Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100,000 էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել են Հայաստան՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ՝ առողջապահական ոլորտի սուր կարիքներով, նշված է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ։
«Երբ մարդկանց արտահոսքը սկսվեց, ես արագորեն գործուղեցի իմ հատուկ բանագնաց Ռոբ Բաթլերին՝ օգնելու գնահատել իրավիճակը և Հայաստանի Առողջապահության նախարարության հետ ռազմավարություն մշակել առողջապահական արտակարգ իրավիճակների համապարփակ ծրագրի շուրջ: Մենք արդեն մոբիլիզացրել ենք առողջապահական պարագաներ և միջազգային փորձառությունը՝ օգնելու առողջապահական համակարգին, որը զբաղվում է փախստականների զանգվածային հոսքով, որոնցից շատերն ունեն հատուկ բժշկական կարիքներ», - նշել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, դոկտոր Հանս Հենրի Պ Կլյուգեն:
ԱՀԿ-ն միջոցներ է ձեռնարկում հրատապ աջակցելու Հայաստանի Առողջապահության նախարարությանը:
«Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր [Հայաստան], ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, հիմնական առողջապահական ծառայությունների և արտակարգ իրավիճակների համակարգման», - հայտարարել է դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն, ով հանդիսանում է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը։
«Մարտահրավերներն իսկապես հսկայական են, և մենք այնտեղ ենք, որպեսզի անենք այն ամենը, ինչ կարող ենք»,- հավելել է ԱՀ-ի պաշտոնյան:
Տարածաշրջանային տնօրենի հատուկ բանագնաց Ռոբ Բաթլերը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ վերահաստատելու ԱՀԿ-ի լիակատար և անսասան աջակցությունը։ Հիմնվելով փախստականների գրանցման կարևոր կետում իր քննարկումների և դաշտային առաքելության վրա՝ ԱՀԿ/Եվրոպան և ԱՀԿ/Հայաստանը համաձայնության են եկել Առողջապահության նախարարության հետ հետևյալի շուրջ.
· Անմիջապես մոբիլիզացնել այրվածքների մասնագետներին Իսրայելից, Բելգիայից և Լիբանանից, ինչպես նաև բժշկական պարագաներ՝ տուժածներին բուժելու համար.
· Փախստականների պատվաստման կարիքների գնահատում և լուծում
· Մտավոր և հոգեսոցիալական առողջության թիմի ստեղծում
· Հեռավոր վայրերում մոդուլային հավաքովի կլինիկաների ստեղծում; և
· Աջակցություն կառավարությանը` ինտեգրելու առողջապահության ոլորտի աշխատողներին, այդ թվում` մինչև այժմ գրեթե 300 բժիշկների և 1200 բուժքույրերի, որոնք ժամանում են Ղարաբաղի տարածաշրջանից առաջնային առողջապահական և հիվանդանոցային հաստատություններ Հայաստանի ներսում:
«Իմ այցը Գորիս՝ սահմանային անցակետի մոտ, որտեղ հանդիպեցի պաշտոնյաների, տեղական ոչ կառավարական կազմակերպությունների և մարդասիրական օգնության աշխատակիցների, առողջապահական և այլ կարևոր ծառայությունների շահառուների հետ, ինձ լցրեց տխրությամբ, բայց նաև հույսով», - ասաց պարոն Բաթլերը:
«Առաջին խոշոր քաղաքում, որի ուղղությամբ տեղահանվում են փախստականները, ես տեսա տեղի հայ համայնքի և կամավորների ահռելի համերաշխություն: Նրան անում են ամեն ինչ՝ սնունդով, ջրով և կացարաններով ապահովելու համար: Բայց տեղահանվածներից շատերի դեմքերում տեսնում եք հուսահատություն: Նրանք թողել են ամեն ինչ՝ իրենց տները, իրենց ունեցվածքը, իրենց սիրելիների գերեզմանները։ Կան երեխաներ, տարեցներ, կանայք և աղջիկներ, որոնք ունեն սեռական և վերարտադրողական առողջության հատուկ կարիքներ: Հասկանալի է, որ փախստականների կրած հոգեկան և էմոցիոնալ սպիները բուժելու համար ժամանակ կպահանջվի: Բայց ակնհայտ է նաև, որ այս ճգնաժամի ապշեցուցիչ արագությունը պահանջում է, որ բոլորը՝ ԱՀԿ-ն, ՄԱԿ-ի մեր գործընկերները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, լրացնեն և աջակցեն կառավարության ջանքերին: Ես շնորհակալություն եմ հայտնում նախարար Ավանեսյանին՝ հստակեցնելու համար այն անհապաղ և երկարաժամկետ առողջապահական առաջնահերթությունները, որոնց շուրջ ԱՀԿ-ին խնդրել են համագործակցել»:
Մեկ այլ կարևոր կարիքներից են սարքավորումները, պարագաները և փորձագետները, որոնք կօգնեն բուժել միջին և ծանր աստիճանի այրվածքների վնասվածքները, որոնք արձանագրվեցին սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի արդյուքում: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 170 մարդ, ևս 200-ը վիրավորվել են, որոնցից շատերը ծանր այրվածքներ են ստացել:
«Սրտաճմլիկ է այս աստիճանի տառապանքի ականատես լինելը», - ասաց պարոն Բաթլերը Երևանի Այրվածքների ազգային բաժանմունք այցելելուց հետո, որտեղ բուժվում են պայթյունի զոհերը: «Այս 80 մահճակալանոց հիվանդանոցի յուրաքանչյուր մահճակալ զբաղված է Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունից փրկվածներով։ Այստեղ բուժաշխատողները քրտնաջան աշխատում են նրանց բուժելու և վերականգնելու համար, բայց սա փոքր երկիր է՝ սահմանափակ կարողություններով, և կարիքները հսկայական են»:
«Սա միայն սկիզբն է ԱՀԿ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության այս անհրաժեշտ պահին», - ասաց դոկտոր Կլյուգը: «Ցավոք, այս հումանիտար մարտահրավերի լուծումը երկար ժամանակ կպահանջի: Ես ողջունում եմ Հայաստանի Առողջապահության նախարարությանը և բոլոր բուժաշխատողներին, ովքեր այդքան շատ են անում առողջությունն ապահովելու համար, պատասխանի հիմքում է: ԱՀԿ-ն և մեր գործընկերները տեղում են երկար ժամանակ»: