Առողջապահության ոլորտի պաղեստինցի պաշտոնյաների փոխանցմամբ, մի քանի տասնյակ պաղեստինցիներ, ներառյալ՝ կանայք ու երեխաներ, սպանվել են երկուշաբթի Գազայում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով: Նրանց խոսքով, ավելի քան 500 մարդ է զոհվել, մոտ 120 հազարը լքել են իրենց տները՝ փախչելով Գազայի այլ շրջաններ:
«Առանց նախազգուշացնելու առնվազն չորս տուն են ավերել Ջաբալիայի Ալ-Տրանս շրջանում։ Ունենք 50 կամ 60 նահատակներ, կորուստները շատ են, ավերածություններն անհավատալի։ Աստված իմ․․․, հիմա մարդկանց են դուրս բերում, Աստված իմ»,- ասում է Ջաբալիայի բնակիչ Իբրահիմ Նոֆալը:
Մյուս կողմից, Իսրայելում շոկ է․ պաղեստինցիների հարձակման հետևանքով հրեական պետությունում զոհերի թիվն ամենից բարձրն է նախորդ 50 տարվա համեմատ: Կիրակի հայտնաբերվել են երաժշտական փառատոնի երիտասարդ մասնակիցների ավելի քան 260 դիեր: «Համասի» զինյալներն առևանգել են ավելի քան 130 իսրայելցիների, շատերը փառատոնի մասնակիցբներից էին։ Նրանք տարվել են Գազա։
Անհետ կորածներից է 21-ամյա Ադի Մայզելը։ Նրա մայրը՝ Ահուվա Մայզելը, երկուշաբթի կարողացավ խոսել լրագրողների հետ։
Your browser doesn’t support HTML5
«Նրա հետ վերջին հեռախոսազանգի ժամանակ լսեցինք աղմուկ, կրակոցներ, ռմբակոծությունների ու քաոսի, լիակատար քաոսի ձայներ։ Մեր վերջին զանգն էր Ադիի հետ: Այդ պահից ի վեր որևէ տեղեկություն չունենք, թե որտեղ է մեր դուստրը, ինչ վիճակում է։ Չգիտենք՝ ո՞ղջ է, թե՞ ոչ: Չգիտենք՝ արդյո՞ք ինչ-որ տեղ արյունաքամ է լինում: Չգիտենք՝ արդյո՞ք ինչ-որ մեկը նրան առևանգել է: Ուղղակի անօգնական ենք»,- ասում է Ահուվա Մայզելը:
Իսրայելի հավաստմամբ, իր զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը բոլոր 22 համայնքների նկատմամբ, որոնք ընկել էին «Համասի» հարյուրավոր զինյալների ձեռքը՝ հանգեցնելով խաղաղ բնակչության սպանդի։ Ներկայում հարձակվող կողմը Իսրայելն է՝ խոստանալով ոչնչացնել «Համասի» ռազմական կարողությունները։
Դիտորդների խոսքով, հրեական պետությունը շատ ջանք պետք է թափի՝ հակառակորդ կողմին զսպելու իր նախկին կարողությունները վերակագնելու համար։
«Պարզապես պատերազմի ավարտով չես կարող հաղթահարել թույլ լինելու այն տպավորությունը, որը ստեղծվեց Իսրայելի շուրջ նախորդ 48 ժամվա աղետի պատճառով, և որի հետևանքով Իսրայելն այժմ տուժում է։ Տարածաշրջանային այն ուժերը, որոնք խաղաղություն են ցանկանում Իսրայելի հետ, հասկանում է, թե ինչ պետք է անի հրեական պետությունը՝ հասնի այնպիսի մակարդակի ռազմավարական հաղթանակի, որը կջնջի, կգերազանցի, այսպես ասած, ռազմավարական պարտությունը»,- ասում է Մերձավոր Արևելքի վերլուծաբան Դեյվիդ Վուրմսերը:
Իսրայելում զորահավաք է՝ կանչվել են հարյուր հազարավոր պահեստազորայիններ, և, շատերի կարծիքով, առաջիկա օրերին սպասվում է ցամաքային ներխուժում Գազա: Իսրայելցի պաշտոնյաները կոչ են արել հանրությանը պատրաստվել առնվազն մի քանի շաբաթ տևող ռազմական գործողությունների: