ԱՄՆ-ում նախապատրաստվում են Վաշինգտոն-Սեուլ-Տոկիո գագաթնաժողովին

Բայդենը Քեմփ Դեյվիդում կհյուրընկալի Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդներին: Ակնկալվում է, որ եռակողմ գագաթնաժողովը կհանգեցնի պաշտպանության, տեխնոլոգիական և տնտեսական անվտանգության ուղղությամբ Վաշինգտոնի և նրա երկու դաշնակիցների միջև համագործակցության ամրապնդման նպատակով:

Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների և միջուկային ծրագրերը, Չինաստանի ընդլայնվող ազդեցությունը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Փհենյանի, Մոսկվայի և Պեկինի միջև աճող կապերն ու այլ մարտահրավերները կքննարկվեն ԱՄՆ-ի, Ճապանիայի ու Հարավային Կորեայի առաջնորդների առաջիկա եռակողմ գագաթնաժողովին:

Ճապոնիայում այս մայիսին կայացած հանդիպումից հետո, երեք երկրների առաջնորդները վերևստին կհանդիպեն՝ այս ուրբաթ, Քեմփ Դեյվիդում, ուր, ինչպես հայտնի է, նախկինում բազմիցս հյուրընկալվել են օտարերկրյա ղեկավարներ:

«Կտեսնեք մի քանի կոնկրետ քայլեր, որոնք մենք ձեռնարկում ենք՝ հզորացնելու մեր կարողությունները, ապահովելու մեր երեք երկրների ու ավելի լայն՝ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը:

Ենթադրվում է՝ խոսքը հյուսիսկորեական հրթիռների դեմ նախազգուշացման համակարգի հզորացման, միջուկային զենքի տարածման դեմ պայքարի, համատեղ զորավարժությունների և կիբերանվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին է։

Your browser doesn’t support HTML5

Բայդենը Քեմփ Դեյվիդում կհյուրընկալի Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդներին

Սա կարևոր պահ է Սեուլի և նրա նախկին գաղութատեր Տոկիոյի՝ պատմականորեն բարդ հարաբերություններում:

«Այժմ Կորեան և Ճապոնիան գործընկերներ են, որոնք կիսում են համընդհանուր արժեքներ և հետապնդում են ընդհանուր շահեր»,- ասել է Յուն Սուկ Յոլը՝ Հարավային Կորեայի նախագահը:

Քննարկումների առանցքում են նաև լինելու Չինաստան կիսահաղորդիչների արտահանման արգելափակման ուղղությամբ համագործակցությունը և տնտեսական անվտանգության այլ հարցեր:

«Չինաստանը դեմ է երկրներից խմբերի ձևավորմանը, հակասությունները սրելուն և այլ երկրների ռազմավարական անվտանգությունը վտանգի ենթարկելու գործելակերպին»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վանգ Վենբին:

Ուրբաթօրյա գագաթնաժողովը բխում է Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական ռազմավարությունից՝ ձևավորել ինստիտուցիոնալ համագործակցություն, որը կկրի շարունակական բնույթ՝ անկախ երեք դաշնակից երկրներում ղեկավարության փոփոխությունից: