ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների միջև երրորդ բանավեճը տեղի ունեցավ չորեքշաբթի՝ Մայամիում, որի մասնակիցների թիվը, սակայն, ամենից փոքր էր՝ նախորդ երկու բանավեճերի հետ համեմատած։ Թեկնախծուները կենտրոնացան միջագային խնդիրների ուղղությամբ՝ փորձելով հանդես գալ առանձնացող մոտեցումներով։
«NBC» հեռուստաալիքով հեռարձակված ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների երրորդ բանավեճի օրակարգի մեծ մասը նվիրված էր արտաքին քաղաքականությանը:
Մասնավորապես, անդրադառնալով մերձավորարևելյան հակամարտութանը՝ թեկնածուները ներկայացրեցին, թե ինչ կփոխանցեին Իսրայելի վարչապետ Նեթանյահույին, եթե նման հնարավորություն առաջանար։
«Մեկընդմիշտ փակեք նրանց՝ դահիճների՝ «Համասի» հարցը: Նրանք ահաբեկիչներ են։ Նրանք կոտորում են անմեղ մարդկանց։ Եթե կարողանան, երկրագնդի երեսից կվերացնեն յուրաքանչյուր հրեայի»,- ասաց նահանգապետ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը:
Your browser doesn’t support HTML5
«Չարիքի հետ չես կարող բանակցել։ Պետք է վերացնես այն»,- նշեց հանրապետական սենատոր Թիմ Սքոթը։
«Առանց Իրանի «Համաս» չէր լինի։ Առանց Իրանի «Հեզբոլլահ» չէր լինի. Առանց Իրանի հութիների այդ շարժումը չէր լինի։ Իսկ ո՞վ է ֆինանսավորում Իրանին: Չինաստանը նավթ է գնում Իրանից։ Ռուսաստանը Իրանից անօդաչուներ և հրթիռներ է ստանում,
և դաշինք են կազմել»,- փոխանցեց նախագահի հանրապետական թեկնածու Նիկի Հեյլին։
Բանավեճին հինգ թեկնածուների մասնակցությունը նրանց կրկնակի ավելի շատ ժամանակ տվեց՝ ելույթ ունենալու, քան նախորդ անգամներում էր։
Ուկրաինային լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը բաժանեց թեկնածուներին։
«Սա ընտրություն չէ։ Սա այն գինն է, որը մենք վճարում ենք՝ ազատ աշխարհի առաջնորդը լինելու համար»,- ասաց նախագահի հանրապետական թեկնածու Քրիս Քրիստին:
«Ուկրաինան ժողովրդավարության տիպար չէ։ Այն մի երկիր է, ուր արգելվել են ընդդիմադիր 11 կուսակցություններ։ Բոլոր լրատվամիջոցները համախմբված են պետական լրտվամիջոցի հովանու ներքո: Դա ժողովրդավարական [մոտեցում] չէ»,- նշեց մյուս թեկնածուն՝ Վիվեկ Ռամասվամին։
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին արձագանքեց․ «Բոլորս հիշում ենք, թե ինչ արեց այդ ավազակը, երբ ներխուժեց Ուկրաինա։ Բոլորս գիտենք, որ Պուտինի պատճառով կես միլիոն մարդ է մահացել։ Եվ ահա, մի ազատասեր, ամերիկամետ երկիր, որը պայքարում է իր գոյատևման և ժողովրդավարության համար»:
Անդրադառնալով ամերիկա-մեքսիկական սահմանով թմրամիջոցների, մասնավորապես՝ ֆենտանիլի ներհոսքին՝ ԴեՍանտիսը հայտարարեց, թե այդ հարցում ավելի խիստ միջոցների է դիմելու քան Թրամփն իր նախագահության օրոք:
«Պատրաստվում եմ սահմանային պատը կառուցել և անել այնպես, որ Մեքսիկան վճարի դրա համար, ինչպես խոստացել էր Թրամփը: Ինչպե՞ս ենք այդ անելու։ Չէ՞ որ Մեքսիկան չի պատրաստվում փող հատկացնել [այդ նպատակով]։ Պատրաստվում ենք վճարներ սահմանել՝ օտարերկրյա աշխատակիցների կողմից իրականացվող դրամական փոխանցումների համար։ Միլիարդավոր դոլարներ կհավաքենք, և ես կկառուցեմ պատը»,- ասաց Ռոն ԴեՍանտիսը։
Ինչպես նախորդ բանավեճերին, Մայամիում ևս բացակայում էր հանրապետականների առաջատար թեկնածուն։
Նախկին նախագահ Թրամփն իր կողմից հրավիրված հանրահավաքում էր՝ բանավեճի վայրից 16 կիլոմետր հեռավորության վրա՝ Ֆլորիդայի Հիալիա քաղաքում, ուր մեծամասնությունը իսպանախոս է:
Վիրջինիայի համալսարանի քաղաքականության ամբիոնի վարիչ Ջենիֆեր Լոուլեսի խոսքով, դժվար թե հանրապետըական թեկնածուները կարողանան անցնել Թրամփին իրենց վարկանիշով։
«Բազմաթիվ հարցումների համաձայն, Թրամփի վարկանիշը 50%-ից ավելի է, շատ ավելի հարցումներ նրան տալիս են 40% վարկանիշ, և ոչ մի թեկնածու նույնիսկ մոտ չէ նրան: Բայց եթե ինչ-որ բան պատահի՝ Թրամփը հայտնվի բանտում, կամ չկարողանա առաջադրվել, կամ հարկադրված դուրս գա մրցապայքարից՝ իրավական պատճառներով, ով երկրորդ տեղում է, առավելություն կունենա»,- ասաց Լոուլեսը:
Ինչևէ, ԱՄՆ նոր նախագահի ընտրությանը այդքան էլ շատ ժամանակ չի մնացել՝ մեկ տարուց պակաս։