Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ ԱՄՆ-ից ու Հարավային Կորեայից հնչող նախազգուշացումների ֆոնին, թե Փհենյանը մտադիր է սպառազինություն մատակարարել Կրեմլին։ Ներկայացնում է «Ամերիկայի ձայնի» թղթակից Սինդի Սեյնը:
Ռուսաստան ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը թագավորական ընդունելության արժանացավ՝ այդ թվում՝ նախագահ Պուտինի ուղեկցությամբ շրջելով ռուսաստանյան Հեռավոր Արևելքում գտնվող տիեզերակայանում: Ըստ հաղորդագրության, երկու առաջնորդները քննարկել են հյուսիսկորեացի տիեզերագնացներին տիեզերք ուղարկելու հնարավորությունը, Կիմ Չեն Ընը հետաքրքրվել է հրթիռներով:
Հանդիպումից հետո Պուտինը ռուսաստանյան պետական հեռուստաընկերությանը փոխանցել է, որ Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համագործակցության հնարավորություններ են բացվում՝ չնայած միջազգային պատժամիջոցներին։
Your browser doesn’t support HTML5
Իր հերթին՝ Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները դառնում են առաջնային, և հայտարարել է՝ աջակցում է Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։
«Միշտ լիակատար և անվերապահ աջակցություն ենք հայտնել Ռուսաստանի կառավարության և նախագահ Պուտինի ձեռնարկած բոլոր քայլերին»,- ընդգծել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
Մինչ Պուտինն ու Կիմ Չեն Ընը բարձրաձայնում էին երկկողմ ռազմական համագործակցության մասին, նման հեռանկարը մտահոգություններ է առաջացրել Վաշինգտոնում։
«Որևէ երկիր չպետք է օգնի պարոն Պուտինին՝ սպանել անմեղ ուկրաինացիների: Եթե նրանք որոշեն առաջ շարժվել սպառազինության [մատակարարման] ուղղությամբ, միջոցներ կձեռնարկենք, համապատասխան կերպով կզբաղվենք այդ հարցով»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Իր մտահգությունը չի թաքցրել նաև ԱՄՆ պետքարտւղարությունը։
«Անհանգստացնող է, երբ տեսնում եք, թե ինչպես են ռուսները Հյուսիսային Կորեայի հետ քննարկում այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը կխախտի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, և որոնց օգտին քվեարկել է հենց Ռուսաստանը»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Լոնդոնում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ներկայացուցիչ Մարկ Ֆիցպատրիկն «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը, ըստ երևույթին, գործարք են կնքել, որը շահեկան է նրանց համար, բայց սպառնալիք է միջազգային կարգին ու տարածաշրջանային կայունությանը:
«Ուշագրավ է, որ նրանք հանդիպեցին տիեզերական կենտրոնում: Սա ցույց է տալիս, թե ինչ տեխնոլոգիա է ցանկանում ստանալ Հյուսիսային Կորեան: Հաշվի առնելով, որ [հյուսիսկորեական] նախորդ երկու լրտեսական արբանյակների արձակումները ձախողվեցին՝ Փհենյանը նման աջակցության կարիք ունի»,- նշել է Ֆիցպատրիկը։
Ֆիցպատրիկը կասկածից վեր է համարել, որ Հյուսիսային Կորեան հրետանային արկեր և հակատանկային միջոցներ է մատակարարելու Ռուսաստանին, ինչն, անշուշտ, կօգնի Կրեմլին ուկրաինական մարտադաշտերում, քանի որ ռուսական բանակի զինանոցը սպառվում է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ որևէ համագործակցություն պետք է հարգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների ռեժիմը: