«Մեր երազանքները հօդս են ցնդել». Գազայի բնակիչ 

Your browser doesn’t support HTML5

«Մեր երազանքները հօդս են ցնդել». Գազայի բնակիչ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք չցանկացան խոսել տեսախցիկի առջև։ 

Հորդանան գետի՝ օկուպացված արևմտյան ափում գտնվող բնակավայրի՝ Ռամալլահի քաղաքապետարանի շենքում հարյուրավոր հուսահատ տղամարդիկ են․ ռազմնական գործողություններն Իսրայելի ու «Համասի» միջև նրանց առջև փակել է տունդարձի՝ Գազա տանող ճանապարհը։

Շատերն ասում են, որ այլևս այնպիսի վիճակ է, որ կգերադասեն մահվան վտանգի ներքո որևէ կերպ տուն հասնել, քան հեռախոսով լսել իրենց ընտանիքների տառապանքները:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք չցանկացան խոսել տեսախցիկի առջև։

Օրինակ, Սալեհ Հասանն ունի կին, երեք դեռահաս դուստր։ Բոլորն արգելափակված են Գազայում․ «Մենք պարզ մարդիկ ենք: Կապ չունենք տեղի ունեցողի հետ։ Պարզապես՝ փորձում ենք կառուցել մեր կյանքը, ընտանիքներ ստեղծել: Աղջիկս սովորում է համալսարանի երկրորդ կուրսում: Ցանկանում էր ավարտել բուհը: Բայց հիմա մեր երազանքները հօդս են ցնդել։ Ամեն ինչ կործանվեց»։

Գազայում ապրում է ավելի քան երկու միլիոն մարդ։ Շրջանը արտաքին աշխարհին կապող միակ սահմանային անցակետը ոչնչացվեց մարտերի առաջին օրն իսկ՝ այն բանից հետո, երբ «Համասը» հոկտեմբերի 7-ին անակնկալ հարձակում գործեց հրեական պետության նկատմամբ։ Նախորդ օրերին իսրայելական ռազմուժը շարունակաբար ռմբահարել է Գազան՝ հորդորելով բնակիչներին՝ պաղեստինցիներին հեռանալ որոշ շրջաններից։ Սակայն Գազան արտաքին աշխարհին կապող ճանապարհները փակ են։

Սալեհն ասում է, որ իր ընտանիքը չէր ցանկանում հեռանալ․ «Ասում էին, թե ուզում ենք մեր տանը մնալ, մինչև մեզ էլ կռմբահարեն»։

Այն պաղեստինցի տղամարդկանց համար, որոնք Իսրայելի թույլտվությամբ կարողացել են աշխատանք գտնել Գազայից դուրս և այժմ շրջանում չեն՝ փաստորեն մնալով փողոցում, տեղի իշխանությունները, կամավորները սնունդ և բնակարաններ են տրամադրում։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելը չեղարկել է նրանց աշխատանքի թույլտվությունը:

Կամավոր Իսրա Գաննամն ասում է, որ շուրջ 800 մարդու են սնունդ տալիս, սակայն պաշարները սպառվում են:

Մինչ Իսրայելը խոստացել է ոչնչացնել «Համաս» խմբավորմանը, իսկ վերջինս նախապատրաստվում է պաշտպանության՝ Ռամալլահի քաղաքապետարանում հավաքված պաղեստինցի տղամարդիկ ասում են, թե կորցրել են հույսը, որ երբևէ կտեսնեն իրենց ընտանիքներին: