Ֆրանսիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԼՂ հարցով․ «Reuters» 

Փաշինյան-Մակրոն

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ Փարիզը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Հղում կատարելով պաշտոնական Երևանին՝ այս մասին գրում է «Reuters»-ը՝ նաև մեջբերելով Հայաստանը կառավարության հաղորդագրությունը․ «Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը և դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը»։

Լրատվական գործակալությունը հիշեցնում է՝ Ադրբեջանը երեքշաբթի ռազմական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում։ Բաքուն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը և դուրս մղել հայկական զորամասերը տարածաշրջանից: Հայաստանը հերքում է, թե ռազմական ներկայություն ունի Ղարաբաղում: