Բազմաթիվ իսրայելցիներ արտասվել են՝ դիտելով յուրաքանչյուր պատանդի ազատ արձակումը վերջին մի քանի օրվա ընթացքում:
Երկուշաբթի օրը միջնորդ Քաթարը հայտարարեց, որ Իսրայելը և «Համաս»-ը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը ևս երկու օրով, ինչը իսրայելցիների մոտ հույսեր է արթնացրել, որ ավելի շատ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, որոնց «Համաս»-ը պատանդ էր վերցրել հոկտեմբերի 7-ին, ազատ կարձակվեն:
Օհադ Մունդերը դարձավ ինը տարեկան, երբ մոր՝ Քերենի հետ գերի էր «Համաս»-ի կողմից: Նա հիվանդանոցում վերամիավորվել է հոր հետ։ Նրա զարմիկ Մերավ Ռավիվն ասում է, որ Օհադը նիհարել է, բայց թվում է, թե առողջ և երջանիկ է, որ հիվանդանոցում ընկերների հետ ուշացումով նշում է իր իններորդ տարեդարձը։
Իսրայելն ասում է, որ «Համաս»-ը գերի է վերցրել ընդհանուր 240 պատանդներից 40-ին: Քաթարի պաշտոնյան հայտնել է, որ երեխաներից 10-ը գտնվում են այլ զինյալ խմբավորումների հսկողության տակ, և պարզ չէ, թե արդյոք «Համաս»-ը կարող է գտնել նրանց։
Ազատ արձակված երեխաները ստիպված կլինեն հաղթահարել իրենց փորձության տրավման, ասում են հոգեբույժները:
Ոմանք, ինչպես 4-ամյա Աբիգեյլ Էդանը, տեսել են սպանված իրենց ծնողներին։
Դոկտոր Յուվալ Բլոխը մանկական և դեռահասների հոգեբույժ է, ասում է, որ երեխաների մոտ դեռ կարտահայտվեն գերության տրավմաները։
Զինադադարի համաձայնագրի շրջանակներում Իսրայելը ազատ է արձակել երեք պաղեստինցի բանտարկյալների՝ բոլորը կանայք կամ անչափահասներ, յուրաքանչյուր ազատ արձակված պատանդի դիմաց: Ազատ արձակված բանտարկյալների թվում էր Ֆաթիմա Շահինը, որը դատապարտվել էր իսրայելցի վերաբնակիչին դանակահարելու փորձի համար:
Շահենի հայրը՝ Իսմայիլն ասում է, որ ուրախ է, որ իր դուստրն ազատ է արձակվել, բայց մտահոգված է Գազայի սարսափելի պայմաններով. «Մենք ուրախ ենք, որ նա ազատ է արձակվել, բայց չենք կարող անտեսել Գազայի ծանր պայմանները, որտեղ հազարավոր մարդիկ են զոհվել: Մեզ այս պահին վայել չէ երջանիկ լինելը»։
Հրեա ընտանիքներն ասում են, որ «Համաս»-ի գերությունից ազատված իրենց երեխաների հետ վերամիավորումը դառը ուրախություն է, քանի որ դեռ շատ պատանդներ կան: Նրանք ասում են, որ չեն հանգստանա, քանի դեռ յուրաքանչյուր ընտանիք չի վերամիավորվել: