Մարդկությունը հսկայական քանակությամբ տվյալներ են վերբեռնել մեքենաներ, որոնք կարող են ավելի արագ հաշվել, ավելի լավ հիշողություն ունեն, քան մարդիկ, և ի վիճակի են տպավորիչ արվեստի գործեր ստեղծել, կամ ավելի լավ ախտորոշել մարդկանց հիվանդությունները։
Սակայն ցանկացած այլ գործիքի նման, արհեստական բանականությունը նույնպես կարող է կիրառվել ապօրինի նպատակներով՝ մարդկանց խաբելու, ապատեղեկացնելու, կամ վնաս պատճառելու համար։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց մի օրենք, որը նոր չափորոշիչներ է սահմանում՝ արհեստական բանականության հետ առնչությունների ժամանակ։ Օրինակ, արհեստական բանականության խոշոր մշակողներից պահանջում է անվտանգության թեստերի արդյունքները և այլ կարևոր տեղեկություններ փոխանցել ԱՄՆ կառավարությանը:
Your browser doesn’t support HTML5
Փոխնախագահ Քամալա Հարիսը Մեծ Բրիտանիայում կայացած և արհեստական բանականությանն առնչվող անվտանգության հարցերի շուրջ գագաթնաժողովին հայտարարեց ԱՄՆ կառավարության «AI Safety» նախաձեռնության մասին և հրապարակեց ամերիկյան իշխանությունների ուղեցույցը՝ արհեստական բանականությանը վերաբերող քաղաքականության վերաբերյալ։
Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքով, գլոբալ տեխնոլոգիական փոփոխությունների ֆոնին՝ կարգուկանոն և կայունություն ապահովելու համար պետք է առաջնորդվել պետությունների միջև ընդհանուր փոխըմբռնմամբ: Այդ իսկ պատճառով՝ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ ստեղծելու նոր կանոններ և նորմեր:
Հիշեցնենք, այս տարվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում լսումներ էին խնդրի վերաբերյալ, որի ժամանակ ոլորտի առաջատարները, օրինակ՝ «OpenAI»-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը անդրադարձան առկա մտահոգություններին։
«Իմ ամենից լուրջ մտավախությունն այն է, որ մենք էական վնաս ենք պատճառում աշխարհին։ Մենք՝ նկատի ունեմ ոլորտը, տեխնոլոգիան, արդյունաբերությունը»,-հայտարարել էր Ալթմանը։
Բրիտանական գագաթնաժողովի մասնակից միլիարդատեր, ձեռներեց Իլոն Մասկը, ով աշխատում է արհեստական բանակության սեփական ծրագրի ուղղությամբ, հայտարարեց, թե այն հանրության առջև ծառացած «ամենամեծ սպառնալիքներից մեկն է»:
«Մարդկության պատմության ընթացքում առաջին անգամն է, որ ինչ-որ բան մեզնից շատ ավելի խելացի կլինի: Ինձ համար հստակ չէ, որ կարող ենք վերահսկել այն: Բայց, կարծում եմ, որ կարող ենք ձգտել առաջնորդել արհեստական բանականությունը»,- ասել է Մասկը: