«Պուտինյան ոճով» պատմությունն արդեն զետեղված է ռուսական նոր դասագրքերում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Այդ «պատմությունը» դասավանդվելու է ոչ միայն ռուսաստանյան դպրոցներում, այլև` Ուկրաինայի՝ օկուպացված տարածքներում 

Օրերս Ռուսաստանի կրթության նախարարությունը ներկայացրել է երկրի նորագույն պատմության և համաշխարհային պատմության դասընթացների երկու նոր դասագրքեր։

Օգոստոսի 7-ին Մոսկվայում ներկայացնելով գրքերը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ դրանք կհայտնվեն ավագ դպրոցի աշակերտների սեղանին արդեն սեպտեմբերի 1-ից, երբ մեկնարկի ուսումնական տարին։

Դասագրքերում ամբողջությամբ վերաշարադրված գլուխներ են, որոնք ընդգրկում են նորագույն շրջանը՝ սկսած 2014 թվականից, երբ Ուկրաինային պատկանող Ղրիմի և Դոնբասի մի մասի բռնակցմամբ սկսվեց Ռուսաստանի աստիճանական ներխուժումը հարևան երկիր։ Իրադարձություններն ավարտվում են ռուս-ուկրաինական ներկայիս պատերազմով։

«2024 թվականի ուսումնական տարվա սկզբին պատմության համանման դասագրքեր կներդրվեն նաև ռուսաստանյան դպրոցների 5-9-րդ դասարանների համար»,- ասել է Մեդինսկին։

Ռուսաստանի կառավարության «Российская газета» պարբերականը հայտնել է, որ երկրի պատմության նոր դասագրքերը կգործեն Ռուսաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Կրեմլի բռնազավթած Ուկրաինայի տարածքներում՝ Դոնբասում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։

Վաշինգտոնում գործող «Ատլանտյան խորհուրդ» հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքսանդր Պանկեևը դեռ անցած տարվա սեպտեմբերին անդրադարձել էր հարցին՝ նշելով, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո՝ Մոսկվան սկսեց նաև օկուպացված ուկրաինական շրջաններում պարտադրել Ռուսաստանում մշակված ուսումնական ծրագիրը, որը բացասաբար է ներկայացնում Ուկրաինան՝ ուկրաինացի անչափահասներին համոզելով ողջունել իրենց երկրի գրավումը, ընդունել ռուսական ինքնություն։

«Ատլանտյան խորրդի» ներկայացմամբ, Կրեմլը ձգտում է անգամ պատմության դասագրքերով վարել հիբրիդային պատերազմ։

«Polygraph.info»-ն՝ «Ամերիկայի ձայնի» կողմից ստեղծված ինտերնետային ռեսուրսը, որի նպատակն է խոչընդոտել ստի և քարոզչության տարածումը համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, վերլուծել է ռուսական նոր դասագրքերի որոշ գլուխներ։ Պարզվել է, որ դրանք պարունակում են Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի մասին բազմաթիվ կեղծ պնդումներ։

Ռուսաստանի պատմության նոր դասագրքում առկա կեղծ պնդումների օրինակներ

Օրինակ.

«Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումն է՛լ ավելի սրվեց 2020-ականների սկզբին... Հաճախակի էին դարձել Դոնբասի հրետակոծությունները»։

Այս թեզը հերքում է Կրեմլի հաճախ հնչեցրած կեղծ պնդումները, թե Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին ներխուժել է Ուկրաինա՝ վերջ տալու «ուկրաինական բանակի շարունակ աճող ռազմական ներկայությանը Դոնբասում»։

Ռուսաստանի նախագահ Պուտինն օգտագործեց այդ նույն կեղծ պնդումը, երբ 2022 թվականի փետրվարի 24-ին հայտարարեց Ուկրաինա ներխուժելու մասին։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի մոնիթորինգային առաքելության 2022 թվականի հունվարի 27-ի զեկույցի համաձայն, Ուկրաինա ռուսական լայնածավալ ռազմական ներխուժումից մեկ ամիս առաջ Դոնբասում պատերազմի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվն ամենից փոքրն էր՝ 2018 թվականից ի վեր։ 2018-ին՝ 128 զոհ էր, 2019-ին՝ 85, իսկ հետո 2020-ին՝ 61, և 2021-ին՝ 36։

Թեև Պուտինի խոսքով, Ուկրաինա ներխուժումը եղել է ռազմական գործողությունները դադարեցնելու «մարդասիրական» առաքելություն, ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ոլորտում միջազգային հետազոտողները փաստում են, թե ռուսական ագրեսիան ուկրաինացի ժողովրդի նկատմամբ չդադարող ցեղասպանություն է։

Վաշինգտոնյան «New Lines Institute» կազմակերպությունը, որը մասնագիտացած է արտաքին քաղաքականության ուսումնասիրության հարցերում, այս հուլիսին գրել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայում զբաղված է ուղղակի և բացահայտ ցեղասպանությամբ՝ օգտագործելով մանիպուլյատիվ ձևակերպումներ՝ «դենացիֆիկացիա», «դե-սատանայացում», և ուկրաինացիներին ներկայացնելով որպես «Ռուսաստանի առջև կանգնած գոյաբանական սպառնալիք»՝ հայտարարելով նաև, թե նրանց՝ որպես ազգ ոչնչացումը պետք է երաշխավորված իրականացվի։

«New Lines Institute»-ի զեկույցը ընդգծում է՝ կասկածից վեր է, որ Ռուսաստանը ոչ միայն շարունակում է, այլև ակտիվացնում է ցեղասպանություն իրականացնելու իր ջանքերը։

Մեկ այլ օրինակ Ռուսաստանի պատմության նոր դասագրքից

«Միացյալ Նահանգները դարձել է ուկրաինական հակամարտության գլխավոր շահառուն։ Նրան հաջողվել է Եվրոպային պարտադրել իր թանկարժեք գազն ու այլ ռեսուրսներ»։

Ձևակերպումը կրկնում Է Կրեմլի՝ հաճախակի դարձած կեղծ պնդումները, թե Միացյալ Նահանգներն է պատերազմ է սկսել Ուկրաինայում՝ Եվրոպայում ամերիկյան հեղուկ գազի վաճառքի ծավալները մեծացնելու համար։

Հակառակ այս պնդման՝ «Eurostat»-ը՝ Եվրամիության վիճակագրական ծառայությունը հուլիսին հայտնել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր Եվրոպայում ամերիկյան գազի վաճառքը նվազել է։

«Ինչ վերաբերում է հեղուկ բնական գազին, 2022 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանը [18,1%] եղել է ԵՄ երկրորդ խոշոր մատակարարը ԱՄՆ-ից [48,6%] հետո։ 2023 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է 4,9%-ով։ Մինչդեռ, Նորվեգիայի [+6,5%], Քաթարի և Ալժիրի [միասին +2,4%] մասնաբաժիններն աճել են։ ԱՄՆ մասնաբաժինը նույնպես նվազել է 8,4%-ով»,- հայտնել է «Eurostat»-ը։

Հարկ է հիշեցնել, որ եվրոպական առաջնորդները որոշել էին նվազեցնել իրենց երկրների կախվածությունը ռուսական գազից շատ ավելի վաղ, քան ռուսական տանկերը շարժվեցին Կիև։ Եվրամիության երկրները հանգել էին նման որոշման՝ իրենց խոսքով, Կրեմլի էներգետիկ շանտաժի դեմ տասնամյակներ պայքարելուց հետո։

Հենց այդ ժամանակ Միացյալ Նահանգները մեծացրեց հեղուկ գազի մատակարարումները Եվրոպա։ Եվրոպական խորհրդի տվյալներով, 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն ԵՄ է արտահանել 2,53 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ մոտ 8,6 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ։

Ձգտելով պարզ շանտաժի միջոցով խոչընդոտել, որպեսզի Եվրամիությունը պատժամիջոցներ չսահմանի իր դեմ՝ 2022 թվականի հունիսին Մոսկվան սկսեց նվազեցնել բնական գազի մատակարարումը Եվրոպա, ինչը հանգեցրեց գազի գնի ռեկորդային աճի՝ 345 եվրո մեկ մեգավատ ժամի դիմաց։

Այնուհետև՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով կանադական և գերմանական ընկերություններին՝ «սարքավորումների հետ կապված խնդիրների» առնչությամբ, Ռուսաստանը 2022 թվականի օգոստոսին դադարեցրեց գազի մատակարարումը Եվրոպա՝ «Հյուսիսային հոսք-1» գազատարով։

2023 թվականի փետրվարին՝ Ուկրաինայում պատերազմը սկսվելուց մեկ տարի անց, Եվրոպայում գազի սակագները նվազել էին՝ հասնելով նախորդ 18 ամսվա՝ 2021 թվականի սեպտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին՝ 52 դոլար մեկ մեգավատ ժամի դիմաց։

2023 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ Նիդերլանդներում, որը համարվում է սպառողական գների ոլորտում եվրոպական կարևոր ցուցիչ-երկիրը, բնական գազի գինը կազմում էր 44 դոլար մեկ մեգավատ ժամի դիմաց։

Եվս մեկ օրինակ Ռուսաստանի պատմության նոր դասագրքից

«Միացյալ Նահանգները միտված է պայքարել մինչև վերջին ուկրաինացին»։

Այս մեջբերումն ուղղակիորեն կրկնում է Պուտինի խոսքերը, որը 2022 թվականի հուլիսի 7-ին հայտարարեց․ «Արևմուտքը պատրաստ է կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին»։

Ռուսական ագրեսիային դիմակայելու ուղին ընտրել են ուկրաինացի ժողովուրդն ու նրա ղեկավարությունը, այլ ոչ թե ինչ-որ արտաքին ուժ։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո մերժեց երկիրը լքելու առաջարկը՝ հայտարարելով․ «Ինձ զինամթերք է պետք, ոչ թե տարհանում»։

Ուկրաինական «Ռեյտինգ» հետազոտական կազմակերպության 2022 թվականի դեկտեմբերին հրապարակած ուսումնասիրության համաձայն, Ուկրաինայում հարցվածների թիվը, որոնք համարում են, թե երկրի համար հաղթանակը նշանակում է բոլոր տարածքների, այդ թվում՝ Ղրիմի և Դոնբասի ազատագրում, աճել է․ եթե 2022 թվականի մարտին այդպես էր մտածում 74%-ը, ապա 2022 թվականի նոյեմբերին՝ 85%-ը։

«Իլկա Կուչերիվի անվան ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի՝ 2023 թվականի հունիսին անցկացրած հարցումը ցույց տվեց, որ հարցվածների 70%-ի

համար հաղթանակը նշանակում է Ուկրաինայից ռուսական զորքերի «ամբողջական դուրսբերում»։

Նույն հարցման համաձայն, ուկրաինացիների 77%-ը վստահ է, որ Ուկրաինան հաղթանակ է տանելու, ևս 16%-ը համոզված է դրանում։ Այս արդյունքը գործնականում չի փոխվել 2022 թվականի օգոստոսից ի վեր։

Հիմնադրամի համաձայն, Ուկրաինայի հաղթանակի նկատմամբ հարցվածների վստահությունը բացատրվում է այն հանգամանքով, որ մարդկանց պատկերացմամբ՝ ռազմական պարտության դեպքում Ուկրաինայի ամբողջ ժողովրդը կարող է ենթարկվել ոչնչացման։

Հերթական օրինակը Ռուսաստանի պատմության նոր դասագրքից

«Ուկրաինան ծայրահեղ ազգայնական պետություն է»։

Կրեմլի նախընտրած խոսույթն է, թե «Ուկրաինան նացիստական պետություն է»։

Ծայրահեղ ազգայնական կազմակերպություններ գոյություն ունեն ցանկացած երկրում, այդ թվում՝ այնպիսի ժողովրդավարական երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները։ Սակայն այդ հանգամանքը նրանց չի դարձնում ծայրահեղ ազգայնական պետություններ։

Բազմաթիվ այլ ժողովրդավարական երկրների նման՝ Ուկրաինայում արմատական ազգայնական շարժումները չունեն ժողովրդական լայն աջակցություն, և նրանց ներկայացուցիչները չեն զբաղեցնում առանցքային պաշտոններ կառավարությունում։

Ուկրաինայում ամենից հայտնի ծայրահեղ ազգայնական «Սվոբոդա» կուսակցությունը ուշադրության կենտրոնում հայտնվեց երկրի ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք։ 2012 թվականի ընտրություններում այն ստացավ ընտրողների ձայների 10,45%-ը և Գերագույն ռադայում՝ Ուկրաինայի խորհրդարանում, 450 տեղերից 37-ը։

2019 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նախագահ Զելենսկիի օրոք, «Սվոբոդա»-ն միավորվեց երկու այլ ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների՝ «Աջ սեկտորի» և «Ազգային կորպուսի» հետ։

Չնայած այդ քայլին, ծայրահեղ ազգայնական կազմակերպությունները միասին ստացան ընտրողների ձայների ընդամենը 2,15%-ը՝ 450 տեղանոց խորհրդարանում զբաղեցնելով ընդամենը մեկ աթոռ։

Այս ամենի ֆոնին հայտնի է, որ Ռուսաստանում բազմաթիվ են օրինակները, երբ ծայրահեղ ազգայնականներն աշխատում են պետական և ռազմական կառույցներում՝ հաճախ ուղղակիորեն ազդելով Կրեմլի ներքին և արտաքին քաղաքականության վրա։