Իրանի արտգործնախարարը չորեքշաբթի Անկարայում էր։ Թեև Իրանի ու Թուրքիայի միջև մրցակցությունն աճում է, քանի որ Անկարայում վճռական են Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա սեփական ազդեցությունը տարածելու գործում, բայց մերձավորարևելյան հակամարտությունը նրանց միջև համագործակցության հնարավորություն է ստեղծել։
Չորեքշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարար
Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը դատապարտեցին Իսրայելին՝ հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման նախաձեռնած գրոհին կոշտ արձագանքելու համար:
Your browser doesn’t support HTML5
Չնայած Թուրքիայի ջանքերը՝ ընդլայնել սեփական ազդեցությունը Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա, մտահոգում են Իրանին, բայց մերձավորարևելյան արյունալի հակամարտության ի հայտ գալը, թերևս, եզակի հնարավորություն է տարածաշրջանային երկու տերությունների համար՝ որոշակի փոխգործակցություն հաստատել։
«Թուրքիան փորձում է կապվել Կենտրոնական Ասիային: Սա գաղտնիք չէ: Բայց Իրանի ու Թուրքիայի միջև լարվածությունը փոքր-ինչ թուլացել է, հետաձգվել, քանի որ [բոլորի] ուշադրության կենտրոնում Մերձավոր Արևելքն է, և այս փոփոխությունը ավելի լուրջ է դառնալու գալիք տարիներին»,- ասում է միջազգային հարաբերությունների գծով վերլուծաբան Իլհան Ուզգելը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևողականորեն աշխատում է ամրապնդել հարաբերությունները Թուրքմենստանի և Ղազախստանի հետ՝ միաժամանակ վերականգնելով հարաբերությունները Թեհրանի մրցակից Սաուդյան Արաբիայի հետ: Սրանք քայլեր են, որոնք կարող են հարուցել Իրանի մտահոգությունը: Միևնույն ժամանակ, որոշ դիտորդներ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի հետ Թուրքիայի խորացող ռազմական կապերի վրա, իսկ Բաքուն, իր հերթին, սերտ հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ:
«Իսրայելցիները համագործակցում են ադրբեջանցիների, Ադրբեջանի հետ՝ Իրանում ինչ-որ բաներ անելու համար, ինչը, սակայն, բարկացնում է Իրանին»,- ասում է Ստամբուլի Քադիր Հաս համալսարանում միջազգային հարաբերությունների գծով պրոֆեսոր Սոլի Օզելը:
Այս սեպտեմբերին՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ, Ադրբեջանը հարկադրեց հայերին հեռանալ վիճելի համարվող Լեռնային Ղարաբաղից: Թեհրանն, իր հերթին, աջակցում է Հայաստանին։ Ադրբեջանական այդ հարձակումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը զգուշացրել էր Իրանին՝ զերծ մնալ միջամտելուց։ Որոշ դիտորդների ներկայացմամբ, Ադրբեջանի ռազմական հաղթանակը ավելացնում է Իրանի մտոհգությունները՝ կապված իր՝ ադրբեջանական փոքրամասնության հետ:
«Ալիևն այսօր որպես հերոս է ներկայանում, քանի որ ադրբեջանցիները հաղթել են պատերազմներում: Վստահ եմ, իրանցիները մտահոգված են ադրբեջանցի ազգայնականների կողմից անվանվող հյուսիսային Ադրբեջանի գրավչության բարձրացմամբ՝ Իրանի բնակչության շրջանում, որի մոտ, հավանաբար, աճում է դժգոհությունը՝ կապված իսլամական հանրապետությունում ապրելու հետ»,- նշում է պրոֆեսոր Սոլի Օզելը:
Անցած տարի՝ Իրանում բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, Ալիևը հեռուստաուղերձով խոստացավ պաշտպանել ադրբեջանցիներին՝ Ադրբեջանում և Իրանում: Վերջերս Թեհրանն ու Բաքուն զորավարժություններ անցկացրեցին իրենց սահմանների մոտ։ Հիշեցնենք, երկու տարի առաջ Անկարան ռազմա-քաղաքական
համագործակցության մասին պայմանագիր կնքեց Բաքվի հետ՝ պարտավորվելով պաշտպանել Ադրբեջանը ռազմական ներխուժման դեպքում։
Կովասում պահպանվող լարվածության և ուրբաթ Էրդողանի՝ Ղազախստան կատարած այցի ֆոնին, ուր Թուրքիայի նախագահը հանդիպեց կենտրոնաասիական երկրների ղեկավարներին, դիտորդները չեն բացառում, որ այս տարածաշրջանների համար իրանա-թուրքական մրցակցությունը կարող սրվել։