Ամերիկաբնակ իսրայելցի Աբիգեյլ Էդանը այն 17 պատանդների թվում էր, որոնց կիրակի ազատ արձակեց «Համաս» խմբավորումը:
Փոքրի աղջնակի պատմությանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում․ «Նրա մայրը սպանվել է փոքրիկի աչքի առաջ՝ հոկտեմբերի 7-ին՝ «Համասի» ահաբեկիչների հարձակման ժամանակ: Աբիգեյլը վազել է իր հայրիկի ուղղությամբ։ Նրան նույնպես գնդակահարել են, երբ նա իր մարմնով փորձել է ծածկել փոքրիկ Աբիգեյլին»:
Բայդենը մանրմասներ է ներկայացրել գործադրվող դիվանագիտական ջանքերի մասին, որոնց նպատակը Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարի հաստատումն է․ «Սերտ կապի մեջ ենք եղել Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի առաջնորդների հետ՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բազմիցս խոսելով նրանցից յուրաքանչյուրի հետ և նպաստելով, որ այս գործարքը կայանա: Ապացույցը, որ [մեր ջանքերը] աշխատում են՝ ամեն մի ժպիտի և երախտագիտության արցունքի մեջ է, որ մենք տեսնում ենք այն ընտանիքների դեմքերին, ովքեր վերջապես կրկին միասին են»։
Your browser doesn’t support HTML5
Այնուամենայնիվ, պատադների ապաքինման ճանապարհը կարող է երկար լինել: Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է. «Ֆիզիկապես նրանցից շատերն իրենց լավ են զգում: Հոգեբանորեն վերականգնվելու համար, սակայն, երկար ժամանակ կպահանջվի»։
Զինադադարի շրջանակներում ազատ են արձակվել նաև տասնյակ պաղեստինցի բանտարկյալներ։ Գազա է մուտք գործել վառելիք ու մարդասիրական օգնություն, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք հրադադարը կպահպանվի։
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական անդամ Մայք Թըրնըրը «NBC»-ի եթերում ասել է. «Երբ այս հրադադարի ժամկետն ավարտվի, ինչպես հենց նոր ասաց [Իսրայելի վարչապետ] Նեթանյահուն, հակամարտությունը կշարունակվի»:
Այնուամենայնիվ, հույսեր կան, որ Իսրայել-«Համաս» հակամարտությունը լուծում կստանա:
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամ Ռո Խաննայի խոսքով․ «Քանի դեռ չկա Պաղեստինի անկախ պետություն, այդ տարածաշրջանում խաղաղություն կամ անվտանգություն չի լինի»:
Մերձավերարևելյան հակամարտության վերաբերյալ արտահայտվել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը և ողջունել պատանդների ազատ արձակումը: