Ընդամենը մեկ տարում թունավոր մթնոլորտ գազերի արտանետումը նոր ռեկորդ սահմանեց։ Հետևանքը՝ եղանակային ծայրահեղ դրսևորումներն ավելի հաճախակի են դարձել, և Բայդենի վարչակազմն իր ջանքերը կենտրոնացել է միլիարդավոր դոլարների ծախս նախատեսող և կլիմային վերաբերող օրենսդրական նաձեռնությունների իրականացման վրա:
Բայց մյուս կողմից այս մարտին Ալյասկայում նավթա-գազային «Willow» նախագծի հաստատումը ընկալվեց որպես խոստման դրժում, թե աստիճանաբար լիովին դադարեցվելու է հանածո վառելիքի արդյունահանումը: Վարչակազմը արձագանքեց, թե գործող օրենսդրությունն է սահմանափակում իր քայլերը:
Կոլումբիայի իրավաբանական դպրոցի հետազոտող Մարտին Լոքմանի նշում է․ «Այս նախագիծն, իրականում, արդեն հաստատվել էր 2018 թվականին՝ Թրամփի վարչակազմի օրոք, բայց այն դադարեցվեց դատական հայցերի պատճառով, և դաշնային դատարանը, ի վերջո, պահանջեց հողի կառավարման բյուրոյին վերանայել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: Այդ արվեց, և որոշումը մի տեսակ ընկավ Բայդենի վարչակազմի վրա»:
Եկավ սեպտեմբերը և Ալյասկայի Արկտիկայի վայրի բնության ազգային արգելոցում նավթի և գազի հորատման յոթ նախագծերի չեղարկումը, կարծես, մեղմեց կանաչ տնտեսության կողմնակիցների քննադատությունը: Սակայն սա էլ արժանացավ հանրապետականների և տեղի համայնքների խիստ ընդդիմությանը, որոնց համար տնտեսական զարգացումը կարևոր է:
««The North Slope Borough»-ն ամենամեծ գործատուն է հյուսիսում՝ եկամուտ ստանալով հանածոների արդյունահանումից։ Ստացված միջոցների մի մասը ներդրում են տեղի համայնքներում՝ ապահովելով աշխատատեղեր»,- ասում է «Արկտիկայի Ինյուպիատի ձայնը» հասարակական կազմակերպության նախագահ Նագրուկ Հարչարեկը։
Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի ն երկայացուցիչ Դեն Լաշոֆը նշում է․ «Միշտ խնդիր է՝ ո՞րն ընտրել․․․ ունես տեղում զարգացում ապահովելու և աշխատատեղեր ստեղծելու խնդիր, մյուս կողմից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հարցն է։ Բանավեճն անխուսափելի է։ Բայդենի վարչակազմը զգալի
ջանքեր է գործադրում՝ խորհրդատվություններ անցկացնելով բնիկ ամերիկացիների հետ, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:
Սպիտակ տնից փոխանցել են «Ամերիկայի ձայնին», թե գալիք տարի նախատեսվում է շարունակել ծրագրերի իրականցումը, որոնք կոչված են օգնել համայնքներին անցում կատարել ավելի կանաչ տնտեսություններ:
Կլիմայի հարցերով Սպիտակ տան խորհրդական Ալի Զայդին նշում է․ «Շարունակելու ենք տնտեսական հնարավորություններով ապահովել այն համայնքները, ուր բնապահպանական հարցը սուր է»:
Դուբայում տեղի ունեցած կլիմայի վերաբերող միջազգային համաժողովի մասնակիցներին նախագահ Բայդենը խոստացել է նորոգել Չինաստանի հետ համագործակցությունը այս հարցում: Արդեն գալիք տարի որոշակի կդառնա, թե ամենից շատ թունավոր գազեր արտանետող երկու տերությունների նորացված համագործացությունը ինչ արդյունք կտա։