Էրդողանը ձգտում է տարածաշրջանում հաստատել Թուրքիայի առաջնորդող դիրքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

2023 թվականի մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը թույլ տվեց նրան շարունակել տարիներ առաջ նախաձեռնածը՝ շարժվել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում Թուրքիան ազդեցիկ տերության դարձնելու ուղով՝ միաժամանակ փորձելով լեզու գնել պատմական թշնամիների հետ:

Այս մայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելը լրացուցիչ ազդակ հանդիսացավ, որպեսզի Թուրքիայի ղեկավարը շարունակի տարածաշրջանում Անկարայի ազդեցությունն ընդլայնող քաղաքականությունը՝ ձգտելով նոր որակի հարաբերություններ հաստատել հատկապես մերձավորարևելյան առաջնորդների հետ՝ նշում են դիտորդները։

Թուրքիայի Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ Մուստաֆա Այդինը ասում է. «Թուրքիան փորձում է փոխել իր արտաքին և տարածաշրջանային քաղաքականությունը։ Նախագահ Էրդողանը և Թուրքիայի արտգործնախարարությունը ձեռնամուխ են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, և Եգիպտոսի հետ երկխոսությանը»:

Your browser doesn’t support HTML5

Էրդողանը ձգտում է տարածաշրջանում հաստատել Թուրքիայի առաջնորդող դիրքը

Սակայն, մասնավորապես, Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու Էրդողանի ջանքերը բախվեցին մերձավորարևելյան նոր հակամարտությանը, և Անկարայի աջակցությունը «Համասին» վերստին հետին պլան մղեցին հրեական պետության հետ հարաբերութունները։

Սակայն սա էլ ամբողջը չէ։ Իսրայելի ու «Համասի» միջև ակտիվ միջնորդական առաքելություն իրականացնող Կատարի ու Եգիպտոսի ջանքերը փակեցին թուրքական քաղաքականության մանևրները տարածաշրջանում։

«Գազայի ճգնաժամը ցույց տվեց Թուրքիայի դիվանագիտական թուլությունը»,- կարծիք է հայտնում միջազգային հարաբերությունների վերլուծաբան Իլհան Ուզգելը։

ԱՄՆ քաղաքականությունը նույնպես նպաստում է, որ Անկարան չկարողանա ազդեցիկ դերակատարություն ունենալ մերձավորարևելյան դիվանագիտությունում․ Միացյալ Նահանգները կենտրոնացել է Պարսից ծոցի երկրների ուղղությամբ:

Ի հվելումն՝ Վաշինգտոնի ու ՆԱՏՕ-ի գծով այլ դաշնակիցների, և մյուս կողմից Անկարայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի

անդամակցության հարցում Էրդողանի որդեգրած դիրքորոշման պատճառով, ինչի հետևանքով Ստոկհոլմը ամիսներ շարունակ չի կարողանում դառնալ Հյուսիսատլանտյան ալյանսի մաս։

Այս ամենի ֆոնին՝ Էրդողանին հաջողվեց որոշակիորեն բարելավել հարաբերությունները պատմական հակառակորդ Հունաստանի հետ: Դիտորդների խոսքով, այս քայլը հնարավոր է օգնի թուրք-եվրոպական հարաբերությունների նորմալացմանը, որոնք իրենց լավագույն ժամանակը չեն ապրում։ Մյուս կողմից, Եվրամիությունում պահպանվում են հայտնի մտահոգությունները Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, և քննադատները մեղադրում են Էրդողանին՝ երկրում այլախոհությունն ու քաղաքացիական հասարակությանը ճնշելու մեջ։

Ինչևէ, այդքանով հանդերձ՝ դիտորդները կրկնում են, որ Թուրքիան նշանակալի դերակատարություն ունի միջազգային քաղաքականության ու տնտեսության համար կարևոր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում, ուստի արևմտյան տերությունները ձգտելու են համագործակցել Էրդողանի հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ առաջիկա տարիներին նա է շարունակելու իշխել Անկարայում։