Քողարկիչ ցանցեր, հանդիպումներ զինվորականների հետ և Z-ծաղկանոց. ինչպես են ռուսական ճամբարներում երեխաներին սովորեցնում «սիրել հայրենիքը»

Ռազմական ցուցահանդես Ռուսաստանում

2023 թվականի ամռանը ճամբարներում հանգստացող բազմաթիվ ռուսաստանցի երեխաներ անցել են, այսպես կոչված, գաղափարախոսական դասընթացներ։

Հայրենասիրական դաստիարակությունը Կրեմլի համար վաղուց է դարձել կարևոր թեմա։ Դեռևս 2012 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարեց. «Հայրենասիրությունը, արժեհամակարգը, բարոյական ուղենիշները մարդու մեջ ներդրվում են մանկության և պատանեկության տարիներին։ Այստեղ հսկայական դեր ունեն ընտանիքը, ողջ հասարակությունը և, իհարկե, պետության կրթական ու մշակութային քաղաքականությունը»։

2016 թվականին Ռուսաստանում հայրենասիրությունը հռչակվեց ազգային գաղափար։ Ուկրաինա ռուսական ռազմուժի լայնածավալ ներխուժումից հետո, այդ ուղղությամբ աշխատանքը նկատելիորեն ակտիվացավ։ Նախորդ ուսումնական տարվանից դպրոցներում սկսվել են «կարևորի մասին խոսակցություններ» և Ռուսաստանի պետական դրոշի բարձրացման ամենօրյա արարողություններ։ 2023 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի բոլոր դպրոցներում կներդրվի նոր պաշտոն՝ «դաստիարակության գծով խորհրդատու»։ Այդ մարդիկ իրականացնելու են «տեղեկատվական-լուսավորչական աշխատանք» դպրոցականների և ուսուցիչների հետ։

Նոր ուսումնական տարում ռուսաստանցի դպրոցականները կստանան պատմության նոր դասագիրք, որի հեղինակներից մեկը Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին է։ Բազմաթիվ դիտորդների կարծիքով, դասագիրքը քարոզչական հավաքածու է։

Ամռանը, երբ «կարևորի մասին խոսակցություններով» լի դպրոցները չեն գործում, դրանց տեղը զբաղեցնում են մանկական առողջարանային ճամբարները։ Ռուսաստանյան ճամբարներում հայրենասիրություն «սովորեցնում» էին նաև Ուկրաինա ռուսական ներխուժումից առաջ։ Դրոշի բարձրացման արարողությունը և Ռուսաստանի օրհներգի հանդիսավոր կատարումը բազմաթիվ ճամբարներում պարտադիր են։ Նախկինում որոշ ճամբարներում «հայրենասիրական դաստիարակությունն» այդքանով ավարտվում էր։ Գուցե, հավելենք այն, որ հատուկ անկյուններում փակցված էր Պուտինի դիմանկարը և Ռուսաստանի օրհներգի տեքստը։

Այլ ճամբարներում ավանդաբար ընտրում էին մանկական դրոշակակիր խմբեր, անցկացնում շարային ստուգատեսներ ու խմբերգեր։ Զինվորական կամ ճամբարային համազգեստ հագած դեռահասները՝ դեմքի խիստ արտահայտությամբ և խրոխտ քայլերով տանում էին դրոշը։ Երեխաների ջոկատները երթով քայլում ու վանկարկում էին «Կատյուշան»։ Այս ավանդույթները ռուսական ճամբարները ժառանգել են խորհրդային պիոներական կազմակերպությունից։

Բացի այդ, շատ ճամբարներում սովորաբար նշվում էին պետական տոները։ Կազմակերպվում էին համերգներ, կինոդիտումներ և պատմությանը վերաբերող դասախոսություններ։ Ուկրաինա ներխուժումից հետո, այդ ամենն արդեն բավարար չթվաց։

2023 թվականի ապրիլին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն «Դաստիարակության նոր փիլիսոփայություն» համառուսաստանյան ֆորումի մասնակիցներին բարի երթ մաղթեց հետևյալ խոսքերով. «Մեր ընդհանուր խնդիրն է, որ հաջորդ սերունդը մեծանա որպես իսկական հայրենասեր։ Այն ևս առաջնագիծ է՝ հանուն ապագայի պայքարի առաջնագիծը, և դուք այդ առաջնագծում եք»։

Բարոյական գերազանցության մասին համոզմունքի ձևավորում

2023 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի կրթության նախարարությունը հրապարակեց «Երեխաների հանգստի կազմակերպման կառույցների համար՝ դաստիարակության օրինակելի աշխատանքային ծրագիրը»։ 40 էջանոց փաստաթուղթը նկարագրում է պետության խորհուրդները, թե ճամբարներում ինչպես զբաղեցնել երեխաներին։ Հերթափոխի ծրագրեր կազմելիս` ճամբարների ղեկավարները պետք է առաջնորդվեն այդ փաստաթղթով։ Ծրագիրը բաժանված է 14 մոդուլի՝ ներառյալ առողջ ապրելակերպ, էքսկուրսիաներ և արշավներ, մասնագիտական կողմնորոշում, ծնողների հետ աշխատանք և ինքնակառավարում։

Առաջինը՝ «Ռուսաստանի ապագան։ Կարևոր միջոցառումներ» թեմայով մոդուլն է։ Ինչպես գրում են ծրագրի հեղինակները, մոդուլի նպատակն է երեխաներին ներգրավել Ռուսաստանի պատմության և աշխարհագրության, նրա էթնոմշակութային բազմազանության, ազգային ինքնության ձևավորման ոլորտներում։ Այն ներառում է արդեն ավանդական դարձած՝ դրոշի բարձրացման արարողությունը, օրհներգի կատարումը և օրացույցի «կարմիր» օրերի տոնումը։ Սակայն բացի դրանից, հեղինակներն առաջարկում են երեխաներին պատմել «մարտական սխրանքների», «ճակատագրական պատմական իրադարձությունների» և Ռուսաստանի մշակութային ժառանգության մասին։

Այս մոդուլում որպես առանձին կետ նշված է «Առանց վաղեմության ժամկետի» անվամբ կրթական ծրագրի մասին։ Այն ներառում է այցելություններ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրներ, ինչպես նաև «հիշողության դասեր» և «արիության դասեր»՝ «մեր նախնիների սխրանքների մասին, որոնք պաշտպանել են հայրենի հողը և փրկել աշխարհը ֆաշիստական ագրեսիայից»։ Ծրագրի հեղինակների խոսքով, նախագծի խնդիրներն են՝ «ցույց տալ, թե մեր ժողովրդի որ արժեքներն են թույլ տվել հաղթել թշնամիներին, ամրապնդել վստահությունը մեր ժողովրդի և բանակի ոգու ուժի, նրա բարոյական գերազանցության նկատմամբ»։ Ուշագրավ է, որ փաստաթղթում որևէ խոսք չկա Ուկրաինայում ընթացող, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողության» մասին։ Ընդ որում, ճամբարներում նախատեսված «հայրենասիրական« միջոցառումների մեծ մասը, որոնց մասին հաջողվել է տեղեկություններ հայթայթել, նվիրված է հենց դրան։

Ինչպե՞ս է իրականացվում կրթության նախարարության ծրագիրը մանկական ճամբարներում։ Կարևոր է հստակեցնել, որ ճամբարային կյանքն, այնուամենայնիվ, չի սահմանափակվում «հայրենասիրական» դաստիարակությամբ։ Երեխաները խաղում են, մրցում, ձեռագործ իրեր վաճառում տոնավաճառներում, գնում են արշավների և այլն։ Զուգահեռաբար, իհարկե, նամակներ են գրում «հատուկ ռազմական գործողության մարտիկներին», շարվում Z տառի ձևով և հանդիպում «Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորականներին»։

2023 թվականի ապրիլին «Դաստիարակության նոր փիլիսոփայություն» համառուսաստանյան ֆորումի ժամանակ Սերգեյ Կիրիենկոն մանրամասնել է, թե ինչու երեխաներն, առհասարակ, պետք է հանդիպեն զինծառայողներին․ «Տղաները, որոնք այսօր կամավոր գնացել են հատուկ ռազմական գործողության գոտի, ունեն բարոյական իրավունք սեփական օրինակով ցույց տալ երեխաներին, թե որն է իսկական հայրենասիրությունը»։

Զինվորական տորթ

2023 թվականի հուլիս։ Կրասնոյարսկի «Լաստոչկա» ճամբար։ Ելույթ է ունենում Օլեգ Լուտիխը՝ մոտ վաթսուն տարեկան ալեհեր տղամարդ՝ զինվորական համազգեստով. «Երբ ինձ հարցրեցին, թե ինչու եմ կամավոր գնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն... ։ Պարզապես չեմ ցանկանում, որ իմ Կրասնոյարսկ քաղաքը և [մեր] մեծ հողը վերածվի համաշխարհային աղբավայրի, որտեղ կսպանեն իմ ժողովրդին»։

Լյուտիխի ձեռքում «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ծալած դրոշն է՝ տոպրակի մեջ։ Հանդիպման ավարտին նա այն նվիրեց ճամբարին՝ «անպարտելի Դոնբասից»։

Դահլիճում՝ նստարաններին և փայտե հատակին շարված կոճղերի վրա նստած է մոտ հարյուր երեխա՝ գույնզգույն փողկապներով։ Կողքի սեղանի շուրջ իրենց հերթին են սպասում կենսաթոշակային տարիքի ևս երկու տղամարդ՝ զինվորական համազգեստով։ Նրանք նույնպես վերադարձել են Ուկրաինայի պատերազմից և այժմ պատրաստվում են ելույթ ունենալ երեխաների առջև։

«Լաստոչկա» ճամբարում նկարահանվածի տեսանյութի տևողությունը 12 րոպե է, թեև հանդիպումն, ակնհայտորեն, ավելի երկար է տևել։ Որոշ դրվագներ հանվել են։ Զինվորականները հերթով պատմում են, թե ինչու են որոշել «զենք վերցնել»։

«Ի՞նչ մաղթել։ Գլխավորը, որ ամուր թիկունք լինի։ Ամեն ինչ ռազմաճակատի համար։ Ամեն ինչ հաղթանակի համար։ Բոլոր տղաներն ու աղջիկները, որոնք այնտեղ են, եթե իմ կամքը լիներ, նրանց 90%-ին կշնորհեի Ռուսաստանի հերոսի կոչում։ Նրանք իսկական հերոսներ են, որոնց պետք է պատկերել, նրանց մասին ֆիլմեր նկարահանել։ Եթե ձեր հարազատներն այնտեղ են, ուրեմն՝ հպարտացեք»,- ասում է Օլեգ Լուտիխը։

«Մենք կռվում ենք ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ ուկրաինացի ժողովրդի դեմ, որը, ըստ էության, նույն ռուս ժողովուրդն է, ինչպես մենք ինքներս։ Մենք միշտ եղել ենք մեկ ժողովուրդ, բայց հետո մեզ պառակտել են։ Մենք այնտեղ կռվում ենք ՆԱՏՕ-ի դեմ։ Պատերազմում ենք, իհարկե, ուկրաինացիների հետ, բայց ուկրաինացիներին զինում են ամերիկացիները, ՆԱՏՕ-ն, և եթե նրանց այնտեղ չկանգնեցնենք, կգան այստեղ, և իմ դուստրերը, մեր բոլոր երեխաները, որոնք ապրում են այստեղ, կզգան պատերազմի ողջ դառնությունը»,- շարունակում է Լուտիխը։

Երեխաներին նորություն չեն մատուցում։ Ռուսական քարոզչությունն անընդհատ տարածում է նույն խոսույթը՝ միասնական ժողովրդի, ՆԱՏՕ-ի հետ պատերազմի, Ռուսաստանի մեծության մասին, զուգահեռներ տանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ու Ուկրաինա ներխուժելու միջև... ։

Այս ամառ «հատուկ ռազմական գործողության մասնակիցների» հետ հանդիպումներ են անցկացվել Ռուսաստանի բազմաթիվ ճամբարներում։ Զինվորականները գալիս են և՛ առանձին, և՛ խմբերով։ Մեկը՝ հուշանվերներ է բերել, մյուսը՝ տորթ, մեկը՝ անօդաչուներ։ Բաշկիրիայի ճամբարներից մեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հյուրը երեխաներին ցույց է տվել, թե ինչպես վարվել զենքի հետ։ Տվերի մարզում ռազմատրանսպորտային ավիացիայի սպան երեխաների համար դասախոսություն է կարդացել՝ «Նեոնացիզմի զարգացման համար պարարտ հող։ Ո՞վ է այն ստեղծում» թեմայով։ Իսկ Եսենտուկիում «հատուկ ռազմական գործողության մարտիկի» հետ հանդիպում են անցկացրել․․․ մանկապարտեզում։ Մանուկները հարցուփորձ են արել զինվորականին՝ որտե՞ղ է քնում և ուտում, արդյո՞ք վախենում է, որտեղի՞ց է զենք ձեռք բերում և այլն։

Իրենց կայքէջերում ճամբարները հրապարակում են ոչ միայն գրառումներ զինվորականների հետ հանդիպումների մասին, այլև երեխաների արձագանքները։ Առանձին ժանր է։ Որևէ երեխայի բացասական արձագանք դժվար թե հայտնվի ճամբարի պաշտոնական էջում։ Որպես կանոն՝ մեծահասակները գիտեն, թե երեխաներից ում դիմեն տպավորություններով կիսվելու համար։ Բայց այս «պաշտոնական» արձագանքներն էլ խոսուն են։

«Այս հանդիպումն ինձ օգնեց ավելի լավ կողմնորոշվել ապագայի հարցում։ Նախկինում ցանկանում էի բժիշկ դառնալ, բայց հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ շփվելուց հետո հասկացա, որ ռազմական բժշկությունը կընտրեմ։ Նաև իմացանք, որ աղջիկները կարող են սովորել տարբեր զինվորական մասնագիտություններ, իսկ գլխավորը՝ ցանկությունն է»,- իր ծրագրերը ներկայացնում է Դարյան Պսկովից՝ «հատուկ ռազմական գործողության մասնակիցների» հետ հանդիպումից հետո։

«Կարծում եմ, նման հանդիպումները անհրաժեշտ են մեր սերնդին, քանի որ տեսնում ենք հատուկ գործողության պատմությունն ու ընթացքը զինվորականի աչքերով»,- ասում է Անյան Վորոնեժից՝ «Օռլյոնոկ» համառուսաստանյան մանկական կենտրոնում զինվորականների հետ հանդիպումից հետո։

«Ամենից շատ ինձ դուր եկավ այն պատմությունը, թե ինչպես է Վալենտին Գուբարևը հերոսաբար խոցել հինգ միլիոն արժողությամբ կործանիչը՝ վտանգելով սեփական կյանքը և փրկելով մի ողջ զինվորական դասակ։ Միայն զինվորականների ջանքերի և աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ խաղաղ երկինք, սովորել և հանգստանալ Համառուսաստանյան մանկական կենտրոնում»,- հավելում է այդ նույն հանդիպման մասնակից Դամիրը Դոնի Ռոստովից։

«Պլանավորում եմ զինվորական կարիերա կառուցել։ Այսօր նոր բաներ սովորեցի, և այն է՛լ ավելի է մոտիվացնում ինձ՝ դառնալ զինծառայող»,- ասում է 14-ամյա Միխայիլը՝ «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտրոնում տեղի ունեցած նմանատիպ մի հանդիպումից հետո։

Խոսքով և գործով

Ռուսաստանցի երեխաների համար Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին տեղեկատվության աղբյուր են նաև գրադարանները։ Ճամբարային, քաղաքային կամ դպրոցական գրադարաններում ամռանը պարբերաբար անցկացվում են «արիության դասեր»։ Ուսոլյե-Սիբիրսկոյե քաղաքի կենտրոնական մանկական գրադարանում թիվ 3 դպրոցի ցերեկային ճամբարի երեխաների համար անցկացվել է «Արիությունը մեզ չի լքի» խորագրով զրույց։ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմությունից գրադարանավարը անցում է կատարել «հատուկ ռազմական գործողության» թեմային։ Երեխաները պատմել են Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցող իրենց եղբայրների ու հայրերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են ծանրոցներ հավաքել զինվորների համար ու նամակներ գրել նրանց։ Հանդիպման ավարտին գրադարանավարը մոմ է վառել և լռության րոպե հայտարարել՝ ի հիշատակի զոհվածների։

Խանտի-Մանսիյսկի շրջանի Ելիզարովո գյուղի գրադարանում «Պատրիոտ+» ճամբարի երեխաներին ցուցադրվել է «Ուկրաինայում ռուս զինվորականների սխրանքների մասին» տեսանյութ։ Ինչպես նշված է գրադարանի սոցիալական ցանցի էջում, «սա պատմություն է նրանց մասին, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն նացիզմի դեմ հաղթանակի և հանուն ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման»։ Հանդիպման ժամանակ նաև ներկայացվել է պատերազմի մեկնած համագյուղացիների մասին նյութ։ Երեխաների հետ շփվելու համար գրադարան էր այցելել զինվորներից մեկի մայրը՝ պատմելով, թե իր որդու մոտ հայրենասիրությունն ամրապնդվել է դեռևս դպրոցում։

Ճամբարներում հաճախ անցկացվում են Ուկրաինայում զոհված հայրենակիցների հիշատակին նվիրված տողաններ։ Նմանատիպ տողաններից ու «արիության դասերից» զատ, ճամբարներում երեխաներին ներգրավում են Ռուսաստանի Զինված ուժերին սատարող միջոցառումներին։ Ամենից հաճախ նրանց հորդորում են նկարներ պատրաստել և նամակներ գրել, որոնք ուղարկվելու են ռուսաստանցի զինվորականներին՝ Ուկրաինա։ «Բոլորս հավատում ենք, որ մեր աջակցությունը կօգնի զինծառայողներին հաղթահարել խնդիրները, կջերմացնի նրանց և ուժ կտա նեոնացիստներին հաղթելու համար»,- նշված է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության՝ Սարատովի մարզի Բալաշով քաղաքի մասնաճյուղի տելեգրամյան ալիքում՝ դպրոցական ճամբարներում տեղի ունեցած միջոցառումների մասին։

Ստավրոպոլի երկրամասում՝ Պրասկովեյա գյուղի գրադարանում դպրոցական ճամբարի երեխաները՝ գրադարանավարի ղեկավարությամբ պատրաստում էին նյութեր՝ քողարկման ցանցերի համար, որոնք ուղարկվելու են «հատուկ ռազմական գործողության գոտի»։ Նեֆտեյուգանսկի դպրոցական ճամբարում երեխաները՝ մանկավարժների ղեկավարությամբ պատրաստում էին մոմեր խրամատների համար։ Նաև փափուկ խաղալիքներ ու դատարկ թիթեղյա տարաներ են հավաքել՝ զինվորների համար։ Վոլգոգրադի մարզում՝ «Զոլոտոյ կոլոս» ճամբարում երեխաները ցանցերից ու մոմերից զատ, պատրաստում էին, այսպես կոչված, չոր ցնցուղներ «հատուկ ռազմական գործողության մարտիկների» համար։

Մանկական ճամբարներում հայրենասիրական դաստիարակության մեկ այլ միջոց է ֆլեշմոբը։ Ինչպես դպրոցներում, ամռանը՝ հերթափոխի ժամանակ երեխաներին շարում են հսկայական Z և V տառերի ձևով։ Ստավրոպոլի երկրամասի գյուղական դպրոցական ճամբարում երեխաները՝ մանկավարժների հետ միասին ծաղկանոց են տնկել Z-խորհրդանիշի տեսքով։ Նիժնի Նովգորոդի մարզի Ուրեն քաղաքի թիվ 1 դպրոցի ճամբարում պատրաստված տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխաները հերթով բանաստեղծություններ կարդում «Առաջինների շարժում․ հայրենասիրությունն այստեղ է ծնվում» միջոցառման ժամանակ։ Օրինակ է գրող և պահեստազորի գնդապետ Վլադիմիր Սիլկինի բանաստեղծությունը․ «Թող, որ դժվար է քեզ համար, զինվո՛ր։ Թող, որ ոտքիդ կոշտուկներ կան շատ, բայց գիտցիր, զինվո՛ր, դու մոռացված չես։ Հայրենիքում բոլորը սպասում են քեզ»։

«Ոտքի կանգնենք» ֆլեշմոբը մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Նիկոլայ Իմչուկին նվիրված տեսանյութից, ուր թոշակառուն ձեռքսեղմամբ ցույց է տալիս «հաղթողների երկու սերունդների միասնությունն ու համերաշխությունը»։ «Ռոսմոլոդյոժը» կոչ է արել տեսանյութը տեղադրել՝ «ի նշան աջակցության Ուկրաինայում ռուս զինծառայողներին»։ Ակցիայի սաունդթրեքը Z-երգիչ Շամանի՝ «Ոտքի կանգնենք» երգն է։ Տասնյակ ճամբարներ իրենց էջերում հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ, թե ինչպես են երեխաները սեղմում ձեռքերը։

Ինչպես է քարոզչությունն ազդում դեռահասների վրա

Հասկանալու, թե ինչպես է մանկական ճամբարներում և այլ կրթական հաստատություններում քարոզչությունն ազդում երիտասարդ սերնդի վրա՝ զրուցել ենք մասնագետների հետ, որոնք աշխատում են դեռահասների հետ։

Մանկավարժ Դիմա Զիցերը վստահ է, որ ամառային ճամբարում, որտեղ երեխան պարբերաբար ենթարկվում է քարոզչության, այն կարող է ունենալ երկարատև հետևանքներ. «Այն սոսկալի ազդեցություն ունի։ Եթե խոսքը նախադեռահասային տարիքի մասին է, ապա գործ ունենք տոտալ ազդեցության հետ։ Այսինքն, շատ մեծ է հավանականությունը, որ եթե մարդը ենթարկվել է նման քարոզչության, իսկ մենք խոսում ենք ամենօրյա հետևողական համակարգված քարոզչության մասին, հավանաբար, չի կարողանա ազատվել դրանից ողջ կյանքում։ Այս մասին հրաշալի հետազոտություն է կատարվել Կոլումբիայի համալսարանում։ Եթե խոսքը 14-15 տարեկանների մասին է, ապա այստեղ մի փոքր ավելի հեշտ է, քանի որ այս դեպքում գործ ունենք ինչ-որ չափով ձևավորված քննադատական մտքի հետ, որը բնորոշ է այս տարիքի երիտասարդներին»։

Ըստ Զիցերի, այն ծնողները, որոնք պատերազմի ժամանակ իրենց երեխայի համար ամառային հանգստի վայր են ընտրում, պետք է գիտակցեն, որ ճամբարում նա կարող է ենթարկվել քարոզչության. «Նորմալ ծնողը հասկանում է, թե ուր է գնում իր սիրելի մարդը։ Կտրականապես չեմ ընդունում այն տեսակետը, որ ծնողները չգիտեն, թե ուր են «ուղարկում» երեխային։ Նման է այն մարդկանց, որոնք ապրում էին Օսվենցիմի մերձակայքում և չգիտեին, թե ինչ է կատարվում այնտեղ։ Երեխան հայտնվում է թակարդում: Պնդում եմ՝ ծնողները հասկանալով են ուղարկում իրենց երեխաներին նման ճամբարներ։ Ծնողը երեխայի համար հեղինակավոր մարդ է։ Այնտեղ նա հանդիպում է այլ հեղինակավոր մարդկանց, որոնք նրան առավոտից երեկո ենթարկում են քարոզչության։ Բնականաբար, դա հսկայական ազդեցություն կունենա նրա վրա, քանի որ հեղինակավոր մեծահասակները՝ թե՛ ծնողները, թե՛ ջոկատավարները, թե՛, այսպես կոչված, մանկավարժները, միասնական են այդ հարցում։ Խոսքը բռնության մասին է։ Երեխան կվերադառնա բարոյապես բռնաբարված։ Տասը տարեկանում երեխան չի կարող դիմակայել մեծահասակների ճնշմանը․ նա գործիքներ չունի»։

Գրող Լինոր Գորալիկը «Նովոստի 26» նախագծի գլխավոր խմբագիրն է, որը դեռահասներին պատմում է ռուսական քաղաքականության մասին։ Գորալիկի կարծիքով, Ռուսաստանում երեխաներին շատ ավելի դժվար է խուսափել քարոզչությունից, քան մեծահասակներին. «Մեզ թվում է, թե լիբերալ հայացքներ ունեցող մեծահասակների համար հիմա շատ դժվար է ապրել Ռուսաստանում։ Բայց, եթե համեմատենք, թե ինչ վիճակում է հայտնվում դեռահասը, մենք ուղղակի դրախտում ենք։ Ստիպված չենք ամեն օր գտնվել այնպիսի միջավայրում, ուր քարոզչությունից խուսափելու հնարավորություն չունենք։ Մենք ցանկացած պահի կարող ենք անջատել հեռուստացույցը, կարող ենք չկարդալ «Ռիա»-ի նորությունները, կարող ենք չկարդալ «Տասս»-ի հաղորդագրությունները։ Բայց երեխան չի կարող խուսափել քարոզչությունից։ Մենք կարող ենք ընտրել մեր միջավայրը, ընտրել նույն հետաքրքրությունների տեր ընկերներ։ Կարող ենք ազատ արտահայտել մեր կարծիքը խոհանոցում։ Երեխան չի կարող։ Եվ եթե նա նողկանք ապրում պատերազմից, փախչելու տեղ չունի և ոչ ոք չի կարող վստահել։ Ահա, այդ մարդիկ ապրում են դժոխքում»։

Գորալիկը պատմում է, որ խմբագրությունը պարբերաբար նամակներ է ստանում դպրոցականներից, որոնք պատերազմի ժամանակ ենթարկվում են ռազմական քարոզչության. «Ահա, մի օրինակ։ «Ապրում եմ զինվորական ավանում, հայրս զինվորական է, ես բացարձակապես ոչ մեկի հետ չեմ կարող խոսել, շուտով կխելագարվեմ»։ Մեզ կարդում են բազմաթիվ այդպիսի երեխաներ։ Անձամբ եմ պատասխանում եմ մեզ հասցեագրված բոլոր նամակներին։ Իմ աշխատանքն է։ Եվ հարցին՝ «ի՞նչ անել», իսկ այդ հարցը մեզ շատ հաճախ են տալիս, ունեմ մեկ պատասխան՝ «Սիրելի, ենթադրենք, Վասյա կամ Կատյա, ձեզ նամակ եմ ուղարկում, որի համար ամաչելու եմ։ Բայց այլ բովանդակությամբ նամակ չեմ կարող գրել։ Արեք այն, ինչ հիմա անում եք։ Կարդացեք, մտածեք, նայեք շուրջը։ Քանի որ ցանկացած այլ գործողություն այնքան անապահով է թվում, որ ինձ համար դժվար է պատկերացնել, որ կարող եմ նույնիսկ խոսել այդ մասին»։ Եվ սա կոտրում է իմ սիրտը, քանի որ ցանկացած նորմալ երկրում, երբ դեռահասը ուզում է քաղաքականապես ակտիվ լինել, նա ունի բազմաթիվ տարբերակներ։ Բայց ո՛չ Ռուսաստանում և ո՛չ հիմա։ Նման երեխաներին հիմա կարող ենք միայն ասել՝ կարդա, մտածիր և ականջիդ օղ արա»:

Ռուսաստանի կրթության նախարարության տվյալներով, այս ամառ երկրում գործում էին գրեթե 40 հազար տարբեր մանկական ճամբարներ՝ ցերեկային, ստացիոնար, վրանային, մասնագիտացված և աշխատանքային։ Արձակուրդների ընթացքում ճամբարներում հանգստացել է ավելի քան հինգ միլիոն երեխա։ Թե նրանցից քանիսն են ենթարկվել ռազմահայրենասիրական քարոզչության, անհնար է հաշվել։ Պետական ճամբարներում հայրենասիրական դաստիարակությունը ծրագրի պարտադիր մասն է։

Ոչ բոլոր ճամբարներն են համացանցում մանրամասն հաշվետվություն ներկայացնում իրենց ծրագրի վերաբերյալ։ Բացի այդ, ռուսական դպրոցներում «կարևորի մասին խոսակցություններ» վարելու փորձից կարելի է ենթադրել, որ որոշ ճամբարներում ռազմահայրենասիրական դաստիարակությունն իրականացվում է լայնածավալ, մյուսներում՝ պարզապես ցուցադրական բնույթ ունի։