Գրեթե 30 տարի Մոլդովայի զինված ուժերը թերֆինանսավորվում էին: Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը համարվող հանրապետությունը 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո հռչակեց չեզոքություն, և նախորդ տասնամյակներում երկրի զինված ուժերի թվակազմը շարունակաբար կրճատվել է՝ հասնելով մոտ 6 հազար զինվորի:
Քենթ Լոգսդոնը նշանակվեց Մոլդովայում ԱՄՆ դեսպան 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մոտ մեկ շաբաթ առաջ: Նրա խոսքով, Քիշնևում լսելի էին Օդեսայում պայթող ռուսական ռումբերի ձայները։ Մոլդովայում մարդիկ ցնցված էին, երբ լուրեր էին տարածվել Ուկրաինայի Բուչա քաղաքում ռուսական ուժերի իրականացրած վայրագությունների մասին:
«Մարդիկ ցնցված էին։ Պարզվեց՝ նրանք ռուսներին չէին ճանաչում․․․, նույն ռուսներին, որոնց հետ աշխատել են սերունդներով: Այն մի տեսակ հեռացրեց Մոլդովան ու Ռուսաստանը»,- ասում է նա։
Your browser doesn’t support HTML5
«Ամերիկայի ձայնի» հարցին՝ արդյո՞ք չեզոք կարգավիճակ ունենալը երաշխիք է ռուսական ագրեսիայի դեմ, Մոլդովայի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին արձագանքում է․ «Ես այդպես չեմ կարծում, քանի որ Ուկրաինան նույնպես չեզոք կարգավիճակով պետություն էր»։
Նախարարի խոսքով, Մոլդովայի բանակի արդիականացման գործընթացը արագացնելու մասին որոշմանը կառավարությունը հանգեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո:
«Տեսնում ենք նրանց ծրագրերը, լսում նրանց հռետորաբանությունը և հետևություն անում, որ հաստատապես մենք ենք հաջորդ թիրախը։ Ուստի, քրտնաջան աշխատում ենք մեր կարողությունները ընդլայնելու ուղղությամբ։ Պաշտոնավարում եմ ընդամենը երկու տարի, և այս ժամանակահատվածում կարողացել ենք ավելացնել ռեսուրսները»,- ասում է Նոսատին։
Թե որքան է ավելացել Մոլդովայի ռազմական բյուջեն, նախարարը մանրամասնեց․ «Սկսեցինք, երբ պաշտպանական ծախսերը մեր ՀՆԱ-ի 0․3% էին՝ ամենից ցածր թվերից մեկն Եվրոպայում, և, կարծում եմ, աշխարհում: Ներկայում, այն կազմում է 0․55%, ինչը մեզ թույլ տվեց որոշակի ձեռքբերումներ իրականացնել»։
Նախարարի խոսքով, զինված երկրի սպառազինության մոտ 90%-հնացած է ու ծախսատար: Որոշ դեպքերում պահեստամասեր գտնելն այլևս անհնար է, քանի որ դրանք դուրս են եկել արտադրությունից։ Եվ այժմ՝ առաջնահերթությունը սպառազինության արդիականացումն է`ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան:
Մոլդովայի բանակի զորավարաժություններին կարելի է հանդիպել հին՝ խորհրդային տանկեր։ Երկրի զինուժի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Սերգիու Չիրիմպեյն ասում է․ «Այդ ամենը որոշակի պաշտպանություն է ապահովում, բայց ոչ այնպիսի, որը կիրառվում է այսօրվա մարտադաշտում։ Ստիպված ենք օգտագործել նման զինտեխնիկա։ Երբ 30 տարի ներդրումներ չես կատարում բանակում, դժվար է այն փոխել մեկ գիշերվա ընթացքում: Ժամանակ է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, Միացյալ Նահանգները և Եվրամիությունը խոստացել են մոտ 90 միլիոն դոլարի ռազմական օգնություն՝ Մոլդովայի փոքրաթիվ բանակն ամրապնդելու համար: Սակայն անգամ փոքրաթիվ ուժերի արդիականացումը տարիներ է պահանջում, ուստի Քիշնևում պաշտոնյաներն ասում են, որ առայժմ մոլդովական զինուժը պետք է ապավինի ունեցած սպառազինությանը: