Մահսա Ամինին մահացել է իրանական ոստիկանության բաժանմունքում՝ անցած տարվա սեպտեմբերին: Աղջիկը ձերբակալվել էր կանանց վերնահագուստին վերաբերող իսլամական կանոնները խախտելու համար: Ամինիի մահը բողոքի հուժկու ալիք բարձրացրեց Իրանում, և հենց այդ շարժման մասին են խոսել ամերիկյան խորհրդարանում։
«Կանանց ու աղջիկների համար արժանապատվություն, հարգանք և փոփոխություններ պահաջող շարժմանը ռեժիմը պատասխանեց դաժան բռնաճնշումներով, ինչի հետևանքով սպանվեց ավելի քան 600 իրանցի, ձերբակալվեցին մոտ 22 հազարը: Նման պահվածքն ու իշխանության չարաշահումն անհիմն են»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Դին Ֆիլիփսը:
Կոնգրեսի բազմաթիվ հանրապետականներ մտահոգված են՝ Իրանի իշխանությունները չեն արձագանքում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ քննադատությանը և օգտվում են Բայդենի վարչակազմի հետ վերջերս կնքված համաձայնագրից՝ 6 միլիարդ դոլարի հասնող իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ՝ ի պատասխան ամերիկացի 5 պատանդների ազատ արձակման։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ ՄըքՔոլը հայտարարել է․ «Իրանը պարծենում է այդ գործարքով։ Իրանի նախագահն ասում է՝ ինչ կցանկանա, կանի այդ գումարի հետ, թեև այդ դրամը պետք է ծախսվի մարդասիրական նպատակներով»։
Վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն, ում խոսքով սպառնալիքներ է ստացել իսլամական հանրապետությունից, նույնպես քննադատել է համաձայնագիրը․ «Այդ փրկագինը չի կասեցնի Իրանի ապօրինի միջուկային կարողությունների և ենթակառուցվածքների [զարգացումը]»:
Ի պաշտպանություն այդ համաձայնագրի հինգշաբթի հանդես եկավ Սպիտակ տունը՝ ընդգծելով, որ նշված դրամական միջոցները կենթարկվեն ավելի մանրակրկիտ մշտադիտարկման՝ փոխանցումից հետո:
«Կշարունակենք հակազդել իրանական ռեժիմի կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումներին: Կշարունակենք հակազդել արտերկրում նրանց ապակայունացնող գործողություններին, ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությանը»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Վերլուծաբանների շարունակում են պնդել՝ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրից դուրս գալու մասին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը բարդ իրավիճակի մեջ է դրել Միացյալ Նահանգներին:
Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն այս շաբաթ ընդունել է երկկուսակցական մի ակտ, որը պահանջում է Բայդենի վարչակազմից պատժամիջոցներ կիրառել Իրանի ղեկավարների նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների և ահաբեկչությանը հովանավորելու համար: