Ինչպե՞ս կազդի Գազայի պատերազմը Բայդենի վարկանիշի վրա

Պաղեստինցիները վիրավոր տղամարդուն դուրս են բերում Գազա քաղաքի վրա Իսրայելի օդային հարվածներից հետո ավերածություններից, հոկտեմբերի 27, 2023թ.

ԱՄՆ ներկայիս նախագահը, ով ցանկություն է հայտնել վերջ տալ «հավերժ պատերազմներին», այսօր նոր մարտահրավերի առջև է՝ ի հավելում Ուկրաինայի պատերազմի և Թայվանի շուրջ լարվածությանը, Գազայում արյունահեղություն է: Այս մարտահրավերների հաղթահարումը կարող է մեծապես ազդել 2024 թվականին Բայդենի վերընտրության վրա։

Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով: Գազայում՝ «Համասի» ղեկավարած առողջապահության նախարարության տվյալներով, զոհերի քանակն անցել է 7 հազարը: Սակայն այս թիվը կասկած է հարուցել Սպիտալ տանը։

«Չեմ կարծում, թե զոհերի մասին պաղեստինցիները տրամադրում են ճիշտ տվյալներ: Համոզված եմ, զոհվում են անմեղ մարդիկ, և դա պատերազմի գինն է»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ջո Բայդենի այս հայտարարությունը հարուցել է ամերիկացի արաբների, մահմեդականների և այլոց զայրույթը, ովքեր դեմ են Գազայի հարցում Բայդենի վարչակազմի քաղաքականությանը։

«Ցնցող և անմարդկային [խոսքեր են]: Նախագահն ավելի լա՞վ կզգար, եթե ընդամենը հազար պաղեստինցի երեխա զոհվեր»,- ասում է Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդի ներկայացուցիչ Ռոբերտ ՄըքՔոուն։

Կոնգրեսի ինը անդամներ՝ հիմնականում Բայդենի հարազատ Դեմոկրատական կուսակցությունից դեմ են քվեարկել Իսրայելին սատարող և «Համասին» դատապարտող բանաձևին, քանզի այն չի անդրադառնում պաղեստինցիների կորուստներին:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական

խմբավորում։

Տարբեր սոցհարցումների համաձայն, ամերիկացիներն ավելի շատ համակրում են իսրայելցիներին, քան պաղեստինցիներին, թեև երիտասարդ ամերիկացիների շրջանում պատկերն ավելի հավասակշռված է:

«Ամերիկացի հրեաների շրջանում գրեթե համընդհանուր գովեստի խոսքեր են նախագահ Բայդենի և նրա դիքորոշման հասցեին։ Իսկ այդ մարդիկ կարևոր խումբ են ընտրությունների ժամանակ, ինչպես նաև նշանակալի հատկացումներ ունեն Դեմոկրատական կուսակցությանը»,- ասում է Վիրջինիայի համալսարանի Քաղաքագիտական կենտրոնի ներկայացուցիչ Լարի Սաբատոն:

Մինչդեռ, Կոնգրեսի հանրապետականներն աստիճանաբար ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրում այլ մայրցամաքներում ընթացող պատերազմները ֆինանսավորելու Սպիտակ տան ներկայիս քաղաքականության նկատմամբ։ Այդ թվում՝ Ներկայացուցիչների տան նորընտիր խոսնակ Մայք Ջոնսոնը, ով, անշուշտ, համակրում է Իսրայելին, բայց դեմ է առանց նախապայմանների լրացուցիչ գումար հատկացնել Ուկրաինային․ «Առաջին օրինագիծը, որը պատրաստվում եմ ներկայացնել Կոնգրեսին՝ մի փոքր ուշացումով, մեր սիրելի բարեկամ Իսրայելին աջակցելու մասին է: Մենք ուշացել ենք»:

«Համասի» կողմից Իսրայելի դեմ իրականացված հարձակմանը հաջորդած ժամանակահատվածում շուրջ 9%-ով աճել է այն ընտրողների թիվը, ովքեր հավանություն են տալիս Բայդենի վարած քաղաքականությանը։

Թե ինչ ազդեցություն կթողնի Գազայի պատերազմը 2024 թվականի ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա, կախված է նաև այս հարցի պատասխանից՝ արդյո՞ք հնարավոր կլինի զսպել հակամարտության ընդլայնումը: Մինչդեռ, աստիճանաբար ավելի հաճախակի են դարձել ընդհարումներն Իսրայելին հարևան Լիբանանում տեղակայված ու Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահի» զինյալների և իսրայելական ռազմուժի միջև։

«Եթե ուղղակի ներգրավվենք այդ հավերժական պատերազմների մեջ, ապա, այո՛, Բայդենը կտուժի: Բայց քանի դեռ նա ամերիկյան զորքերը հեռու է պահում առաջնագծից, չեմ կարծում, որ իրավիճակը լուրջ ազդեցություն ունենա քվեների վրա»,- նշում է Լարի Սաբատոն։

Նա ընդգծեց՝ այս ամենի համատեքստում անչափ կարևոր է հնարավորինս խուսափել խաղաղ պաղեստինցիների շրջանում զոհերից և մարդասիրական օգնություն ուղակել Գազա։