եգիպտոսի պահանջները` հստակ մեխանիզմների ստեղծման վերաբերյալ»,- քվեարկությունից առաջ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Your browser doesn’t support HTML5
Գազայի հատվածում իսրայելական բանակի շարունակվող գործողությունների ֆոնին` նախագահ Բայդենի խուսափողական մոտեցումը` հորդորել հրեական պետությանը հրադադար կնքել պաղեստինցների հետ` բացասական լուրջ ազդեցություն է թողնում Ամերիկայի մահմեդական համայնքի վրա, որի ներկայացուցիչները կազմակերպել են «Հեռացե՛ք Բայդենից» արշավը։
«Հայտարարում ենք, որ նախագահ Բայդենն [արդեն] պարտվել է 2024 թվականի ընտրություններում։ Որպես ամերիկացի մահմեդականներ` ամենևին էլ անզոր չենք: Մենք հզոր ենք։ Մենք ոչ միայն ունենք միջոցներ, այլ ունենք ձայներ»,- ասում է Բայդենի դեմ ուղղված արշավի կազմակերպիչ Ջեյլանի Հուսեյնը։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի արձագանքը զուսպ է. «Լսում ենք և փորձում ավելի լավ ընկալել տարբեր տեսակետները: Որևէ պետություն չպետք է ապրի այնպես, ինչպես Իսրայելը` «Համասից» բխող սպառնալիքի ներքո: Ոչ մի պետություն չպետք է նման խնդիրներ ունենա»։
Այս ամենի ֆոնին` «The New York Times»-ի հարցումը վկայում է, որ ամերիկացիների մեծամասնությունը, հատկապես` երիտասարդ ընտրողները, հավանություն չեն տալիս Բայդենի վարած քաղաքականությանը մերձավորարևելյան հակամարտության հարցում:
«Հարցումներից ստացված տվյալները ցնցող են: Նկատվում է, որ արաբական ծագմամբ ամերիկացիները, իրենց առաջադեմ համարող ընտրողները և մաշկի տարբեր գույն ունեցող [ԱՄՆ քաղաքացիները] ձգտում են հեռանալ [Բայդենից]: Այս բոլոր խմբերը դեմ են Բայդենի աջակցությանը Իսրայելին, և սա կարող է ընտրությունների ժամանակ վնաս հասցնել [Բայդենին]»,- նշում է Աարոն Դեյվիդ Միլլերը` Քարնեգի հիմնադրամից:
Ըստ հարցման, ընտրողները կարծում են նաև, որ հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփն «ավելի ճիշտ» քաղաքականություն կորդեգրի Գազայի առնչությամբ:
Այս ամենով հանդերձ` ամերիկյան հասարակությունը, ընդհանուր առմամբ, պառակտված է` մի մասը անհապաղ զինադադարի կողմնակից է, մյուսը` Իսրայելի հաղթանակի, անգամ նոր զոհերի գնով։
Երկու ճամբարն էլ ճնշում են գործադրում նախագահ Բայդենի աշխատակազմի վրա։