Ամերիկացիների շուրջ մեկ երրորդը աղմուկի վտանգավոր մակարդակի «զոհ» է

Թայմ Սքուեր. Նյու Յորք

Ըստ հետազոտությունների, տևական բարձր աղմուկը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ ԱՄՆ ամենից բնակեցված և ամենաաղմկոտ քաղաքներից մեկը համարվող Նյու Յորքում բարձր ձայնից խուսափելն աստիճանաբար խնդրահարույց է դառնում։

Ռիքի Ուինն ապրում է Նյու Յորքի չինական թաղամասում, ուր շինարարական աղմուկը կարծես հավերժ է՝ խաթարելով նրա առօրյա կյանքը։

«Սա աղմուկը չափելու սարք է, որը ստիպված էի ձեռք բերել»։

Անդադար աղմուկը հարկադրել է Ուինին չափել դրա մակարդակը։ Ասում է, որ աղմուկն ազդում է ոչ միայն իր, այլև թաղամասում ապրող տարեց մարդկանց վրա։

«Չեմ պատկերացնում տարեց մարդկանց վիճակը, որոնք ապրում են այդ շենքում՝ անմիջապես շինարարության հարևանությամբ»։

«Այստեղ ապրել եմ 11 տարի, և ցանկանում եմ ապրել»։

Վերջերս իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 130 հազար մարդ՝ իրենց «խելացի» ժամացույցներում ունենալով աղմուկի չափման գործառույթ, երևան է բերել մտահոգիչ արդյունքներ։

«Ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր երրորդ ամերիկացին կարող է առողջության համար վնասակար բարձր աղմուկի «զոհ» դառնալ»։

Հետազոտություն իրականցնող խմբի ղեկավար Ռիք Նիցելի խոսքով, ի հայտ են նաև անսպասելի արդյունքներ։

«Պարզվել է, որ բարձր աղմուկն ավելի վատ է անդրադառնում սևամորթների կամ իսպանախոսների վրա, քան այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների»։

Your browser doesn’t support HTML5

Ամերիկացիների շուրջ մեկ երրորդը աղմուկի վտանգավոր մակարդակի «զոհ» է

Մեկ այլ ուսումնասիրության շրջանակներում Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի հետազոտողները հայտնաբերել են, որ տևական աղմուկը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների ու ի վերջո՝ մահվան։

«Մեր և այլ հետազոտողների ձեռք բերած տվյալների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ աղմուկը թերագնահատված և այն առանձին ռիսկ է սրտանոթային հիվանդությունների զարգացման համար»։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ այն թաղամասերում, ուր արձանագրվել է, օրինակ, տրանսպորտից առաջացող բարձր աղմուկ, մեծանում է սրտային հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը։

«Մեր [հետազոտության] արդյունքները ցույց են տալիս, որ աղմուկը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը՝ սկիզբ առնելով ուղեղից և ազդելով զարկերակների վրա։ Սա թերագնահատված ռիսկ է սրտանոթային հիվանդությունների համար»։

Աղմուկի ներկայացրած վտանգների մասին իրազեկվածության բարձրացումը հանրության շրջանում թույլ կտա բնակիչներին պահանջատեր լինել և պայքարել անդորրի պահպանման համար։

«Նախկինում քչերին էր հուզում այս խնդիրը։ Սակայն նման հետազոտությունների շնորհիվ ավելի շատ մարդ է գիտակցում, թե որքան վտանգավոր է վնասել շրջակա միջավայրը։ Վերջերս՝ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը լրացուցիչ ֆինանսավորման հայտ է ներկայացրել՝ աղմուկի նվազեցմանն ուղղված քայլերի համար»։

Հնարավոր է, խնդիրն առաջիկայում հայտնվի ԱՄՆ դաշնային կառավարության քննարկման օրակարգում, և աղմուկի հարցը դառնա նույնքան լուրջ, որքան օդի աղտոտման խնդիրն է։