Ամերիկյան փորձագետները գնահատում են ռուսական բանակի հզորությունը

Ռուսական բանակի գովազդ

Ռուսական բանակը, որը համարվում է աշխարհի հինգերորդ ամենամեծ ռազմուժը, մեղմ ասած, Ուկրաինայում աչքի չի ընկնում հաջողություններով, որքան էլ ի սկզբանե այդ առումով վստահ էր նախագահ Պուտինը: Ամերիկացի փորձագետները վերլուծում են Ռուսաստանի ռազմական հզորությունը:

Երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին ներխուժեց Ուկրաինա, նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացավ երեք օրվա ընթացքում գրավել մայրաքաղաք Կիևը։ Տասնութ ամիս անց Կիևը կանգուն է, չնայած Կրեմլը պատերազմում ծախսել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ նշում է ամերիկացի վերլուծաբան Գարի Շմիթը:

Ատլանտյան խորհրդի ռազմավարության և անվտանգության հարցերով փորձագետ Յան Բժեզինսկին կարծում է, որ Ուկրաինա ներխուժումը նախատեսված էր որպես կարճաժամկետ արշավ, որը, սակայն, վերածվեց տևական պատերազմի:

«Այժմ ռուսները պաշտպանվում են: Ցավոք, շատ ժամանակ ունեցան ամրություններ ու ականապատ դաշտեր հիմնելու համար»,- ասում է նա:

Այսօր ռուսական բանակը մոտ մեկ միլիոն զինվոր ունի։ Շմիթն ասում է, որ Ուկրաինայում կրած հսկայական կորուստների պատճառով բանակի զգալի մասը պատրաստ չէ մարտական գործողություններին։

«Պարզվում է, որ առանց համակցված գործողությունների, առանց այդ իրականացնելու անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման և առանց օդային ուժերի զուգահեռաբար օգտագործման՝ այդ զորքը, այսպես ասենք, պարզապես գոյություն չունի»,- կարծիք է հայտնում փորձագետը:

Ըստ Բժեզինսկիի, 2008 թվականի օգոստոսին Վրաստան ներխուժումը ցույց տվեց ռուսական բանակի կարգապահական, հրամանատարության և կառուցվածքի հետ կապված թուլությունները. «Տխուր պատկեր էր, և Պուտինը խոստացավ, որ կփոխի ամեն ինչ: Նա ձեռնամուխ եղավ ռազմական արդիականացման 10-15 տարվա ծրագրի իրականացմանը»:

Մոսկվան փորձեց իր ռազմուժը վերածել արդիականացված, ավելի համախումբ, պայմանագրային հիմունքներով բանակի՝ կիրառելով արևմտյան ոճի գումարտակային-մարտավարական խմբեր։ Սակայն Շմիթն ասում է, որ առաջնահերթությունը տրվեց քանակին, ոչ՝ որակին: Բարեփոխումներն այդքան էլ արդյունավետ չստացվեցին: «Փողի մեծ

մասը հոսում էր գեներալների և կապալառուների գրպանը՝ բանակը կատարելագործելու փոխարեն»,- նշում է նա:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Ֆիլիպ Բրիդլավի ներկայացմամբ, ով 2013-2016 թվականներին եղել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատարը, այսօր Ուկրաինայում ռուսական բանակը բախվել է մարդուժի հետ կապված խնդրին, և զորքերի քանակի պարզ ավելացումը չի օգնի լուծել այն:

«Եթե կարծում եք, որ Ռուսաստանը լիովին սպառված է, սխալվում եք: Շատ ավելի մեծ հնարավորություններ ունի: Բայց Պուտինը հսկայական քաղաքական գին պետք է վճարի, որպեսզի շարունակի ուժեր հավաքել և անել որոշ բաներ, որոնք նա, միգուցե, ստիպված է լինելու անել»,- ասում է Բրիդլավը:

Ըստ ամերիկացի փորձագետների, այս ամենին զուգահեռ՝ տակավին պարզ չէ, թե ի վերջո ինչպես են «Վագներ» խմբավորման զինյալներն արձագանքելու իրենց ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահվանը: