Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը վերադառնում է կառավարություն` մերձավորարևելյան հակամարտությամբ պայմանավորված բողոքի ակցիաների ֆոնին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը վերադարձել է կառավարություն։ Նա գլխավորելու է արտգործնախարարությունը։ Ռիշի Սունակի գլխավորած գործադիրում տեղ գտած վերադասավորումներին նախորդել էին Լոնդոնում ի աջակցություն Պաղեստինի կայացած զանգվածային ակցիաները։

Եվրամիությունից դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեն տանուլ տալուց ու վարչապետի պաշտոնը թողնելուց յոթ տարի անց՝ Դևիդ Քեմերոնը վերադարձավ բրիտանական կառավարություն, և վերջին վերադասավորումներից հետո ղեկավարելու է արտգործնախարարությունը:

«Մի շրջան է, երբ որպես երկիր բախվել ենք լուրջ մարտահրավերների՝ մերձավորարևելյան հակամարտություն, ուկրաինական պատերազմ»,- ասել է Քեմերոնը։

Դեռ վարչապետի աթոռին՝ 2010 թվականին, Քեմերոնը Գազան անվանել էր «բանտարկյալների ճամբար», չնայած պահպանում էր Մեծ Բրիտանիայի սերտ կապերն Իսրայելի հետ:

«Թեև Մերձավոր Արևելքում որոշ հակամարտություններ չեն փոխվել, սակայն Դևիդ Քեմերոնին հիշում են [նրա գլխավորած կառավարության] Լիբիայում իրականացրած միջամտությամբ, որն ամենից մեծ հաջողությունը չէր»,- կարծիք է հայտնել վերլուծաբան Բրոնվեն Մեդոքսը։

Լոնդոնի «King’s College»-ի պրոֆեսոր Անանդ Մենոնն ասում է, որ Քեմերոնի գալով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը դժվար թե փոխվի. «Կարծում եմ, որ սա ավելի շատ ներքին լսարանին ուղղված քայլ է»:

Your browser doesn’t support HTML5

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը վերադառնում է կառավարություն` մերձավորարևելյան հակամարտությամբ պայմանավորված բողոքի ակցիաների ֆոնին

Դևիդ Քեմերոնի վարչապետության շրջանը առանձնացավ նաև բրիտանա-չինական հարաբերությունների ջերմացմամբ։ Քեմերոնը տպավորիչ այց կատարեց Պեկին։

«Այս այցը նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբը։ Ոմանք այն կոչում են «ոսկե դարաշրջան»՝ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերություններում»,- 2015 թվականին հայտարարել էր Դևիդ Քեմերոնը։

Անանդ Մենոնը հիշեցնում է՝ այժմ բրիտանա-չինական հարաբերությունները սրված են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին․ ««Ոսկե դարաշրջանը» ավարտվել է։ Կարծում եմ, հատկապես խորհրդարանում նստող պահպանողականների շրջանում հակաչինական տրամադրությունները լուրջ են»:

Քեմերոնը փոխարինելու եկավ Ջեյմս Քլեվերլիին, ով կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը՝ այս շաբաթ աշխատանքից հեռացված Սուելա Բրեյվերմանի փոխարեն։

Պաշտոնանկությունից առաջ՝ լոնդոնյան «The Times» պարբերականում Բրեյվերմանը հանդես էր եկել հրապարակմամբ՝ մեղադրելով բրիտանական ոստիկանությանը ի աջակցություն Պաղեստինի կազմակերպած ակցիաների մասնակիցների նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսևորելու մեջ։

Անցած շաբաթ օրը Լոնդոնում առնվազն 300 հազար մարդ էր մասնակցում բողոքի զանգվածային ակցիային՝ պահանջելով անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում։ Ոստիկանությունը ձերբակալել էր առնվազն 120 ցուցարարի:

Դիտորդների կարծիքով վարչապետ Ռիշի Սունակի նախաձեռնած վերադասավորումների նպատակն է բարձրացնել իշխող Պահպանողական կուսակցության վարկանիշը, քանի որ, ըստ հարցումների, այն զգալիորեն զիջում է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության թվերին։ Մեծ Բրիտանիայում համապետական ընտրությունները պետք է կայանան մինչև 2025 թվականի հունվարի վերջ։