ԱՄՆ Ներկայացուցիչների տունը քվեարկել է խոսնակ Քևին ՄըքՔարթիի պաշտոնանկության օգտին

Ներկայացուցիչների տան այլևս նախկին խոսնակ Քևին ՄըքՔարթիի ճեպազրույցը

Երեքշաբթի Ներկայացուցիչների տան 216 անդամներ քվեարկեցին խոսնակ Քևին ՄըքՔարթիի պաշտոնանկության օգտին, դեմ էին 210-ը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը երեքշաբթի սատարեց հանրապետական պատգամավոր Գեյթսի առաջարկությանը` պաշտոնանկ անել խոսնակ Քևին ՄըքՔարթիին։ Կողմ քվեարկեցին Ներկայացուցիչների տան 216 անդամներ, դեմ` 210-ը։

Հանրապետական կուսակցությունը շարունակում է վերահսկել Ներկայացուցիչների տունը` պատգամավորների 221-ը 212-ի հարաբերակցությամբ: Խոսնակին հեռացնելու համար անհրաժեշտ էր, որ հանրապետական պատգամավորներից ընդամենը հինգը կողմ քվեարկեին` այն պայմանով, որ բոլոր դեմոկրատները նույնպես կսատարեին Գեյթսի առաջարկին:

Փաստորեն, քվեարկության ժամանակ ոչ մի դեմոկրատ չաջակցեց խոսնակին։

Դեմոկրատներն, ընդհանուր առմամբ, անվստահելի մարդ են համարում ՄըքՔարթիին, երբ նա հետ կանգնեց նախագահ Ջո Բայդենի հետ` ավելի վաղ ձեռք բերված` պետբյուջեի ծախսային հատվածին վերաբերող գործարքից և Ներկայացուցիչների տանն առաջարկեց ԱՄՆ նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցի շուրջ հետաքննություն սկսել։

Քվեարկությունից առաջ ՄըքՔարթին նշել էր, որ չի ակնկալում, թե դեմոկրատները կաջակցեն իրեն:

Սակայն 41-ամյա Գեյթսը և մյուս ծայրահեղ աջ հանրապետականները զայրացած էին` պնդելով, թե ՄըքՔարթին սկսել է հենվել դեմոկրատների վրա՝ կառավարության ֆինանսավորումը ժամանակավորապես երկարաձգող որոշման ընդունումից հետո:

Ֆլորիդայից ընտրված կոնգրեսականը մեկ տասնյակից ավելի հանրապետականներից է, ովքեր հունվարին շարունակաբար դեմ էին քվեարկում Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնում ՄըքՔարթիի ընտրվելուն, թեև 15 քվեարկություններից հետո նա, ի վերջո, կարողացավ ստանձնել խոսնակի պաշտոնը։

ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամն է, որ Ներկայացուցիչների տան օրենսդիրները քվեարկել են խոսնակի պաշտոնից իրենց կուսակցին հեռացնելու օգտին։ Հիշեցնենք, Հանրապետական կուսակցության ներսում ընդամենը երեք օր առաջ սրված քաղաքական պայքարի հետևանքով ԱՄՆ կառավարությունը կանգնել էր գործունեության դադարի շեմին։