Բանաձևը խիստ մտահոգություն է արտահայտում Գազայի հատվածում մարդասիրական աղետալի իրավիճակի, պաղեստինցի խաղաղ բնակչության շարունակվող տառապանքների վերաբերյալ և ընդգծում է Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը՝ համաձայն միջազգային իրավունքի։
Բոլոր կողմերից պահանջելով պահպանել միջազգային իրավունքը՝ փաստաթուղթը նաև հորդորում է անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին և ապահովել մարդասիրական օգնության տեղ հասնելը:
Անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նմանատիպ բանաձևի ընդունումը ձախողվեց՝ ԱՄՆ կիրառած վետոյի պատճառով: Թեև Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն կատարման համար, սակայն քաղաքական կշիռ ունեն:
Your browser doesn’t support HTML5
Այս ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինում գործող Կարմիր խաչը, թե խաղաղ բնակչության շրջանում կորուստների գլխավոր պատճառներից են իսրայելական անօդաչուների գրոհները։
Գազայի հատվածին զուգահեռ աճում է զոհերի քանակը նաև Հորդանան գետի արևմտյան ափին, ուր մոտ 270 պաղեստինցի է զոհվել՝ «Համասի» դեմ իսրայելական ռազմուժի սկսած գործողություններից ի վեր։
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։
Իր հերթին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել «պահպանել Գազա մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը»: Կառույցը ներկայացրել է այն դժվարությունները, որոնց բախվել է իր թիմը, երբ փորձում էր բժշկական պարագաներ հասցնել Գազայի հիվանդանոցներ ու տարհանել ծանր վիրավորներին։ Կազմակերպությունը մանրամասնել է՝ Գազայի հատված տանող անցակետը դժվար անցանելի է եղել, ձերբակալվել են Պաղեստինում գործող Կարմիր խաչի ընկերության աշխատակիցները:
«Գազայի բնակիչներն իրավունք ունեն օգտվել առողջապահական ծառայություններից։ Առողջապահական համակարգը պետք է պաշտպանված լինի նույնիսկ պատերազի պայմաններում»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
ՄԱԿ-ի ներկայացմամբ, թեև Գազայի հարավում՝ Եգիպտոսին սահմանակից Ռաֆահի շրջանում տակավին հնարավոր են մարդասիրական օգնության սահմանափակ առաքումները, սակայն Գազայում շարունակվող մարտերի պատճառով հատվածի այլ շրջանները զուրկ են անգամ նման օգնությունից։
Գազա է այցելել Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին՝ շրջանում տիրող իրավիճակը պատկերելով, որպես «անվերջ շարունակվող ողբերգություն»․ «Մարդիկ [բառացիորեն] ապրում են փողոցում, ամեն ինչի կարիք ունեն»։
Այս ամենի ֆոնին՝ Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու նպաըտակով բացում է երկրորդ անցակետը: Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշել է, թե Իսրայելը մտադիր չէ հավերժ մնալ Գազայում․ «Իսրայելը ցանկացած միջոց կձեռնարկի «Համասին» ոչնչացնելու համար, բայց մտադիր չենք մշտապես մնալ Գազայի հատվածում: Միայն հոգում ենք մեր և մեր քաղաքացիների անվտանգությունը»:
Գալանտը, սակայն, որևէ ժամկետ չի նշել, թե երբ կարող են ավարտվել ռազմական գործողությունները Գազայում՝ ասելով, թե կարող են ամիսներ տևել։
«Համասի» կողմից ղեկավարվող առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ նախորդ յոթ շաբաթվա ընթացքում իսրայելական ռազմուժի գրոհների հետևանքով զոհվել է մոտ 18 հազար մարդ, հիմնականում՝ կանայք և երեխաներ:
Պատերազմի պատճառով Գազայի հատվածում տեղահանվել է շուրջ 1․9 միլիոն մարդ, կամ հատված ողջ բնակչության գրեթե 90%-ը, որոնք ապաստան են փնտրում շրջանի հարավում՝ գերբնակեցված տարաբնույթ հաստատություններում՝ սանիտարական վատ պայմաններում, ինչը մեծացնում է համաճարակների բռնկման վտանգը։