Ավելի քան ինը ամիս տասնյակ հազարավոր իսրայելցիներ դուրս էին գալիս փողոցներ՝ բողոքելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծրագրի դեմ՝ սահմանափակել երկրի Գերագույն դատարանի իշխանությունը:
Սակայն հոկտեմբերի 7-ին, երբ «Համասի» զինյալները գրոհեցին իսրայելական 22 համայնքներ՝ սպանելով 1 200 իսրայելցու ու պատանդ տանելով 240 հոգու, ամեն ինչ փոխվեց։
Բողոքի ցույցերի մասնակից Ռոն Շերֆի խոսքով․ «[Դատական փոփոխությունների դեմ] բողոքի շարժումը անմիջապես մարեց, և բոլորը սկսեցին օգնել երկրին, քանի որ Իսրայելը թույլ դիրքում էր»։
«Համասի» իրականացրած հարձակումից որոշ ժամանակ անց՝ իսրայելական բանակը սկսեց ցամաքային ներխուժումը Գազա, ինչի հետևանքով, ըստ պաղեստինցիների, սպանվել է մոտ 19,5 հազար մարդ:
Գազայի Ալ-Ազհար համալսարանի ներկայացուցիչ Մհայմեր Աբու Սադան ասում է․ «Գազայի հատվածում իսրայելական բանակի պատճառած ավերածություններն այնքան ահռելի են, որ երևակայությունից դուրս են: Ամբողջական թաղամասեր հողին են հավասարեցվել, ջնջվել։ Վերականգնումը տարիներ կտևի»:
Միջազգային կազմակերպությունները զգուշացնում են Գազայում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին։ Ծանր մարտերը շարունակվում են:
«Պահանջում ենք հրադադար։ Բավակա՛ն է: Ինչու՞ են մեզ հարվածում։ Մենք քաղաքացիական անձինք ենք՝ երեխաներով ու կանանցով»,- ասում է պաղեստինցի Խալեդ Աբու Նաջան:
Իսրայելի ներկայացմամբ, երկու նպատակ ունի՝ ոչնչացնել «Համասի» ռազմական հնարավորությունները և ազատել պատանդներին։ Նոյեմբերին՝ գրեթե մեկշաբաթյա հրադադարի փոխարեն «Համասը» ազատեց 110 պատանդի, հիմնականում՝ կանանց և
երեխաների։ Իսրայելական բանտերից ազատվեցին ավելի քան 300 պաղեստինցիներ։ Դեռ «Համասի» ձեռքում են 129 պատանդներ։
Պատանդների ընտանիքների խոսքով, վախենում են, որ ժամանակ անց քիչ հավանական կլինի իրենց հարազատների ողջ վերադարձը:
«Սեղանին դրեք լավագույն առաջարկը՝ պատանդներին ողջ վերադարձնելու համար։ Մենք ժամանակ չունենք»,- ասում է իսրայելցի պատանդի հայր Ռուբի Չենը:
Թեև ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը շարունակում է հայտարարել, թե աջակցում է Իսրայելին՝ տրամադրելով սպառազինություն, սակայն կողմերի միջև պահպանվում են տարաձայնությունները Գազայի ապագայի շուրջ: Միաժամանակ, աճում է միջազգային հանրության կողմից Իսրայելի հասցեին հնչող քննադատությունը ռազմական գործողությունների առնչությամբ։
Վերլուծաբան Ջոնաթան Ռայնհոլդը նշում է․ «Իսրայելի ներկայիս կառավարությունը կտրականապես դեմ է երկու պետության գաղափարին: Քանի որ պարոն Նեթանյահուն կախված է իսրայելական քաղաքական համակարգի ամենաաջակողմյան տարրերից, դժվար թե քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»:
Ըստ սոցհարցումների, իսրայելցիների մեծամասնությունը գտնում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռանա պաշտոնից ռազմական գործողությունների ավարտից հետո, սակայն մինչ այդ հենց նա է ղեկավարում է «Համասի» դեմ մարտերը։