Բազմաթիվ հրեաների համար միկրոավտոբուսի բեդվին վարորդ Յուսեֆ Զիադնան հերոս է․ այս հոկտեմբերի 7-ին նա իր մեքենայով պետք է տեղափոխեր երաժշտական փառատոնին մասնակցող վեց պարուհիների, բայց երբ սկսվեց «Համասի» զինյալների գրոհը, որի հետևանքով այդտեղ սպանվեց մոտ 260 հոգի, Յուսեֆը փրկեց 30 մարդու։
«Իմ մեքենան 14 հոգու համար է, բայց 30 հոգու վերցրեցի: Չընկրկեցի, երբ սկսեցին կրակել մեր ուղղությամբ։ Տուն գնալու տարբերակ ունեի, բայց ինքս ինձ ասացի՝ ո՛չ, բոլորս մարդ ենք և պետք է կյանքեր փրկենք: Բախտս բերեց։ Այլ տեղերով վարեցի մեքենան, քանի որ գիտեմ տարածքը։ Եթե հիմնական ճանապարհով գնայի, մեզ կսպանեին»,- պատմում է նա։
Հրեաների շնորհակալությանը զուգահեռ, Յուսեֆն արժանացել է «Համասի» սպառնալիքներին. «Սպառնացել են, թե 30 հրեաների կյանք եմ փրկել, և իրենք՝ [«Համասը»] դեռ կհասնեն ինձ։ Այս մասին հայտնլ եմ Ռահաթի ոստիկանություն»:
Հերոս լինելը՝ յոթ երեխաների հոր կյանքը առանձնապես չի փոխել։ Պատերազմի պատճառով՝ աշխատանք չունի։ Իսրայելի քաղաքացի շատ բեդվինների նման ապրում է Նեգևի անապատի գյուղերից մեկում, ուր ամենևին էլ պաշտպանված չեն հրթիռային հարվածներից։
Վահիդ ալ-Վազալը իսրայելական բեդվինների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Քայլ առաջ» կազմակերպության ղեկավարն է: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է, որ «Համասի»՝ հոկտեմբերի 7-ին հարձակման ժամանակ սպանվել են 17 բեդվիններ, 6-ը անհետ կորել են:
Կորուստները բեդվինների շրջանում դրդել են բազմաթիվ հրեա կամավորների Ռահաթում օգնության ձեռք մեկնել նրանց՝ սպանվածների, առևանգվածների ընտանիքներին նյութական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելով։
Իսրայելցի կամավոր Քերեն Լևին անկեղծանում է. «Գուցե ամոթ է խոստովանելը, բայց նախկինում երբեք չեմ եղել Ռահաթում: Հիմա հասկանում եմ, որ պետք է այստեղ եկած լինեի։ Պարզ է, որ այս սարսափելի պատերազմի ավարտից հետո, ավելի շատ ենք համագործակցելու [տեղի բնակչության հետ]»:
«Երբ այցելում ենք տարբեր քաղաքներ՝ հրեական բնակավայրեր, հաճախ ենք լսում՝ «մահ բոլոր արաբներին»։ Նման խոսքերն, իրոք, դատապարտելի են, և [բարեբախտաբար] նման մտածողները մեծամասնություն չեն»,- ասում է Այեշա Զիադնան։
«Այս նախաձեռնությունը պետք է ընդլայնենք։ Մենք կարող ենք միասնական լինել: Եթե ես կարող եմ այստեղ լինել, բոլորը կարող են միասին աշխատել և պարզապես լավ բաներ անել»,- նշում է մեկ այլ կամավոր Շեյխ Ջամալ Ալ-Օբրանը։
Կամավորների խոսքով, չնայած տարբեր կարծիքներին, բայց մարդկանց օգնություն ցուցաբերելը մտերմացնում է իրենց։