Ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին. Ջոն Քըրբի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբի

ԱՄՆ վերահաստատում է իր դիրքորոշումը, իսկ վերլուծաբանները շարունակում են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները:

Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։ Նա հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն և ընդգծել է՝ մենք բազմիցս շեշտել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է և հակասում տարածաշրջանում խաղաղության համար պայմանների ստեղծման ջանքերին։ Քըրբին տեղեկացրեց նաև, որ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է իր դաշնակիցների և գործընկերների հետ այս հարցի առնչությամբ ու ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի հայությունը հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելուց մեկ օր անց: Համաձայնությունը կնքվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ և նախատեսում է տեղական ժամանակով ժամը մեկից զինադադարի հաստատում, սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում բանակցությունների անցկացում Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկացուցիչների միջև, Լեռնային Ղարաբաղի հայերի ռազմական ուժերի զինաթափում, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հեռացում տարածքից: Այս վերջին դրույթի վերաբերյալ Երևանը, որը հայտարարել էր, որ չի մասնկացել որևէ տեսքով զինադադարի տեքստի մշակմանը, իսկ ավելի վաղ շեշտել է, որ չի ներգրավվի ռազմական գործողություններում, հայտնել է իր տարակուսանքն այս առիթով՝ շեշտելով, որ «2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:

Your browser doesn’t support HTML5

Վերաինտեգրման շուրջ բանակցություններում առկա են բազմաթիվ դժվարություններ. տեսակետ

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ Եվլախում, թե այլուր առաջնային քննարկվող օրակարգային հարց պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդիրը: Կարծում եմ, որ այն դեռևս կպահանջի միջազգային ներգրավվածություն, նկատել է նախկին դեսպանը:

«Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող դա ապահովել։ Հանդիսանալով հրադադարի համաձայնագրի միջնորդներ՝ նրանք, սակայն, ի վիճակի չեն պարտադրել հրադադարը, ու կարծում եմ՝ երբեք էլ կարող չեն եղել»,- պնդում է Կազլյարիչը:

Նրա կարծիքով ռազմական այս վերջին գործողությունները Բաքվի կողմից ավելորդ էին և որևէ կայունություն չբերեցին գործընթացին:

«Ես պարզապես չեմ տեսնում, որ մենք գտնվում ենք կայուն վիճակում, որը կխոչընդոտի մոտ ապագայում նոր պատերազմի վերսկսումը: Ես դա պարզապես չեմ տեսնում»,- նշում է նա:

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոյի կարծիքով՝ վերաինտեգրման շուրջ բանակցություններն ամենայն հավանականությամբ կլինեն նույնքան դժվար, որքան նախկինում խաղաղության բանակցությունները: Ըստ նրա՝ առկա են բազմաթիվ դժվարություններ՝ կապված էթնիկ հայերի ապագայի, պատերազմների մասնակիցների ճակատագրի, շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության մոտ ձևավորված տրամադրությունների հետ:

«Այդ հարցերից շատերը չափազանց մտահոգիչ են և դժվարին՝ լուծումներ գտնելու համար: Մենք կտեսնենք, թե ինչպես կմեկնարկեն քննարկումները: Նախագահ Ալիևը և ադրբեջանական կողմը պայման են առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունել Ադրբեջանի հպատակությունը կամ հեռանալ այստեղից: Այս ամենը նման է «մեղմ» էթնիկ զտումներին, ուր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մարդիկ հեռանան»,- ասում է Քավանոն:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, Կարմիր Խաչը և այլ կառույցներ շատ արագ արձագանքեն ստեղծված իրադրությանը և կարողանան բավարարել ԼՂ բնակչության առաջնային պահանջները:

«Անկախ նրանից, թե վերաինտեգրման բանակցությունների արդյունքը ինչպիսին կլինի, անհրաժեշտություն կլինի լուծել մարդասիրական կարևոր հարցեր՝ որոշելու համար, թե ինչպես պետք է ապահովել մարդկանց կամ տարածաշրջանին»,- նկատել է Քավանոն:

Ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնովի կարծիքով էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն անխուսափելի էր: Բաքվի ու Երևանի միջև բանակցություններն ընթանում էին Բաքվի ու Ստեփանակերտի միջև համաձայնության անհրաժեշտության ու Լեռնային Ղարաբաղի հայության մարդասիրական խնդիրների կարգավորման պայամաններում: Դրանց ավելացավ նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հանձնառությունը: Ըստ վերլուծաբանի՝ մինչև տարվա վերջ կողմերի միջև համաձայնությունը թվում էր իրատեսական:

«Իմ կարծիքով` խաղաղ պայմանագրի կնքման փորձը ձախողվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրական գործընթացի պատճառով, երբ չճանաչված հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ իրեն հաջորդած Սամվել Շահրամանյանը... հայտարարեց, որ անհրաժեշտ է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասում է Դուբնովը:

Ըստ վերլուծաբանի՝ դա նշանակում էր հետքայլ կատարել, քանի որ կարգավիճակի հարցն այլևս արդիական չէր: Արդյունքում, պնդում է Դուբնովը, Բաքուն սկսեց նախապատրաստվել ռազմական գործողություններին, իսկ ռուս խաղաղապահները ի վիճակի չէին ռազմական առումով դիմադրել Ադրբեջանին: Նրանց դերն այսպիսով սահմանափակվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական դրոշի պահպանման փորձով, ընդգծել է վերլուծաբանը: