Ի՞նչ ընթացք կստանա Ուկրաինայի հակահարձակումը. փորձագետներ

Ուկրաինացի զինծառայողները Դոնեցկի մարզում պատրաստվում են ինքնագնաց հաուբից կրակել ռուսական զորքերի ուղղությամբ

Ատլանտյան խորհրդի փորձագետներն ներկայացրել են իրենց կարծիքները, թե ինչ պետք է ձեռնարկի Ուկրաինան և ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու Արևմուտքը՝ արագացնելու Ռուսաստանի բռնազավթած տարածքների ազատագրումը։

Նախորդ երեք շաբաթվա ընթացքում ուկրաինական զինուժի հակահարձակումը երկրի հարավում ճեղքել է ռուսաստանյան բանակի առաջին պաշտպանական գիծը, ազատագրել Ռաբոտինո գյուղը և առաջընթաց գրանցել Տոկմակի ուղղությամբ, որն առանցքային քաղաք է Մելիտոպոլի ճանապարհին:

Եթե ուկրաինական զորքերը կարողանան մոտենալ Տոկմոկին, կամ շրջանցել այն, նրանք կարող են հրետանային հարվածներ հասցնել երկաթուղուն, որը ռուսական կողմը օգտագործում է՝ այդ շրջաններում և Ղրիմում գտնվող իր զորքերի մատակարարումներն իրականացնելու համար:

Կիևի ակնհայտ, բայց դեռևս սահմանափակ հաջողությունները երկրի հարավում և Բախմուտի շրջանում, որտեղ ուկրաինական զինված ուժերը առաջ են շարժվում քաղաքից արևելք, հյուսիս և հարավ ընկած ուղղություններով, ուշագրավ են այն առումով, որ Ուկրաինան տակավին չի ստացել արևմտյան սպառազինության ավելի արդյունավետ տեսակները, որոնցից կարող է կախված լինել հարձակողական գործողությունների հաջողությունը։

Չնայած «F-16» կործանիչների մատակարարումը հաստատվել է, սակայն համեմատաբար վերջերս է թույլատրվել ուկրաինացի օդաչուների ուսուցումը։ Ակնկալվում է, որ ինքնաթիռները կժամանեն հաջորդ տարի: Դեռևս որոշում չկա Ուկրաինային ավելի հեռահար՝ «ATACMS» հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ։

Ուկրաինացիները, բնականաբար, հավատարիմ են իրենց երկիրը ազատագրելուն, և այդ հարցում ժողովրդի աջակցությունը շարունակում է բարձր մնալ:

Միևնույն ժամանակ, հարցեր առաջացան՝ Ռուսաստանում ներքին կայունության հետ կապված, երբ այս հունիսին «Վագների» վարձկանները զինված ապստամբություն բարձրացրեցին՝ շարժվելով Մոսկվա։ Թե տեղի ունեցածը, ինչպես նաև «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահը երկարաժամկետ կտրվածքով ինչ հետևանքներ կունենան, հարցական է։

Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնը հրավիրել է փորձագետների խումբ՝ քննարկելու ուկրաինական հակահարձակման հեռանկարները և հասկանալու, թե ի՞նչ է անհրաժեշտ այդ հակահարձակման հաջողության համար։

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անդրեյ Զագորոդնյուկը նկարագրելով Ուկրաինայի զինված ուժերի վերջին գործողությունները Տոկմակում և Բախմուտի շրջանում՝ նշում է, որ «այս հակահարձակման հիմնական դժվարությունը համաշխարհային ռազմական պատմության մեջ աննախադեպ ականապատ դաշտերի հաղթահարումն է, որոնք առկա են Ռուսաստանի բռնազավթած տարածքներում»։

«Ականներն այնքան շատ են, որ ուկրաինական և արևմտյան ռազմական տեխնիկան դատապարտված է ոչնչացման։ Ականազերծումը հնարավոր է իրականացնել սահմանափակ հաջողությամբ, քանի որ ականազերծող տեխնիկայի դեմ ռուսական զորքերը կիրառում են հրետանի, երբ նկատում են»,- պարզաբանում է Զագորոդնյուկը։

Արդյո՞ք պետք է ուշադրություն դարձնել ուկրաինական հակահարձակման հաջողության վերաբերյալ հնչող կասկածներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսում է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ. 2023 թվականի սեպտեմբերի 7, Կիև, Ուկրաինա

Ամառվա ընթացքում «The New York Times»-ում, «The Washington Post»-ում և այլ լրատվամիջոցներում հայտնվեցին մի քանի հրապարակումներ, ըստ որոնց ամերիկացի և արևմտյան այլ պաշտոնյաներ «հիասթափված են Ուկրաինայի հակահարձակման առաջընթացից»:

Սակայն արդեն օգոստոսի վերջին իրավիճակը սկսեց փոխվել։ Օրինակ, «The Economist» պարբերականը հրապարակեց մի շարք նյութեր, որոնք ներկայացնում էին արևմտյան պաշտոնյաները կարծիքը, թե հակահարձակումն առաջ է շարժվել, և իրական է նոր առաջընթացը:

Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ավագ խորհրդատու Դեբրա Քեյգանը բացասական մոտեցում ունի ուկրաինական պատերազմի վերաբերյալ Արևմուտքում առկա և իրարից խիստ տարբերվող կարծիքների նկատմամբ․ «Գիտեք, թե ինչ էին ասում Իրաքում և Աֆղանստանում պատերազմած բազմաթիվ զինվորականներ, որոնց հետ աշխատել եմ, հեշտ է դատել՝ գտնվելով տասը հազար մղոն հեռավորության վրա՝ Վաշինգտոնում, գրասեղանների առջև։ Մեկնաբանների մեծ մասը միշտ նայում է նոր պատերազմին նախորդի պրիզմայով։ Բայց Ուկրաինայի պատերազմն այլ է: Երբ հոռետեսություն է հնչում, կարծես, գերագնահատենք ռուսական զորքին։ Նույն լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները նման բաներ էին ասում 2022 թվականի սկզբին, բայց հետո պարզվեց, որ ռուսական բանակն ապաշնորհ մի ուժ է։ Մարդիկ, ովքեր պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում տեղում, եզրակացություններ են կատարում»։

Ինչու՞ է կարևոր «F-16»-ների մատակարարումը, և ի՞նչ փուլում է սպառազինության այլ տեսակների մատակարարումը Ուկրաինային

F-16

Դեբրա Քեյգանի խոսքով, «չափազանց հիասթափված է Ուկրաինայի զինված ուժերին սպառազինության մատակարարման ընթացքից»։

Հիշեցնում է՝ «F-16»-ը չորրորդ սերնդի ինքնաթիռ է, որն, «անշուշտ, վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակահարձակման հաջողության մեջ»։ Այդուհանդերձ, զուգահեռաբար «պետք է իրականացվեն «ATACMS»-ի մատակարարումներ», որը կործանիչների հետ միասին կդառնա հարվածային լուրջ ուժ:

Փորձագետը կարևորում է նաև «ուկրաինացիների ջանքերն ու հաջողությունները Սև ծովում»՝ հավելելով, որ, օրինակ, ամերիկյան զինուժը երբեք հարձակողական գործողություն չի ձեռնարկել՝ առանց ցամաքում, ջրում և օդում գերակայություն ապահովելու, «հետևաբար՝ ուկրաինացիները նույնպես պետք է այդ ունենան»։

Իր հերթին, Անդրեյ Զագորոդնյուկի խոսքով, «Ուկրաինային անհրաժեշտ սպառազինությունների և տեխնիկայի ցանկը շարունակում է մնալ նույնը», և եթե այն այժմ տրամադրվի, կարող է նկատելիորեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։

Չնայած ռազմի դաշտերում հատկապես ռուսական բանակի կողմից կիրառվող արդեն «ավանդական» մարտավարություններին, փորձագետների կարծիքով, ուկրաինական պատերազմը «ցույց տվեց, որ ռազմի դաշտում այլևս շատ բան է փոխվել»։

«Վաղը արհեստական բանականության հերթն է, իսկ այսօր՝ անօդաչուների պատերազմ է։ Պարզվեց, կարող եք 500 դոլարով փոխարինել 1 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումները։ Սա ինքնին հաղթանակ է»,- ասում է Դեբրա Քեյգանը:

«Սա ասիմետրիկ պատերազմի սկիզբն է՝ անօդաչուների օգտագործումը բոլորովին այլ մասշտաբով: Վստահ ենք, որ կկարողանանք էական վնաս հասցնել Ռուսաստանի սևծովյան նավատորմին, քանի որ զարգացնում ենք այդ միջոցները՝ անօդաչուները։ Իհարկե, նույնը Ռուսաստանն է անում՝ ընդլայնելով իրանական անօդաչուների կիրառումը։ Այժմ անօդաչուների մրցավազքի մեջ ենք, և մեզ տեխնիկա է անհրաժեշտ՝ ռադիոէլեկտրոնային պատերազմ վարելու համար»,- հավելում է Զագորոդնյուկը։

Ինչպե՞ս արձագանքել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու որոշ քաղաքական գործիչների խնդրանքին

Ռուսաստանի Հաղթանակի օրվա շքերթ

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությամբ, մտադիր է հասնել ռուսաստանյան «Россельхозбанк»-ի վրա տարածված SWIFT-ի օգտագործման արգելքի չեղարկմանը՝ թույլատրելով ռուսական հացահատիկի մատակարարումների ապահովագրումը, և այդպիսով ստանալ Մոսկվայի համաձայնությունը՝ հացահատիկի գործարքի վերականգնման հարցում։

Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթը կասկածներ ունի այս տեղեկության իսկության առնչությամբ, սակայն եթե այն ճիշտ դուրս գա, ապա, ըստ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանի, «կպարզվի, որ Էրդողանն ու Գուտերեշը Պուտինի պաշտպաններն են, որոնք խնդրում են Արևմուտքին մեղմել պատժամիջոցները, ինչը թույլ կտա Պուտինին նոր սադրանքներ իրականացնել»:

«Դա նշանակի, որ Պուտինը կարող է արևմտյան որոշ առաջնորդների վերածել իր դաշնակիցների։ Թեև, խոշոր հաշվով, դա չի աշխատի: Ուկրաինան չի համաձայնվի։ Մենք չենք համաձայնվի։ Բայց, այնուամենայնիվ, դա Պուտինին հույս է տալիս, և դա լուրջ սխալ է»,- ասում է Հերբսթը:

Նա քննադատել է Մեծ քսանյակի ղեկավարների վերջին հայտարարությունն Ուկրաինայի վերաբերյալ, ուր խոսք է գնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության մասին, բայց չի դատապարտվում Ռուսաստանի ագրեսիան:

«Մեծ քսանյակում կան շատ երկրներ, որոնք չեն գիտակցում, թե որքան վտանգավոր է Կրեմլի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Հասկանալի է, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը՝ Հնդկաստանը դեռ խորհրդային ժամանակներից եղել է Կրեմլի փաստացի դաշնակիցը: Ենթադրում եմ, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի ցանկացել այնպիսի հայտարարություն անել, որը կարող է անհարմար դրության մեջ դնել Պուտինին։ Այլ բան չէինք կարող սպասել։ Այնուամենայնիվ, գլոբալ հարավի երկրները պետք է հիշեն, որ հենց Միացյալ Նահանգներ ու Արևմուտքն են երկարատև Սառը պատերազմը մղել Խորհրդային Միության դեմ: Արևմուտքը հաղթեց այդ պատերազմում։ Կարծում եմ, Ուկրաինան կհաղթի այս պատերազմում՝ Արևմուտքի զորեղ աջակցությամբ»,- ընդգծում է Հերբսթը։

Դեսպանը արդյունավետ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, չնայած դրանց առնչությամբ ի հայտ եկած բանավեճերին։

«Նկատում ենք, որ պատժամիջոցները լուրջ ազդեցություն են ունեցել ռուսաստանյան ռազմա-արդյունաբերության վրա։ Ի հավելումն՝ ընդհանուր մակրոտնտեսական պատժամիջոցները իրական հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, թեև այն չի հարկադրել [Կրեմլին] դադարեցնել ագրեսիան և չի խորտակել ռուսաստանյան տնտեսությունը։ Շատերն այլ կարծիքի են՝ հիմք ընդունելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, ըստ որոնց այս տարի Ռուսաստանի տնտեսությունը կաճի երկու-երեք տոկոսով: Այս թվերը, ամենայն հավանականությամբ, սխալ են: Տնտեսագետ չեմ, բայց տնտեսագիտությունից բոբիկ չեմ։ Հիմնադրամը տվյալները ստանում է Ռուսաստանի կառավարությունից»,- նշում է դեսպան Ջոն Հերբսթը։

Ինչո՞ւ են Արևմուտքը և ՆԱՏՕ-ն չեն պաշտպանել Սև ծովով Ուկրաինա շարժվող և այնտեղից եկող քաղաքացիական նավերը

Անդրեյ Զագորոդնյուկի խոսքով, Կիևը «ըմբռնումով է մոտենում արևմտյան երկրների ղեկավարների մտահոգություններին՝ կապված ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի անմիջական շփման հետ»։

Նրա խոսքով, Ուկրաինան «այլ ելք չունի, քան հերթով ոչնչացնել ռուսական սևծովյան ռազմանավերը, ինչպես օրերս Սևաստոպոլում ոչնչացվեցին ռուսական ռազմանավն ու սուզանավը»։

Սև ծովի առնչությամբ գործում է 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիային, որը թեև սահմանափակում է Սև ծով ելք չունեցող երկրների ռազմանավերի մուտքը, բայց, այնուամենայնիվ, թույլ է տալիս այդ պետությունների ռազմանավերին մի քանի շաբաթ գտնվել Սև ծովում։

«Դա բավական է, որպեսզի ՆԱՏՕ-ի նավերն այստեղ լինեն, օրինակ՝ զորավարժություններին մասնակցելու նպատակով»,- նշում է Զագորոդնյուկը։

Դեբրա Քեյգանը հիշեցնում է՝ ՆԱՏՕ-ի երկրները ելք ունեն Սև ծով։

«Ռումինիան արդեն մի քանի անգամ տուժել է ռուսական լողացող ականներից։ Ռուսները ոչնչացրել են ռազմանավերից մեկը, իսկ մի քանի շաբաթ առաջ տուժեց մի զբոսանավ՝ լողացող ականների պատճառով։ ՆԱՏՕ-ն պետք է գործի` օգտագործելով դաշինքի անդամ Ռումինիային և Թուրքիային»,- ասում է Դեբրա Քեյգանը։

Ի՞նչ է նշանակում Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

«Ավելի քան մեկ տարի առաջ Կրեմլը խնդրեց Իրանին տրամադրել անօդաչուներ և ստացավ դրանք։ Ռուսաստանը միշտ համարվել է աշխարհի ամենամեծ հրետանային ուժն ունեցող երկիրը, և հանկարծ պարզվեց՝ զինամթերքը վերջանում է։ Հիմա ռուսները դիմել են հյուսիսկորեացիներին: Եթե կարողանան Հյուսիսային Կորեայից զինամթերք ստանալ, դա, իհարկե, վատ է Ուկրաինայի համար։ Սակայն Հյուսիսային Կորեայի գծով փորձագետների խոսքով, կարևորը զինամթերքի վիճակն է, որը շատ երկար ժամանակ գտնվել է պահեստներում։ Որակի հարցում խնդիր ունեն։ Միգուցե, Պուտինը պարզի, որ այդ զինամթերքի մեծ մասն անօգուտ է»,- ասում է Ջոն Հերբսթը:

Ոմանք «խորհրդանշական» են համարում Ուկրաինայի գրոհները ռուսաստանյան նավթավերամշակման գործարանների, կամուրջների և պահեստների վրա։ Արդյո՞ք այդ մարտավարությունը ճիշտ է:

Անդրեյ Զագորոդնյուկի խոսքով, ուկրաիանական ուժերը նախևառաջ թիրախավորում են ռազմավարական նշանակության օբյեկտները։

«Երբեմն կարող է հարց առաջանալ՝ ինչու՞ գրոհել [նման օբյեկտները], ռազմաճակատից այդքան հեռու է։ Այդպես չէ՞։ Բայց, օրինակ, Կերչի կամուրջը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ կամրջի միջոցով ռուսական բանակը սպառազինություն է ստանում Ռուսաստանից, իսկ Ղրիմն օգտագործվում է որպես ցատկահարթակ՝ ուժեր կենտրոնացնելու և հետո դրանք առաջնագիծ ուղարկելու համար։ Նույնը նավթահորերի և նավթավերամշակման գործարանների պարագայում է»,- նշում է փորձագետը։

Ի՞նչ դեր են խաղում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջուկային զինանոցներն այս հակամարտությունում

2023 թվականի սեպտեմբերի 10-ին արված այս լուսանկարը ցույց է տալիս Ռիվնե ատոմակայանի ընդհանուր տեսարանը

«Այս փուլում, բուն ռազմի դաշտում, դա որևէ դեր չի խաղում։ Սակայն Պուտինը արդյունավետորեն օգտագործեց միջուկային սպառնալիքը՝ խոչընդոտելու, որպեսզի ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չկարողանան սպառազինության մեծածավալ մատակարարումներ իրականացնել Կիևին: Պուտինը միջուկային սպառնալիքի թեման մտցրեց մեր խոսույթ, որը պատճառ դարձավ, որպեսզի վճռական կերպով չպաշտպանենք մեր շահերը։ Դա Պուտինի հաղթանակն էր և, անկեղծ ասած, Արևմուտքի բավականաին թույլ խաղը: Ի վերջո, մի ամբողջ դար միջուկային թշնամի ունեինք` Խորհրդային Միությունը: Ամեն ինչ կրկնվում է։ Սակայն մենք լուրջ ճգնաժամեր ենք ունեցել Խորհրդային Միության հետ հարաբերություններում, որը մեզ համար ավելի վտանգավոր թշնամի էր, քան այսօրվա պուտինյան Ռուսաստանը։ Միշտ դիտարկել ենք միջուկային սրացման տարբերակը, բայց երբեք հրապարակավ չենք խոսել այդ մասին՝ որպես խոչըդոտի, որը կխանգարի մեզ հասնել մեր նպատակներին։ Եթե Ջեք Քենեդին այդպես մտածեր, երբեք չէինք կիրառի Կուբայի շրջափակումը, որը հանգեցրեց Կուբայից ռուսական հրթիռների և միջուկային զենքի դուրս բերմանը»,- ասում է Ջոն Հերբսթը:

Դեբրա Քեյգանը համամիտ է․ «ԱՄՆ-ից զատ, ՆԱՏՕ-ում կա ևս երկու միջուկային տերություն։ Ռուսական սպառնալիքներից վախենալու փոխարեն՝ պարզապես պետք է վերցնել հեռախոսը և հիշեցնել Պուտինին, եթե նա մոռացել է, որ մենք ավելի ուժեղ ենք։ Նրանից ավելի լավ միջուկային զենք ունենք։ Ավելին, երբ դու հսկայական միջուկային տերություն ես, և ունես մոլորակի ամենաարդյունավետ զինուժը, որևէ բան ասելու կարիք չկա։ Պետք է պարզապես ժպտալ, երբ Պուտինը խոսում է։ Միայն դա պետք է բավարար լինի՝ նրան հետ պահելու համար»:

Արդյո՞ք Վիլնյուսի գագաթնաժողովի որոշումը՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր չուղարկել Ուկրաինային, վկայում է, որ Արևմուտքը շահագրգռված չէ Կիևի հաղթանակով

«Վիլնյուսում էի որպես դիտորդ, և զգացի, որ այն ընդհանուր երկչոտությունը, որին հենց նոր անդրադարձանք՝ միջուկային զենքի մասին խոսելիս, առկա է ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի՝ բավականին թույլ հայտարարությունում։ Ցավոք, մեր այս հայտարարության հիմնական հեղինակները ԱՄՆ-ն ու Գերմանիան էին։ Արևելյան Եվրոպայի շատ երկրներ, Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ, նույնիսկ ֆրանսիացիները, նույնիսկ բրիտանացիները ցանկանում էին ավելի զորեղ հայտարարություն անել: Շատերը հիասթափված էին՝ վստահ լինելով, որ այն միայն կդրդի Պուտինին կարծել, թե գործ ունի երկչոտ Արևմուտքի հետ: Սա ևս մեկ պատճառ է, որ հաջորդ տարի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պետք է վճռական քայլ կատարենք՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ»,- ընդգծում է Հերբսթը։

Որքանո՞վ է ամերիկյան վերնախավը հասկանում այսօրվա Ուկրաինան և Ռուսաստանը

ԲԱՅԴԵՆ-ԶԵԼԵՆՍԿԻ

«Արևմուտքում և ԱՄՆ-ում կան միջազգային հարցերով բազմաթիվ փորձագետներ, ռուսաց լեզվի և ռուսաց պատմության մասնագետներ, որոնց կարծիքով՝ խորապես գիտեն Ուկրաինան, բայց իրականում՝ չգիտեն։ Դրա ականտեսը եղանք ԱՄՆ հետախուզական հանրությունում, որը մինչ [ռուսաստանյան] լայնածավալ ներխուժումը, վառ գույներով պատկերում էր, թե ինչ է անելու Ռուսաստանը, և հոռետեսական հեռանկար էր գծում Ուկրաինայի գործողությունների վերաբերյալ: Հարկավոր է պարզապես խորհրդակցել մեզ հետ՝ Ուկրաինայի գծով փորձագետների հետ, և շատ ավելի լավ կհասկանաք, թե ինչ է կատարվում»,- եզրափակում է Ջոն Հերբսթը։

Անդրեյ Զագորոդնյուկը հավելում է․ «Արևմտյան վերլուծաբանների հիմնական խնդիրներից մեկն այն ենթադրությունն է, որ ռուսական հնարավորություններն անսահման են։ Դա միֆ է։ Այս պատերազմի ընթացքում ռուսական զորքերը պարտություն են կրել։ Չնայած իրենց հսկայական հնարավորություններին, նրանք այժմ գործնականում ոչինչ չեն կարող անել: Եվ հիմա՝ ողջ քննարկումն այն մասին է, թե որքան արագ ենք մենք վերադարձնելու մեր հողերը, իսկ ոմանք քննադատում են Ուկրաինային՝ չափազանց դանդաղաշարժ լինելու համար: Այն, ինչ տեսնում եք Սև ծովում, միայն սկիզբն է: Հաղթանակը մոտենում է»։

Իր հերթին՝ Դեբրա Քեյգանը նշում է․ «Ռուսաստանի պարտությունը ոչ միայն կազդի Եվրոպայի ու Միացյալ Նահանգների վերաբերյալ Մոսկվայում առկա կարծիքների վրա, այլև կփոխի այն պատկերը, ըստ որի Ռուսաստանը հեռավորարևելյան տերություն է: Նրանց քայլերը՝ որոնք արյունաքամ են իրենց բանակը, դատարկում զինանոցները, պետք է ազդեն Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ռուսաստանի կարողության վրա, և նրանք չպետք է զբաղվեն ինքնախաբեությամբ»: