Կիրակի հարյուրավոր մարդիկ ներխուժել են Մախաչկալայի օդանավակայան՝ բողոքելու Թել Ավիվից ինքնաթիռի ժամանման դեմ՝ հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցներն ու սոցցանցերը։
Գերազանցապես մահմեդականներով բնակեցված Դաղստանի մայրաքաղաքի իշխանությունները ստիպված էին գրեթե մեկ օր փակել տարածաշրջանի խոշորագույն օդանավակայաններից մեկը։ Հաղորդվում է ավելի քան ութ տասնյակ ձերբակալվածների մասին։ Թեև զոհերի մասին տեղեկությունների չկան, սակայն տուժածների թիվը ավելի քան երկու տասնյակ է, այդ թվում՝ ոստիկաններ։
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հրեաների դեմ ուղղված կոչերով ամբոխը փորձել է գրոհել ռուսական «Red Wings» ավիաընկերության ինքնաթիռը, որը ժամանել էր Թել Ավիվից։
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես էին մի քանի հարյուր՝ գլխավորապես տեղացի երիտասարդներ՝ Պաղեստինի դրոշներով, բղավելով հակահրեական կոչեր, ներխուժել օդանավակայանի տարածք, այդ թվում՝ թռիչքուղի։ Նրանցից ոմանք փորձում էին շրջել ոստիկանական մեքենան, մյուսները ստուգում են Մախաչկալա ժամանող ուղևորների անձնագրերը՝ նպատակ ունենալով հայտնաբերել իսրայելցիների:
Հոկտեմբերի 29-ի երեկոյան հրապարակած հայտարարությամբ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն ընդգծել է, թե Իսրայելը «ակնկալում է, որ ռուսաստանյան իրավապահները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք գտնվեն, և վճռականորեն կգործեն խռովարարաների ու հրեաների դեմ վայրագություններ հրահրողների դեմ»։
Իսրայելի վարչապետի գրասենյակը հավելել է՝ Ռուսաստանում Իսրայելի դեսպանն աշխատում է ռուսական իշխանությունների հետ՝ ապահովելու իսրայելցիների և հրեաների անվտանգությունը։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, անկարգությունների հեղինակաները պատասխանատվության կենթարկվեն։
Իր հերթին՝ հայտարարությամբ է հանդես եկել Դաղստանի կառավարությունը։ Իր աջակցությունը հայտնելով Գազայի բնակիչներին՝ տեղի իշխանությունները կոչ են արել համաքաղաքացիներին պահպանել հանգստությունն ու զերծ մնալ նման անկարգություներին մասնակցելուց։
«Կոչ ենք անում հանրապետության բնակիչներին ըմբռնումով վերաբերվել աշխարհում ստեղծված իրավիճակին։ Դաշնային իշխանությունները և միջազգային կազմակերպությունները գործադրում են բոլոր ջանքերը՝ Գազայում հրադադարի հասնելու համար...։ Կոչ ենք անում հանրապետության բնակիչներին չտրվել [անկարգություններ հրահրող] խմբերի սադրանքներին և խուճապ չտարածել հանրության շրջանում»,- ասված է «Telegram»-ում հրապարակված Դաղստանի կառավարության հայտարարությունում:
Դաղստանի գերագույն մուֆթի, շեյխ Ահմադ Աֆանդին կոչ է արել հանրապետության բնակիչներին դադարեցնել անկարգությունները․ «Դուք սխալվում եք։ Այս հարցը չի կարող լուծվել նման կերպ։ Այս հարցին մենք այլ կերպ կանդրադառնանք։ Ոչ թե հանրահավաքներով, այլ համահունչ եղանակով։ Ձեզ առավելագույն համբերություն և հանգստություն եմ մաղթում»։
«Red Wings» ավիաընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ից վերսկսում է Մախաչկալա և Մախաչկալայից թռիչքները, սակայն ոչ Թել Ավիվի ուղղությամբ։
Your browser doesn’t support HTML5
Փորձագետների մեկնաբանությունները
«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում լրագրող, հրապարակախոս Իգոր Յակովենկոն կարծիք է հայտնել, թե տեղի ունեցածը «կարծես, վերևից համակարգված գործողություն լիներ»․ «Պուտինը երկար ժամանակ համակարգված կերպով ոչնչացնում է մահմեդականներին Սիրիայում, որոնք ուննիներ են՝ ճիշտ նույն մահմեդականները, ինչ պաղեստինցիները և Հյուսիսային Կովկասի [շատ] բնակիչներ: Սակայն մինչ այժմ Հյուսիսային Կովկասում այդ հանցագործությունների դեմ ուղղված բողոքի ակցիաներ չեն եղել։ Իսկ Չինաստանը վաղուց չափազանց կոշտ քաղաքականություն է վարում [մահմեդական] ույղուրների նկատմամբ։ Ուստի, ակնհայտ է, որ հակաիսրայելական հիստերիա հրահրելու հրահանգը տրվել է վերևից։ Պաշտոնական քարոզչությունը՝ զուգորդված կրեմլամետ բլոգերներով, նույնպես ուղղված էր դրան: Սա է ողջ պատմությունը: Սա ծրագրված գործողություն էր, որն ուղղված էր «եղբայրական» «Համասին» աջակցելու համար»։
Յակովենկոն շարունակում է․ «Այն, որ Ռուսաստանն ամբողջությամբ բռնել է «Համասի» (ԱՄՆ-ում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպության․ «Ամերիկայի ձայնի» ծանոթագրությունը) կողմը, միանգամայն ակնհայտ է։ Առաջին
երկիրը, ուր հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունից հետո մեկնեցին «Համասի» ներկայացուցիչները, Ռուսաստանն էր, ոչ թե Թուրքիան, Եգիպտոսը կամ Իրանը...։ Նրանք գնացին «եղբայրական ահաբեկչական ռեժիմի» մոտ՝ աջակցություն ստանալու։ Սա շատ բանի մասին է խոսում»:
Միաժամանակ, «Ամերիկայի ձայնի» զրուցակցի ներկայացմամբ, Հյուսիսային Կովկասում հակահրեական բնույթ կրող անկարգությունները դեռ լուրջ խնդիր չեն Կրեմլի համար և լիովին կառավարելի են։
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, պատմաբան Անդրեյ Զուբովը իրավիճակը գնահատում է փոքր-ինչ այլ դիտանկյունից․ իր համար անպսասելի էին նման կարգի անկարգությունները Հյուսիսային Կովկասում․ «Նախադրյալներ չկային։ Դերբենտում հրեական համայնք է եղել վաղ միջնադարից, իսկ տեղի մահմեդականների ու հրեաների միջև միշտ եղել են բավականին նորմալ հարաբերություններ»։
Հետևաբար, ըստ Զուբովի, այն, ինչ տեղի ունեցավ ակնհայտորեն ուղղորդված էր ինչ-որ կենտրոնից, քանզի միաժամանակ անկարգություններ են տեղի ունեցել Հյուսիսային Կովկասի մի շարք շրջաններում, որոնց նաև այդ պատճառով դժվար է ինքնաբուխ անվանել, սակայն քիչ հավանական է, որ դրանց հրահանգը իջեցվել էր Մոսկվայից. «Իմ կարծիքով, այսօր սա բոլորովին պետք չէ Կրեմլին։ Այստեղ ավելի շուտ զգացվում է մահմեդական աշխարհի ազդեցությունը։ Դաղստանի կրոնական գործիչները վաղուց շատ լավ կապեր ունեն Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Իրաքի և այլ երկրների սուննի համայնքների հետ»:
Ընդդիամդիր գործիչն ուշադրություն է հրավիրում՝ տեղի բնակիչներն, ավանդաբար, գրեթե ցանկացած տեղեկություն ընդունում են ոչ քննադատաբար․ «Սա խնդիր է, որը գալիս է խորհրդային անցյալից։ Մնում է հուսալ, որ այս երևույթը Ռուսաստանում իր ավարտը կունենա։ Կտեսնենք։ Ժամանակին Պուտինի իշխանությունը մտածում էր օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր օգտին, բայց հիմա չգիտեն, թե ինչ անել։ Մոսկվան հասկանում է, որ Հյուսիսային Կովկասում բռնությունների բռնկումները կարող է հարվածել երկրի քաղաքական համակարգին։ Շատերն արդեն համեմատում են հյուսիսկովկասյան ցույցերը Պրիգոժինի ապստամբության հետ։ Այս տեսանկյունից Կրեմլն ավելի է հայտնվում խոցելի վիճակում»։