Պատանդներին ազատելու ցանկացած գործարք «Համասի» նկատմամբ ռազմական ճնշման արդյունք է․ Նեթանյահու

Պաղեստինցի տղամարդը նստած է տան ավերակների վրա, երբ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Ռաֆահին

Ընդգծելով, որ Իսրայելը շարունակելու է ռազմական գործողությունները Գազայում, քանի դեռ «Համասը» ջախջախված չէ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի անդրադարձել է խոսակցություններին, թե հնարավոր է պաղեստինյան խմբավորման կողմից ավելի քան երկու հարյուր պատանդառվածների ազատ արձակումը։

Օրերս Սուդյան Արաբիայում հավաքված արաբական ու մահմեդական բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ խստորեն դատապարտեցին իսրայելական բանակի գործողությունները Գազայում։

«ABC»-ի եթերում իրավիճակին անդրադարձել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ ներկայացնելով ԱՄՆ դիրքորոշումը մերձավորարևելյան ճգնաժամի առնչությամբ։

«Կարևորում ենք պատերազմական օրենքների պահպանումը, ինչը նշանակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, այն կարծիքին ենք, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել ահաբեկչական հարձակումներից»,- ասել է Սալիվանը:

Կիրակի «CNN»-ի հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, թե Գազայում բազմաթիվ պաղեստինցիներ են սպանվել։

«Կարծում եմ, քաղաքացիական անձանց մահը ողբերգություն է։ [Սակայն] մեղքը պետք է բարդել «Համասի» վրա, քանի որ այն, անգամ սպառնալով, թույլ չի տալիս մարդկանց հեռանալ պատերազմական գոտուց: Նրանք կրակ են բացել մեր կողմից ստեղծված անվտանգ գոտու ու միջանցքի ուղղությամբ»,- նշել է Նեթանյահուն:

«NBC»-ի եթերում Իսրայելի վարչապետը արձագանքել է հոկտեմբերի 7-ին «Համասի» կողմից պատանդառված առված ավելի քան երկու հարյուր մարդկանց հնարավոր ազատ արձակման շուրջ պտտվող խոսակցություններին։

Your browser doesn’t support HTML5

Իսրայելի վարչապետի խոսքով, դեռ վաղ է դատողություններ անել, թե պատերազմից հետո ով է կառավարելու Գազան։

«Իսրայելի պաշտպանության բանակը բացառիկ աշխատանք է կատարում՝ ճնշում գործադրելով «Համասի» ղեկավարության վրա։ Դա միակ բանն է, որը կարող է հանգեցնել [պատանդների] ազատ արձակման գործարքին, և եթե այն ուրվագծվի, կխոսենք այդ մասին: Կհայտարարենք, եթե նման գործարք ձեռք բերվի»:

Նեթանյաոհւն հավելել է՝ պատերազմն ավարտից հետո, Գազայում անվտանգության ընդհանուր ապահովումն իրականացնելու է Իսրայելը։ Ինչ վերաբերում է քաղաքացիական իշխանությանը, կառավարմանը, դեռ վաղ է խոսել այդ մասին։

«Ինչ վերաբերում է Գազայի քաղաքացիական կառավարմանը․․․ ։ Պետք է ականտես լինենք հետևյալին՝ Գազան պետք է ապառազմականացվի և այնտեղից պետք է դուրս մղվեն արմատական տարրերը։ Կարծում եմ, մինչ այժմ չենք տեսել որևէ պաղեստինյան ուժ, ներառյալ Պաղեստինյան ինքնավարության իշխանությանը, որն ի վիճակ է այդ անել»,- մանրամանսել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Այս ամենին ֆոնին, իրավիճակը Գազայում շարունակում է լարված մնալ․ պաղեստինցի խաղաղ բնակիչները շարունակում էին փախչել շրջանի հյուսիսային մասից։ ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ կոչ են արել անհապաղ դադարեցնել գրոհները Գազայի հիվանդանոցների ուղղությամբ: