Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը սրվել է. Ջոհն Քըրբի 

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նաև «Ամերիկայի ձայնի» ու այլ լրատվամիջոցների հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հետ: 

Իր խոսքում, Քըրբին վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու կոչը ուղղված Ադրբեջանին՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ: Նա նաև հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի ու հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չի վատթարանա: Քըրբին ընգծել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ ենք արել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել այդ ռազմական գործողությունները: Կրկին, ես տեսել եմ որոշ տեղեկություններ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են կամ շուտով կդադարեցվեն: Եթե այդ ծրագիրը իրականություն դառնա, դա, անշուշտ, դրական քայլ է: Կցանկանայի նաև շեշտել, որ մենք բազմիցս ընդգծել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է ու հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին»:

Քըրբին հայտնել է, որ ՎԱշինգտոնը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել Լեռնային Ղարաբաղի ներսում հումանիտար իրավիճակին, որը նպաստավոր չի ու «սրվել է Ադրբեջանի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում»:

«Մենք կապի մեջ ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի հրատապ դե-էսկալացիայի հասնելու և ուղիղ երկխոսությանը վերադառնալու համար։ Այսպիսով, մենք բարձրաձայնել ենք այս կապակցությամբ և ակտիվորեն ներգրավված ենք բոլոր կողմերի, ինչպես նաև մեր գործընկերների հետ, ու կշարունակենք դա անել»,- նշել է Քըրբին:

Նա նաև ասել է. «Ի պատասխան այն հարցին, թե որքան լավատես ենք, նշեմ, որ ուզում ենք իսկապես լինել լավատես: Ինչպես ասացի, մենք ցանկանում ենք, որ ռազմական գործողությունները դադարեն և կրակի դադարեցումը պահպանվի, քանի որ դրանից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը: Ուստի կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»,- ասել է նա:

Չպատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումների շուրջ նախագահ Էրդողանի կողմից Բաքվին աջակցություն հայտնելու մասին հարցին՝ նա նկատեց, որ կարող է խոսել միայն նախագահ Բայդենի և գործող վարչակազմի անունից միայն:

«Ուստի ինչպես ասացի, մենք շատ հստակ մեր մտահոգությունն ենք փոխանցել Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ, և ինչպես նշել եմ, կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Դա է մեր դիրքորոշումը»,- ասել է Ջոհն Քըրբին: