«Եթե սա չդադարի, կպատասխանենք»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ նաև արձագանքելով ամերիկյան օրենսդիրների արտահայտած մտահոգությանը, թե անցած շաբաթ Իրաքում և Սիրիայում հասցված ԱՄՆ պատասխան հարվածները բավականին ուժեղ չէին:
«Եթե չունենանք զսպող գործիքներ իրանցիների դեմ, այդ հարձակումներն աստիճանաբար կավելանան: Նրանք պատրաստվում են ընդլայնվել Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս: Դա իմ ամենամեծ վախն է»,- ասել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն։
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ ամրապնդել է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը՝ ուժեղացնելով հատկապես ամերիկյան ռազմակայանների հակաօդային պաշտպանությունը:
Միացյալ Նահանգների հազարից ավելի ծովային հետևակայիններ են պարեկում «USS Bataan» գրոհային ռազմանավի վրա՝ Իսրայելի ափերի մոտ:
ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակայինների հրամանատար, գեներալ Էրիկ Սմիթը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է՝ Միացյալ Նահանգների ուժերը տարածաշրջանում են՝ պաշտպանություն իրականացնելու և զսպելու, ոչ թե Գազա ներխուժելու համար:
«Այնտեղ ենք, որպեսզի ապահովենք Ամերիկայի քաղաքացիների անվտանգությունը, և որ այս ճգնաժամը չընդլայնվի կամ չխորանա»,- ասել է գեներալը՝ զգուշացնելով տարածաշրջանում ամերիկյան ուժերին թիրախավորել փորձող դերակատարներին՝ զերծ մնալ նման գործողություններից՝ հետևանքներից խուսափելու համար։