Վաշինգտոնը Թբիլիսիին չի առաջարկել Վրաստանում ամերիկյան ռազմակայան հիմնել՝ հայտնել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ հերքելով վրացական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը։
«ԱՄՆ-Վրաստան պաշտպանական հարաբերությունները միշտ հիմնված են եղել փոխգործակցության ամրապնդման և Վրաստանին աջակցելու վրա՝ [երկրի դեմ ուղղված] հետագա ագրեսիան զսպելու և նրա ինքնիշխան տարածքը պաշտպանելու նպատակով, ինչը մոտեցնում է Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Լրատվամիջոցներում տարածված տեղեկության կապակցությամբ հայտնում ենք, որ ԱՄՆ-ն չի առաջարկել Վրաստանում ամերիկյան ռազմակայան հիմնել»,- ասված է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Վրաստանի կառավարության քննադատությամբ աչքի ընկնող լրատվամիջոցները սեպտեմբերի 13-ին հայտնեցին, թե իշխող «Վրացական երազանքը» մերժել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի առաջարկը՝ բանակցություններ սկսել երկրում 1 800 հոգանոց ամերիկյան ռազմակայան տեղակայելու նպատակով։ Ըստ մամուլի, Օսթինը հարցը քննարկել է վրացական իշխանությունների հետ 2021 թվականի հոկտեմբերին Թբիլիսի կատարած այցի ժամանակ։
Your browser doesn’t support HTML5
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ այն «օգտագործվում է որոշ լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից՝ ապատեղեկատվություն տարածելու համար»:
Իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները ևս հանդես են եկել մեկնաբանությամբ, թե ՆԱՏՕ-ին անդամակցելն ավելի կարևոր է Վրաստանի անվտանգության համար։
«Որևէ ռազմակայան չի կարող հանդիսանալ անվտանգության երաշխիք։ Ինչպե՞ս պետք է ռազմակայանը ձեզ պաշտպանի։ Երաշխիքը՝ ՆԱՏՕ-ի հովանոցն է»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն համաձայն է․ «Միակ բանը, որը կպաշտպանի մեր երկիրը, անդամակցությունն է ՆԱՏՕ-ին»։ Միևնույն ժամանակ, Կալաձե հավելել է, թե Թբիլիսին հոգնել է լսել, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են Վրաստանի համար», և խոսելու փոխարեն Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ի վերջո ընդունի Վրաստանին իր շարքերը։
Ընդդիմությունը վրդովված է իշխանությունների արձագանքից՝ պնդելով, որ նման դիրքորոշումը արտացոլում է «Վրացական երազանքի» փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումը, ով, չնայած մոտ երկու տարի առաջ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, բայց, ըստ ընդդիմադիրների, շարունակում է ոչ պաշտոնապես կառավարել երկիրը։
Ըստ ընդդիմության, «Վրացական երազանքի» նման դիրքորոշումը հակասում է Վրաստանի շահերին և հօգուտ Ռուսաստանի է։
«Այստեղ հարցը ոչ թե ամերիկացիների ցանկությունն է՝ ռազմակայան տեղակայել, այլ Վրաստանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը։ Նրանք իրենց ողջ տեսքով ի ցույց են դնում, որ դա կտրականապես անընդունելի է։ Ամերիկյան ռազմակայանը էապես կբարձրացնի Վրաստանի անվտանգությունը, և ասել, որ այն նշանակություն չունի, քրեական հետապնդման արժանի հայտարարություն է, և լուրջ քաղաքական ենթատեքստ ունի»,- ասում է Վրաստանի խորհրդարանի «Եվրալավատեսներ» խմբակցության նախագահ, Ազգային բանկի նախկին ղեկավար Ռոման Գոցիրիձեն,
Ընդդիմադիր՝ «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ, երկրի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիգա Բոկերիան նույնպես խնդրահարույց է համարում վրացական իշխանությունների արձագանքը, որի նպատակը Վրաստանի ատլանտյան հեռանկարի վերաբերյալ հուսահատություն առաջացնելն է։
«Անդամակցությունը ՆԱՏՕ-ին և [մեր] երկրում դաշնակիցներից մեկի ռազմակայանի տեղակայումը փոխլրացնող գործոններ են։ Այո՛, եթե երկիրը դեռ ՆԱՏՕ-ի անդամ չէ, ապա արտաքին ագրեսիայից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ձգտել ունենալ այլ երկրի ռազմակայան և ռազմական պայմանագիր կնքել այնպիսի նշանակալի դաշնակցի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- համոզված է Բոկերիան։
Հարցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին պետնախարար, Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության օրոք ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք «խոսակցություններ են եղել» Վրաստանում ամերիկյան ռազմական կառույցի «որոշ տարրերի» տեղակայման մասին, ինչը կարևոր է երկրի անվտանգության համար։
«Պարզ օրինակ կբերեմ՝ [2008թ. ռուս-վրացական] պատերազմի ժամանակ Թբիլիսիի օդանավակայանը չի ռմբակոծվել։ Սա հայտնի փաստ է։ Այնտեղ ամերիկյան ռազմական բեռնատար ինքնաթիռներ էին։ Ռուսները պահանջեցին ամերիկացիներից հեռացնել իրենց ինքնաթիռները և ասացին, որ պետք է ռմբակոծեն օդանավակայանը։ Ամերիկացի օդաչուներն արձագանքեցին, թե հրահանգներ ու հրամաններ ենք ստանում միայն իրենց ղեկավարությունից, և դուք մեր ղեկավարությունը չեք»,- ասում է Յակոբաշվիլին։
Հիշեցնենք, ռուս-վրացական պատերազմի հետևանքով Ռուսաստանը 2008 թվականին ճանաչեց վրացական երկու շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ իր զորամիավորումները տեղակայելով այդ տարածքներում։ Միջազգային հանրությունը՝ բացառությամբ Վենեսուելայի, Նիկարագուայի, Նաուրուի և Սիրիայի, այս շրջանները համարում է Վրաստանի տարածք, որը գտնվում է Ռուսաստանի օկուպացիայի ներքո։