Կարո՞ղ է որևէ այլ թեկնածու շեղել Բայդենի ու Թրամփի միջև ընթացող ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքը

ԱՄՆ-ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ/ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐ-ԲԱՆԱՎԵՃ

Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունները վերստին կվերածվեն նախագահ Բայդենի և նրա նախորդի՝ Թրամփի միջև պայքարի, ինչպես 2020 թվականին էր։ Այնուամենայնիվ, որոշ քաղաքական գործիչներ չեն բացառում իրենց մասնակցությունը 2024 թվականի ընտրություններին:

Չնայած իր դեմ առաջ քաշված բազմաթիվ ծանր մեղադրանքներին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատակամ է՝ շարունակում է պնդել, թե որևէ հանցանք չի կատարել, իսկ հարցումները ցույց են տալիս, որ առնվազն այս պահին նրա կողմնակիցների թիվը չի պակասում: Հանրապետական կուսակցության ներսում ընթացող պայքարին զուգահեռ, որը պետք է որոշի, թե ով է լինելու քաղաքական ուժի թեկնածուն գալիք նախագահական ընտրություններին, Թրամփի որոշ մրցակիցներ արդեն հայտարարել են, որ կաջակցեն նրան, եթե հաղթի ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիզում:

Այդ թեկնածուներից մեկը Վիվեկ Ռամասվամին է, ով «ABC»-ի եթերում հայտարարեց, որ աջակցում է Թրամփին, թեև համաձայն չէ նրա որոշ քայլերի հետ, երբ Դոնալդ Թրամփն էր Սպիտակ տան ղեկավարը։

«Կարծում եմ, Թրամփի դեմ այս հետապնդումներից շատերը քաղաքական դրդապատճառներ ունեն: Սա սարսափելի նախադեպ ստեղծեց մեր երկրի համար։ Չեմ ցանկանում, որպեսզի ականատես լինենք, թե ինչպես ենք դառնում բանանային հանրապետություն, ուր ոստիկանական պետությունը ուժ է կիրառում՝ ախոյաններին մրցակցությունից դուրս թողնելու համար»:

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների կողմից Թրամփին աջակցելու հայտարարությունները խիստ քննադատության են արժանացել դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնի կողմից՝ դարձյալ «ABC»-ի եթերում:

«Եթե ի վիճակի չեք ասել, որ Դոնալդ Թրամփը փորձում էր տապալել իշխանության խաղաղ փոխանցումը, ինչը որակազրկում նրան՝ [որպես երկրի նախագահի թեկնածու]։ Եթե, չնայած այս հանգամանքին, խոստանում եք քվեարկել նրա օգտին, խոստանում եք՝ ներում շնորհել նրան։ Արդյո՞ք պետք է ընտրվեք»։

Ընտրությունների օրվան մոտենալուն զուգահեռ՝ Նյու Հեմփշիրի նահանգապետ Քրիս Սունունուն «NBC»-ի հետ զրույցում մի քանի խորհուրդ է տվել այն հանրապետականներին, որոնց համար անընդունելի է Թրամփը և անհանգստացած են տեղական ընտրություններում, նաև Նյու Հեմփշիրում դեմոկրատների հաջողություններից:

«Անձնական դաշտ չեք մտնում։ Ձեր քայլերը բխում են ընտրողների շահերից՝ անկախ այն հանգամանքից, թե որ կուսակացությունն եք ներկայացնում: Օրինակ, այժմ պահպանողական մոտեցում ունեմ հարկաբյուջետային հարցերի վերաբերյալ, և ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել հանրապետականների առաջ քաշած գաղափարներին, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում ենք խախտել կանոնները»:

Չնայած այսօր նախընտրական արշավի կենտրոնում են Թրամփն ու գործող նախագահ Ջո Բայդենը, երրորդ թեկնածուի մուտքը, այնուամենայնիվ, կարող է փոխել ընտրապայքարի ընթացքը։ «CBS»-ի եթերում Մերիլենդի նախկին հանրապետական նահանգապետ Լարի Հոգանին ուղիղ հարցրեցին նրա քաղաքական հավակնությունների մասին։

«[Մրցապայքարին միանալու] դուռը չեմ փակել։ Եթե վստահ լինենք, որ կարող ենք հաղթել, լավ հնարավորություններ ունենք, և այդ երկու հիմնական թեկնածուները թույլ են, հնարավոր է փորձենք անել մի բան, որը երբեք չի արվել»:

Վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում՝ նախագահական ընտրություններին դեռ մեկ տարի կա, և Թրամփի առջև ծառացած իրավական խնդիրներից ու Բայդենի տարիքից զատ, կարող են ի հայտ գալ այլ գործոններ, որոնք կազդեն ամերիկացիների քվեարկության վրա։