Եվրոպայի առաջնորդները որոշել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու-երկրի կարգավիճակ։
Բրյուսելում կայացած գագաթնաժողովի որոշումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գնահատել է որպես «հաղթանակ»՝ իր երկրի ու ողջ Եվրոպայի համար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակն ընդգծել է՝ համաձայնությունը միաձայն է ընդունվել։
ԵՄ անդամ Հունգարիան, որը երկար ժամանակ դեմ էր Կիևի հետ բանակցություններ սկսելուն, այդուհանդերձ հրաժարվել է վետո կիրառել։ Ըստ լրատվամիջոցների, այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը մի պահ լքել է բանակցությունների սենյակը, ինչը ըստ պաշտոնյաների, նախապես համաձայնեցված էր։ ԵՄ անդամ-երկրների մյուս 26 ղեկավարները շարունակել են քվեարկությունը:
Ժամանակ անց Օրբանը «Facebook»-ում հանդես է եկել տեսաուղերձով. «Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունը վատ որոշում է: Հունգարիան չի ցանկանում մասնակցել այդ վատ որոշմանը, ուստի այսօր հեռու մնաց»:
Մինչդեռ, Զելենսկին ընդգծված դրական է արձագանքել ԵՄ որոշմանը. «Սա Ուկրաինայի հաղթանակն է: Հաղթանակ ողջ Եվրոպայի համար: Հաղթանակ, որը դրդում, ոգեշնչում և ամրացնում է»,- գրել է նա «X»-ում:
Հիշեցնենք, շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում էր՝ նպատակ ունենալով համոզել ԱՄՆ Կոնգրեսին՝ Կիևին տրամադրել 61 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական աջակցության փաթեթը, ինչին դեմ են հանրապետական օրենսդիրները:
Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ին միանալու հայտ էին ներկայացրել՝ Կիևի դեմ Կրեմլի լայնամասշտաբ ագրեսիայից հետո: Հետխորհրդային երկու երկրներն էլ ԵՄ թեկնածու-պետությունների կարգավիճակ ստացան անցած հունիսին:
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, թե պատիվ է Ուկրաինայի հետ կիսել ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը․ «Այսօր այստեղ չէինք լինի՝ առանց Ռուսաստանին Ուկրաինայի խիզախ դիմադրության»։
Սակայն Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կարող են տարիներ տևել, ուստի այս որոշումը ամենևին չի երաշխավորում Կիևի անդամակցությունը: Ուկրաինայում գիտեն, որ լիարժեք անդամակցության ճանապարհը երկար է, բայց Բրյուսելի որոշումը բարոյական լուրջ աջակցություն է դիտվում:
ԵՄ որոշմանը անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ընդգծելով Կիևին ու Քիշնևին ցուցաբերված «աջակցության ուժեղ նշանի» կարևորությունը՝ հավելելով, որ և՛ Ուկրաինան, և՛ Մոլդովան «եվրոպական ընտանիքից են»։
Իր հերթին՝ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ասել է, որ պատմական պահ է և «կարևոր ուղերձ» Ուկրաինայի և Մոլդովայի քաղաքացիներին: