«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ասել ենք». ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցին Երևան, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։

«Նա (խմբ․՝ Լուի Բոնոն) շարունակում է շփումները կարճաժամկետ առաջնահերթության, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացման, և, իհարկե, երկարաժամկետ առաջնահերթության, այն է՝ ընդհանուր խնդրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու շուրջ, ինչը ես անվանում եմ երկարաժամկետ, բայց մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս շուտ», - ասել է Միլլերը։

Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին, նա նաև հայտնել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Լաչինի միջանցքի իրավիճակի շուրջ:

«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը շփումներ է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը հանգուցալուծելու համար», - ասել է Մեթյու Միլլերը։