Իսրայելցի պաշտոնյաների խոսքով, ապացույցներ ունեն, որ «Համասը» օգտագործել է Գազայի հյուսիսում տեղակայված «Ալ-Շիֆա» հիվանդանոցը որպես հրամանատարական կենտրոն: Պաղեստինյան խմբավորումը հերքում է։ Իսրայելական կողմի ներկայացմամբ, հիվանդանոցում հայտնաբերել է մոտ 10 մետր խորությամբ, ստորգետնյա ուղղությամբ տանող մի սանդուղք, որին հաջորդում է 55 մետրանոց ստորգետնյա թունելը:
Հրեական պետության համաձայն, առկա են բավականաչափ ապացույցներ, որ «Համասն» օգտագործել է «Ալ-Շիֆան»՝ պատանդներ պահելու համար: Անցած շաբաթ հիվանդանոցային այդ համալիրում հայտնաբերվել են իսրայելցի պատանդներ Նոա Մարչիանոյի և Յեհուդիտ Վայսի մարմինները։
Your browser doesn’t support HTML5
«Համասն» արձագանքել է, թե Մարչիանոն զոհվել է իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։ Սակայն իսրայելցի պաթոլոգների պնդմամբ, զինվորը միայն վիրավորվել էր այդ հարվածի հետևանքով, իսկ մահացել է այլ իրավիճակում:
«Մեզ մոտ առկա տվյալների համաձայն, «Համասի» ահաբեկիչները Նոային տարել են «Ալ-Շիֆա» հիվանդանոց, ուր նա սպանվել է»,- հայտնել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ ի ցույց դնելով մի տեսանյութ, ուր երևում է, որ երկու պատանդներ՝ Նեպալից ու Թաիլանդից, հիվանդանոցի ներսում են:
Հագարի փոխանցմամբ, կադրերին ծանոթացել են այդ երկրների դիվանագետները։
«Իբր բուժման նպատակով՝ «Համասը» պատանդին բերում է հիվանդանոց։ Այժմ կցուցադրեմ տեսանյութ, ուր երևում է, թե ինչպես է պատանդը հիվանդանոց մտնում զինված անձանց ուղեկցությամբ: Ահաբեկիչները հիվանդանոցի ներսում են»,- նշել է Դանիել Հագարին։
Իսրայելի պնդմամբ, «Համասի» ձեռքում են առնվազն 22 թաիլանդցի պատանդներ, այդ թվում՝ մի կին, որը, ենթադրաբար, ծննդաբերել է անազատության մեջ։
«Ալ-Շիֆա» հիվանդանոցում վաղաժամ ծնված 36 երեխաներ կան, և բժիշկները մտահոգված էին փոքրիկների կյանքի համար։ Իսրայելական բանակի ներկայացուցչի խոսքով, իրենք օգնել են ՄԱԿ-ի աշխատակիցներին՝ հատուկ ինկուբատորներ տրամադրելով նորածիններին Գազայի հարավային մասում գտնվող Ռաֆահ բնակավայր, այնտեղից էլ՝ Եգիպտոս տեղափոխելու համար։ «Համասի» կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեխաներից 5-ը մահացել են ճանապարհին:
Իսրայելական կողմի ներկայացմամբ, տակավին բացահայտված չէ «Համասի» զինյալների կողմից օգտագործվող թունելների ողջ ցանցը, ուր շարունակում են թաքնված մնալ պաղեստինայան խմբավորման հազարավոր գրոհայիններ:
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։