Գազայի հատվածում շարունակվում են ռազմական գործողությունները՝ խաղաղ բնակչության շրջանում չդադարող կորուստներին զուգահեռ։ Գազայի հիվանդանոցներից մեկն են տեղափոխվել իսրայելական օդուժի հարվածների հետևանքով վիրավորված պաղեստինցի երեխաներ:
Միաժամանակ շարունակում է ծայրահեղ ծանր մնալ հումանիտար իրավիճակը մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող շրջանում։ Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան՝ «Human Rights Watch» կազմակերպությունը մեղադրել է Իսրայելին՝ Գազայի հատվածում պաղեստինցիների համար նախատեսված խմելու ջրի հոսքը արգելափակելու և սովը որպես զենք օգտագործելու մեջ: Իսրայելի արտգործնախարարությունը հերքել է մեղադրանքները՝ կազմակերպությանը անվանելով «հակասեմական»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ով երկուշաբթի հանդիպել է իսրայելցի իր գործընկերջը՝ Յոավ Գալանտին, և հրեական պետության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներին, հայտարարել է, թե Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչության պաշտպանությունը «բարոյական պարտականություն է և ռազմավարական հրամայական»:
«Ժողովրդավարությունն ավելի ուժեղ և ապահով է, երբ հետևում ենք պատերազմի օրենքներին: Շարունակելու ենք սատարել Իսրայելի՝ պաշտպանվելու իրավունքը, ինչպես նաև շարունակելու ենք կոչ անել՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը հակամարտության ժամանակ, և մեծացնելու ենք մարդասիրական օգնության հոսքը Գազա»,- ասել է Օսթինը։
Գալանտը արձագանքել է, թե իսրայելական ուժերը նպատակ ունեն նվազագույնի հասցնել խաղաղ բնակչությանը հասցվող վնասը, քանզի Իսրայելի նպատակն է ոչնչացնել «Համասը»։
«Մենք պաշտպանում ենք մեր արժեքները և գործում ենք միջազգային իրավունքի համաձայն։ Այնուամենայնիվ, մարդասիրական հարցերի մասին խոսելիս՝ պետք է հիշել, որ Գազայում 129 պատանդ է պահվում»,- ընդգծել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն
Օսթինը և Գալանտը ներկայացրել են իրենց տեսլականները պաղեստինյան տարածքներում հետպատերազմյան զարգացումների վերաբերյալ:
«Գիտենք, որ անցած 72 օրերը Իսրայելի պատմության ամենացավալի օրերից էին: Եվ՛իսրայելցիների, և՛պաղեստինցիների շահերից է բխում երկու՝ [իսրայելական ու պաղեստինյան] պետությունների գոյությունը, որոնք անվտանգ կապրեն կողք կողքի»,- նշել է Լլոյդ Օսթինը։
Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Մոհամադ Շտայեհի համար, սակայն, առաջնահերթությունը պատերազմի անհապաղ դադարեցումն է․ «Աշխարհը պետք է օգնի մեզ դադարեցնել ագրեսիան և վերջ տալ օկուպացիային: Պաղեստինի ղեկավարության լեգիտիմությունը գալիս է իր ժողովրդից, և ժողովրդի ձայնը քվեատուփում է»։
Մերձավոր Արևելքը կայունացնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը չեն դադարելու նաև այս շաբաթ։ Պաշտպանության նախարար Օսթինը հանդիպումներ կանցկացնի Բահրեյնում և Կատարում: